Մատչելիության հղումներ

Տարաձայնություններ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և ԶՈՒ հրամանատարի միջև


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի (աջից) և ԱԽ քարտուղար Օլեքսի Դանիլով, Դնեպր, 27-ը հուլիսի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի (աջից) և ԱԽ քարտուղար Օլեքսի Դանիլով, Դնեպր, 27-ը հուլիսի, 2023թ.

Ուկրաինայում երկրորդ օրն է՝ ամենաքննարկվող հարցերից մեկը զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հնարավոր հրաժարականն է։ Այդ մասին առաջինը գրել էր Ռադայի ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Արիևը Facebook-ում, ինչը մեծ արձագանք էր ստացել մամուլում և սոցցանցերում։ Փորձագետները նշում էին՝ գեներալ Զալուժնիի հրաժարականը միանշանակ չի ընդունվի, հատկապես՝ բանակում: Մեկ ժամ չանցած Արիևը նոր գրառում արեց, թե նրա հրաժարականի մասին տեղեկությունը չի հաստատվում։

Պաշտոնական աղբյուրները միաժամանակ չեն թաքցնում, որ Զալուժնիի և Ուկրաինայի քաղաքական իշխանության միջև տարաձայնություններ կան։ Դրանք առավել ակնհայտ դարձան, երբ հեղինակավոր The Economist ամսագրում հրապարակվեց Զալուժնիի հոդվածը, որտեղ գեներալն ահազանգում էր, թե պատերազմը կարող է վերածվել մաշեցնող դիրքային հակամարտության, որը ձեռնտու է Ռուսաստանին և վտանգավոր Ուկրաինայի համար։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել էր, թե գեներալի որոշ հայտարարություններ «հեշտացնում են ագրեսորի աշխատանքը» և «խուճապ են առաջացնում Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների մոտ»։

Ինքը՝ պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին, օրեր առաջ Կիևում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե ճակատում իրավիճակը փակուղային չի համարում։

Ռազմական հարցերով ուկրաինացի փորձագետ Սերգեյ Զգուրեցը, իր հերթին, պնդում է՝ Զալուժնին այս հոդվածը գրել է ամերիկացիների համար, շատ լավ հասկանալով, որ պատերազմում այս փուլում ու նաև հաջորդ տարի շատ բան կախված կլինի Վաշինգտոնի դիրքորոշումից ու օգնությունից։

«Մենք բախվել ենք ոչ թե տեխնոլոգիական, այլ՝ քաղաքական փակուղու, երբ ամերիկացի գործընկերների դիրքորոշումը եղել է օգնել Ուկրաինայի պաշտպանությանը, բայց խաղադրույք չանել Ռուսաստանի պարտության վրա։ Այս մոտեցումն ազդել է ամերիկյան օգնության տեմպերի, մատակարարումների ծավալների և ժամկետների վրա: Հետևաբար՝ հաջորդ տարվա արշավը մեծապես կախված է լինելու, առաջին հերթին, Միացյալ Նահանգների պատրաստակամությունից՝ փոխելու մոտեցումները ուկրաինական բանակին տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցում», - ընդգծում է Զգուրեցը:

Վերջին շաբաթներին, հատկապես՝ Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության սրացման ֆոնին, բազմաթիվ են հրապարակումները, թե աշխարհը հոգնել է Ուկրաինայից։ Կիևին ռազմական աջակցություն տրամադրելու փաթեթը դեռ քննարկվում է Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև, որոշ փորձագետներ էլ պնդում են, որ ուկրաինական բանակը չկարողացավ ճեղքել ռուսական պաշտպանությունը ոչ հարավում, ոչ էլ արևելքում:

Անվտանգության ու արտաքին քաղաքականության գծով ուկրաինացի փորձագետ Ալեքսանդր Խարան, սակայն, համաձայն չէ այդ գնահատականներին:

«Շատ հաճախ օգնություն է ցուցաբերվել ուշ, և ոչ մեր խնդրած ծավալով, սա՝ մեկ: Եվ երկրորդը՝ մենք պատերազմում ենք 140 միլիոնի և մետաղի ջարդոնի հետ, որ կուտակվել է գրեթե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից և այժմ մեզ վրա է նետվում։ Մեկ այլ կարևոր կետ. նրանք մեզ տրամադրում են որոշակի արդիական համակարգեր, բայց չեն տալիս մեզ ամենավերջինները։ Վաշինգտոնում ուղղակի պետք է որոշում կայացնել, որ իրականում Ուկրաինա տեղափոխելու համար արգելված համակարգեր չկան։ Իհարկե՝ բացառությամբ ռազմավարական միջուկային զենքի և նման բաների», - ասում է Խարան:

Այս քննարկումների ֆոնին վերջին շաբաթներին Ուկրաինայում օրակարգ էր եկել հերթական նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ուկրաինացի ընդդիմադիրները պնդում էին, թե Զելենսկին չի կարողացել ապահովել դաշնակիցների անհրաժեշտ աջակցությունը, Զալուժնին էլ չի կարողացել ապահովել ուկրաինական բանակի առաջխաղացումը։ Նախագահը, այդուհանդերձ, ընդգծեց՝ ընտրությունները, որ ըստ օրենքի նախատեսված են մարտին, չեն կայանա, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։

«Այժմ՝ պատերազմի ժամանակ, երբ կան բազմաթիվ մարտահրավերներ, բացարձակապես անպատասխանատու է ինչ-որ կերպ, այդքան անլուրջ և զվարճալի ձևով քննարկել ընտրությունների թեման: Ուկրաինական հասարակության և պետության գլխավոր խնդիրը կենտրոնանալն է պաշտպանության վրա», - հայտարարեց Վլադիմիր Զելենսկին:

Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ հասկանում և ընդունում են Զելենսկու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG