Մատչելիության հղումներ

Եթե Վաշինգտոնը չկատարի իր պարտավորությունները, ԵՄ-ի համար դժվար կլինի շարունակել օգնությունը Կիևին. Բլինքեն


Ուկրաինայի զինված ուժերը հերքում են Խարկովի մարզի Տաբաևկա գյուղի գրավման մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունները: Բանակը միաժամանակ նշում է, որ ռուսները շարունակում են ակտիվ գրոհները ճակատի բոլոր ուղղություններով։

Իրավիճակն առաջնագծում էլ ավելի է բարդանում զենք-զինամթերքի պակասի պատճառով, որն առավել տեսանելի է դարձել վերջին շաբաթներին, քանի դեռ Վաշինգտոնում ու Բրյուսելում չեն կարողանում համաձայնության գալ Կիևին նոր օգնություն տրամադրելու շուրջ: Դրա հետևանքներն արդեն ակնհայտ են, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը:

«Մենք այժմ սպառել ենք Ուկրաինային տրամադրած ռազմական օգնությունը, և մենք նույնիսկ տեսնում ենք որոշ ապացույցներ, թե ինչպես է դա ազդում մարտի դաշտի վրա», - նշել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ եթե Վաշինգտոնը չկատարի իր պարտավորությունները, Եվրամիության և այլ երկրների համար դժվար կլինի «շարունակել օգնությունը Կիևին»։ Միաժամանակ Բլինքենը վստահություն է հայտնել՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ի վերջո կհաստատի Ուկրաինային օգնության բյուջեն։

Առայժմ, սակայն, ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները արգելափակում են Ուկրաինային հավելյալ օգնություն ուղարկելու՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկը։

«Զալուժնիի պաշտոնանկությունն անխուսափելի է»

Այս ֆոնին երեկ երեկոյան Ուկրաինայի մի շարք լրատվամիջոցներ, Գերագույն ռադայի պատգամավորներ հայտարարեցին, թե նախագահ Զելենսկին պաշտոնանկ է արել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, ով, տարբեր հարցումների համաձայն, այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայում։ Լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն ասում է, թե Զալուժնիի պաշտոնանկությունը ժամանակի հարց է:

«Զալուժնիի պաշտոնանկությունն անխուսափելի է, սա միայն ժամանակի հարց է: Քաղաքական առումով նրա պաշտոնանկությունը ձեռնտու չէ Զելենսկիին, ավելորդ հարցեր ու խնդիրներ կառաջացնի։ Սակայն սա հոգեբանական խնդիր է։ Կարծում եմ՝ Զելենսկին պարզապես արդեն չի կարողանում աշխատել Զալուժնիի հետ», - նշել է քաղաքագետը:

Առանցքային խնդիրը Զալուժնիի և Զելենսկու միջև ռազմաճակատում արձանագրվող բացասական զարգացումներն են, ասում է քաղաքագետը՝ հավելելով՝ թեև Վլադիմիր Զելենսկին հասկանում է, որ հիմնական խնդիրը սպառազինության պակասն է, նրանց աշխատանքը մի թիմում անհնար է դարձել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում Զալուժնիի անվերահսկելի ակտիվության պատճառով։

Զելենսկի-Զալուժնի տարաձայնությունները հրապարակային դարձան անցած աշնանը, երբ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը հոդված հրապարակեց բրիտանական «Էկոնոմիստ»-ում, պնդելով, թե արդեն շուրջ երկու տարի շարունակվող պատերազմը փակուղի է մտել, և որ Ուկրաինան պետք է փոխի թե՛ մարտավարությունը, թե՛ պատերազմում կիրառվող զենքերը, հակառակ դեպքում ժամանակը կաշխատի հօգուտ Կրեմլի։

Զելենսկին հրապարակավ Զալուժնիի հետ տարաձայնություններից չի խոսում, սակայն վերջին շաբաթներին նույնպես հայտարարել է, թե ճակատում բարդ իրավիճակ է և կա արևտմյան սպառազինության պակաս, հորդորելով դաշնակիցներին հնարավորինս արագ ուղարկել այդ օգնությունը։ Միաժամանակ Զելենսկին շարունակում է պնդել, թե Ուկրաինան այս պատերազմում հաղթելու է Ռուսաստանին և ազատագրելու է իր գրավված տարածքները և բացառում է զիջումներ ենթադրող բանակցությունները։

Ուկրաինացի փորձագետները նաև նկատում են, որ դեռևս անցած աշնանը Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը հայտարարել էր նոր մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին, Զելենսկին, սակայն, մոբիլիզացիայի մասին հրամանագիրը չի ստորագրել, իսկ մոբիլիզացիայի մասին օրինագիծը ուղարկվել է կառավարության խմբագրման։ Բանակն ասում է, թե առնվազն կես միլիոն զինվորներն էր պետք արդեն երկու տարի տևող այս պատերազմը շարունակելու համար։ Իսկ Վլադիմիր Զելենսկին երեկ կոչ արեց Ուկրաինան լքած տղամարդկանց վերադառնալ հայրենիք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG