Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա և այդ այցի արդյունքները Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջ են բացում, X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։
Չորեքշաբթի օրը Էբրահիմ Ռայիսին ժամանեց Անկարա։ Նրա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Թեհրանն ու Անկարան համագործակցության 10 փաստաթուղթ ստորագրեցին, այդ թվում՝ մշակութային, երկաթուղային և օդային տրանսպորտների հաղորդակցության, էներգետիկ և տնտեսական ոլորտներին վերաբերող։
«Այդ ամաձայնագրերը երկկողմ հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում են, այդ թվում՝ առևտրի, ներդրումային, տնտեսական, մաքսային, արդյունաբերության, ազատ առևտրային գոտիների ընդլայնման, մշակութային, զբոսաշրջության, սահմանների անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ», - գրել է Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։
Իրանական MEHR գործակալությունը նշում է, որ Ռայիսին Անկարայում հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան նպատակ ունեն երկկողմ առևտուրը հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի՝ ընդգծելով Թուրքիայի դերը՝ որպես առանցքային տնտեսական գործընկեր։
Ռայիսին նաև ասել է, որ Իրանը և Թուրքիան տարածաշրջանի երկու ծանրակշիռ ուժերն են, որոնք կարող են համատեղ աշխատել՝ տարածաշրջանային և նույնիսկ միջազգային խնդիրների կարգավորման ուղղությամբ: