Մատչելիության հղումներ

Իլ-76-ի «սև արկղերը» ռուսական ռազմական լաբորատորիայում են


Ռուսաստան - Իլ-76 օդանավի կործանումը, Բելգորոդի մարզ, 24-ը հունվարի, 2024թ.
Ռուսաստան - Իլ-76 օդանավի կործանումը, Բելգորոդի մարզ, 24-ը հունվարի, 2024թ.

«Սև արկղերը» բավարար վիճակում են, տվյալների վերծանումը խնդիր չի առաջացնի

Մոսկվայում ռազմական լաբորատորիայի մասնագետներն այսօր սկսել են ուսումնասիրել Բելգորոդի մարզում հունվարի 24-ին կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի երկու «սև արկղերը»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, որ երկու սարքերն էլ բավարար վիճակում են, և դրանց գրանցած տվյալների վերծանումը տեխնիկապես լուրջ խնդիրներ չի առաջացնի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Իլ-76-ի կործանումն անվանել է ահաբեկչական գործողություն:

Մոսկվայի հաղորդմամբ, Չկալովսկ-Բելգորոդ չվերթը կատարող Իլ-76-ի աղետի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 74 մարդիկ՝ անձնակազմի 6 անդամները, 3 ուղեկցողները և 65 ուկրաինացի ռազմագերիները, որոնց պետք է օրվա երկրորդ կեսին «Կոլոտիլովկա» անվամբ անցակետի մոտ փոխանակեին ռուսաստանցի ռազմագերիների հետ:

Ամերիկյան Patriot կամ գերմանական IRIS-T

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Խարկովի շրջանի Լիպցի բնակավայրի տարածքից օդանավի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ: Թե ինչ տեսակի ՀՕՊ է աշխատել՝ այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ:

Ռուսաստանի Պետական դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտոպոլովի կարծիքով, օդանավը խոցվել է կա՛մ Patriot տեսակի ամերիկյան արտադրության հրթիռով, կա՛մ IRIS-T տեսակի գերմանական հրթիռով:

Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է կազմել ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի Բունդեսթագին հասցեագրված ուղերձներ:

«Բեկորները կարծես մաղով էին անցկացրել»

Conflict Intelligence Team վերլուծական խմբի փորձագետ Ռուսլան Լևիևի փոխանցմամբ, ակնհայտ է, որ օդանավը վայր է ընկել ոչ թե տեխնիկական անսարքության, այլ հենց արտաքին ուժի հարվածի ենթարկվելու հետևանքով:

«Բեկորների տեսագրությունը վկայում է, որ դրանք ջախջախվել, կարծես մաղով են անցկացվել, շատ ծանր վնասվել են հակաօդային հրթիռի պայթյունից, ուստի վստահ կարող ենք բացառել տեխնիկական խնդիրը կամ պայթյունն օդանավի ներսում, օդանավը հաստատ խոցվել է, և երկու կողմերն էլ ունեն դա անելու տեխնիկական հնարավորություններ», - ասել է Լևիևը:

Կիևն ուղղակի չի ընդունել օդանավը վայր գցելու պատասխանատվությունը, և պահանջում է միջազգային հետաքննություն:

Այդ օրը երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառել են ԱԹՍ-ներ

Ուկրաինայի ռազմական հետախուզության ծառայության պաշտոնյա Անդրիյ Յուսովի փոխանցմամբ, հունվարի 24-ին այդ շրջանում շատ ակտիվ են աշխատել թե՛ ռուսական և թե՛ ուկրաինական անօդաչուները:

«Ուկրաինան կիրառել է հետախուզական ԱԹՍ-ներ Բելգորոդի շրջանում, ռուսները կամիկաձե դրոններ են կիրառել, ռուսները նաև ընդունել են, որ իրենց ՀՕՊ-ն աշխատել է ուկրաինական անօդաչուների դեմ», - ասել է Յուսովը:

Այդօրինակ մեկնաբանություններով ուկրաինական կողմը կարծես ակնարկում է, թե ի՞նչ իմանաս, գուցե հենց ռուսնե՞րն են վայր գցել Իլ-76-ը:

Մոսկվան հայտնել է, թե օդանավի աղետից 15 րոպե առաջ ուկրաինական կողմին տեղեկացրել էր, որ այդ շրջանին է մոտենում ուկրաինացի ռազմագերիներով Իլ-76-ը:

Կիևը պնդում է, որ ոչ մի հաղորդագրություն ռուսներից չի ստացել, և որ ընդհանրապես փոխանակումներից առաջ կողմերը շատ ավելի վաղ են միմյանց ծանուցումներ ուղարկում և համաձայնեցնում տրանսպորտային միջոցների անվտանգության հարցերը:

«Պահանջում ենք միջազգային հետաքննություն»

Ուկրաինան հավատացնում է, որ ամեն կերպ կնպաստի հետաքննությանը: Այդ մասին ասել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրո Լուբինեցը: Նրա խոսքով՝ այս պահին ինքը չի կարող վստահ պնդել, որ օդանավում ռազմագերիներ են եղել:

«Մենք պահանջում ենք միջազգային հետաքննություն: Այսօր ես համապատասխան նամակներով դիմում եմ ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը», - հայտարարել է օմբուդսմենը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ամպագոռգոռ հայտարարություններ կանի, սակայն ոչ մեկին թույլ չի տա հետաքննության համար մտնել իրենց տարածք և ոչ մի նյութ կամ նմուշ փորձաքննության համար չի տրամադրի, քանի որ նպատակն է պարզապես ամեն ինչում մեղադրել Կիևին:

XS
SM
MD
LG