Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը


ԵՄ կենտրոնակայանում կայացավ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։

Ավելի վաղ Շառլ Միշելը առանձին հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Կարևորելով առաջիկա հանդիպումը՝ Բրյուսելում ավելի վաղ ընդգծել էին, որ բեկումնային առաջընթաց չեն ակնկալում։

«Կարծում եմ՝ մենք պետք է համեստ լինենք ակնկալիքներում, թե կիրակի երեկոյան կարող է խաղաղության համապարփակ փաստաթուղթ ստորագրվել։ Դրա համար դեռ երկար ժամանակ և աշխատանք կպահանջվի», - «Ազատությանն» ասել էր եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով։

Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ. ևս մեկն էլ նախատեսված էր դեկտեմբերին, սակայն Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե հայկական կողմը պահանջում է պահպանել այդ քառակողմ ձևաչափը, ինչին ինքը դեմ է։

Ամիսներ շարունակ, ինչպես դիվանագիտական աղբյուրներն են նշում, Երևանը պնդում էր Մակրոնի մասնակցության անհրաժեշտությունը, Ալիևը՝ մերժում, Բրյուսելն էլ փորձում էր կողմերի համար ընդունելի տարբերակ գտնել։ Արդյունքում, հայկական կողմը համաձայնել է հանդիպել եռակողմ ձևաչափով, ինչպես Բաքուն էր պահանջում։ Մյուս կողմից, հայտարարվել էր, որ դրանից հետո ևս մեկ հանդիպում էլ կլինի հունիսի 1-ին՝ Քիշնեևում, ընդ որում, ոչ միայն Մակրոնի, այլև՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի մասնակցությամբ։ Սակայն, Բաքուն հայտարարեց, թե այդ հանդիպմանն Ալիևը կարող է և չմասնակցել, իսկ եթե մասնակցի, ապա՝ պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։

XS
SM
MD
LG