Մատչելիության հղումներ

Որոշ երկրներ փորձում են բարձր ակնկալիքներ ձևավորել ապրիլի 5-ից առաջ՝ հիասթափություն առաջացնելու համար. Կոստանյան


Նիկոլ Փաշինյան, Ուրսուլա Ֆոն դեր Լայեն, Էնթոնի Բլինքեն
Նիկոլ Փաշինյան, Ուրսուլա Ֆոն դեր Լայեն, Էնթոնի Բլինքեն

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումն առավելապես տնտեսական, հումանիտար հարցերին է վերաբերելու, լրագրողներին այսօր ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Քննարկելու ենք Հայաստան- ԵՄ և Հայաստան- ԱՄՆ երկկողմ, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Հանդիպումը մեծապես ուղղված է Հայաստանի տնտեսական հնարավորություններին, կարողությունների բարձացմանը», - նշեց նախարարի տեղակալը։

Միաժամանակ, ըստ նրա՝ պետք չէ սա աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն դարձնել. - «Իհարկե այն շատ կարևոր միջոցառում է մեզ համար, բայց նաև պետք է փորձենք ճիշտ կառավարել այն ակնկալիքները, որոնք կան։ Որովհետև շատ հաճախ պետությունները, կամ կողմերը, որոնք դեմ են այս ֆորմատով մեր համագործակցությանը, մեդիադաշտում փորձում են ստեղծել առավել մեծ ակնկալիքներ, քան վաղվա միջոցառումից կարելի է ունենալ՝ հետագայում հանրության մոտ որոշակի հիասթափություն առաջացնելու համար։ Կարծում եմ՝ վաղը շատ սոլիդ հանդիպում կունենանք»։

Արձագանքելով Ադրեջանի նախագահի այն դիտարկմանը, թե Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում, Հայաստանի փոխարտգործնախարարը նման մեկնաբանությունը բացարձակապես անընդունելի համարեց. - «Դա մեր սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընեկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ»։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ գործընկերները թե տնտեսական դիմակայանությունը բարձրացնելու, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար աջակցություն կտրամադրեն։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, անդրադառնալով Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, այդ հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:

Պաշտոնական Երևանն էլ հայտարարել է, որ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG