Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, այսօր պաշտոնական այցով ժամանում է Անկարա, հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը՝ հրապարակելով նաև Ռայիսիի այցի ժամանակացույցը։
Էրդողանի ու Ռայիսիի նախագահությամբ կանցկացվի Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։ Նիստում կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները, համագործակցությունը խորացնելու քայլեր։ Օրակարգում նաև տարածաշրջանային, ինչպես նաև Գազայի հարցն է։
Ըստ թուրքական կողմի՝ նախատեսվում է նաև երկկողմ հարաբերությունների պայմանագրային հիմքերի հետագա ամրապնդմանն ուղղված տարբեր փաստաթղթերի ստորագրում։
Իրանի նախագահի պաշտոնական կայքէջն իր հերթին փոխանցում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռայիսին «Աքսարայի» պալատում առանձնազրույց կունենա Էրդողանի հետ, կանցկացվի Իրան-Թուրքիա համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը, համագործակցության փաստաթղթեր կստորագրվեն, ապա երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Իրանի նախագահի այցը Թուրքիա նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն այն հետաձգվեց՝ «երկու երկրների արտգործնախարարների գրաֆիկների պատճառով»․ այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մահմեդական երկրների «կոնտակտային խմբի» կազմում:
Ավելի ուշ հաղորդվեց, որ Ռայիսին Անկարա կմեկնի հունվարի 4-ին, սակայն այդ այցն էլ չեղարկվեց՝ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյուններից հետո։