Մատչելիության հղումներ

Տատարսկու սպանության գործով մեղադրվող Դարյա Տրեպովան դատապարտվեց 27 տարվա ազատազրկման


Ռուսաստան - Դարյա Տրեպովան դատավճռի հրապարակման ժամանակ, 25-ը հունվարի, 2024թ.
Ռուսաստան - Դարյա Տրեպովան դատավճռի հրապարակման ժամանակ, 25-ը հունվարի, 2024թ.

Ռուսաստանի զինվորական դատարանը 2023 թվականի ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկու (Մաքսիմ Ֆոմին) ահաբեկչական սպանության գործով Դարյա Տրեպովային դատապարտել է 27 տարվա ազատազրկման: Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։

26-ամյա Տրեպովան մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205՝ «ահաբեկչական գործողություն», 222.1՝ «պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառություն», և 327՝ «կեղծ փաստաթղթի օգտագործումը մեկ այլ հանցագործությունը թաքցնելու համար», հոդվածներով։

Անցյալ տարվա ապրիլի 2-ին Տրեպովան «Կիբեր Ֆրոնտ Z» սրճարանում Տատարսկու ստեղծագործական երեկոյի ընթացքում նրան է փոխանցել պայթուցիկով արձանիկ, որն ակտիվացվել է հեռախոսազանգի միջոցով։ Պայթյունի հետևանքով լրագրողը զոհվել է, ևս 52 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Տատարսկին հայտնի էր իր խիստ հակաուկրաինական կեցվածքով և հանդես էր գալիս որպես «հատուկ ռազմական օպերացիայի» երդվյալ աջակից:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պնդմամբ՝ ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները և նրանց գործակալները։ Մասնավորապես, ըստ ռուսական կողմի, «ահաբեկչության գործիք արձանիկը Տրեպովային տվել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը, ով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Տատարսկու մասին»: Անմիջապես ահաբեկչությունից հետո Դենիսովն օդանավով մեկնել է Թուրքիա և հիմա հետախուզվում է:

Տրեպովան ընդունել է իր մեղքը միայն կեղծ փաստաթուղթ օգտագործելու հոդվածով և շարունակում է պնդել, որ ոչինչ չի իմացել արձանիկում տեղադրված պայթուցիկի մասին:

XS
SM
MD
LG