Մատչելիության հղումներ

Կարևոր է բաց չթողնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորությունը․ վերլուծաբան


Այժմ կա պատմական հնարավորություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Ռուսաստանի գծով ավագ վերլուծաբան Օլեգ Իգնատովը՝ շեշտելով՝ կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը։

Վերլուծաբանի հետ հարցազրույցից մի հատվծ ներկայացնում ենք ստորև․

Հրայր Թամրազյան․ - Պարոն Իգնատով, այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դատելով Իլհամ Ալիևի հայտարարություններից՝ հանդիպումը հաջող է անցել։ Հետաքրքիր է նաև, որ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենի հանդիպումից հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում Փաշինյանն ու Ալիևը նշեցին, որ պատմական հնարավորություն կա՝ հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը։ Ես ուղղակի մեջբերում եմ. - «Երկու պետություններն էլ հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը»։ Ի՞նչ եք կարծում, Ջեյմս Օ՛Բրայենը կարողացա՞վ համոզել Իլհամ Ալիևին միանալ Փաշինյանին և նման հայտարարություններ անել։

Օլեգ Իգնատով. - Ես հստակ չգիտեմ, թե ինչ է եղել այնտեղ։ Եթե կարդում ենք հայտարարությունը, ապա շատ է ընդգծվում մի միտք, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել երկկողմ բանակցությունների ընթացքում՝ առանց երրորդ երկրների մասնակցության։ Եվ, հավանաբար, այս իրավիճակում պետք է հավատալ բուն հայտարարության տեքստին, որտեղ ուղղակիորեն ասվում է դա։ Կարծում եմ՝ կարելի է միայն կռահել, թե արդյոք ամերիկացիները կամ Բրյուսելը մասնակցել են այդ պայմանավորվածություններին, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնյաներից որևէ մեկը չհերքի կամ չհաստատի դա։

«Բոլոր միջնորդների համար այնքան էլ էական չէ, թե որտեղ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, այլ արդյունքն է ինքնին կարևոր»

Բայց ինձ կարևոր է թվում այն, ինչ են ասում երկու կողմերը, ես նկատի ունեմ՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը։ Ասում են՝ պայմանագիրը երկկողմանի պայմանավորվածությունների արդյունք է։ Իսկ եթե նայենք Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում արված հայտարարություններին, ինձ թվում է, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության համար այնքան էլ էական չէ, թե ինչպես կստորագրվի խաղաղության պայմանագիրը ու որտեղ կստորագրվի այն։ Կարևոր է հենց այն փաստը, որ այժմ կա իսկապես պատմական հնարավորություն, պատմական շանս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կամ գոնե հարաբերությունների կարգավորումը սկսելու, էթնիկ հակամարտությունը դադարեցնելու, երկկողմ դիվանագիտական, տնտեսական, քաղաքական հարաբերությունները կարգավորելու համար, տարածաշրջանում անվտանգության ընդհանուր իրավիճակը կարգավորելու նպատակով։ Եվ կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը։

Կարծում եմ, որ բոլոր միջնորդները կամ այն երկրները, որոնք միջնորդ են եղել կամ կարող էին հավակնել այս դերին, նկատի ունեմ Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, մոտավորապես նույն բանն են ասում։ Ինձ թվում է՝ Բաքուն մոտավորապես նույն բանն է ասում։ Բաքուն ավելի շատ շեշտը դնում է երկկողմ շփումների վրա և ասում, որ համաձայնություն պետք է ձեռք բերվի երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում։ Բայց ինձ թվում է, որ սկզբունքորեն բոլոր միջնորդների համար այժմ այդքան էլ կարևոր չէ, թե ինչպես և որտեղ այն կլինի, այլ արդյունքն է ինքնին կարևոր։

«Մոսկվայից նեղացվածություն կա կոնկրետ Փաշինյանի հանդեպ»

Հրայր Թամրազյան․ - Մենք տեսնում ենք, թե Ռուսաստանը, կամ նրա առանձին պաշտոնական ներկայացուցիչները, որը էլի կարող ենք ասել Ռուսաստանը, ինչ խանդով և հաճախ անթաքույց չարությամբ է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին՝ պնդելով, որ Արևմուտքը խաբում է Հայաստանին։ Մոսկվան հատկապես կոշտ է քննադատում Ֆրանսիային, որը սկսել է զենք մատակարարել Հայաստանին։ Մի կողմից Ռուսաստանը թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել ԼՂ-ի էթնիկ զտումներ, մյուս կողմից՝ Ռուսաստանը իր անգործության համար մեղադրեց Հայաստանին՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Ինչպե՞ս կարելի է բացատրել Կրեմլի այս պահվածքը։ Մոսկվան վախենո՞ւմ է կորցնել իր հնազանդ դաշնակցին Կովկասում։ Ի՞նչ եք մտածում այս առումով։

Օլեգ Իգնատով. - Ինձ թվում է՝ այստեղ երկու տարբեր բաներ կան։ Նախ՝ նեղացվածություն կա կոնկրետ Փաշինյանի հանդեպ։ Հարաբերությունները հեշտ չեն, և Դուք դա ինձնից լավ գիտեք: Եթե նայեք երկու կողմերի հայտարարություններին, ես նկատի ունեմ Երևանը և Մոսկվան, այո՛, պարզ է, որ այժմ այդ հարաբերությունները հեշտ վիճակում չեն։ Նրանք առանց այն էլ հեշտ չէին։ Բայց, իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, չօգնեց այս իրավիճակին։ Հարաբերություններն էլ ավելի վատացան։ Եվ, իհարկե, դա ազդում է և կազդի Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների վրա։ Երկրորդ կետը Հայաստանի համագործակցությունն է անվտանգության ոլորտում կամ Հայաստանի՝ արևմտյան երկրների հետ անվտանգության հարաբերություններ կառուցելու փորձերը։ Դա այլ պատմություն է: Եվ այստեղ արդեն դեր է խաղում այն, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում այն երկրներին, որոնց հետ սահմանակից է կամ իր նախկին դաշնակիցներին կամ, ասենք, հետխորհրդային երկրներին ընդհանրապես։ Դա շատ կարևոր է։ Եթե նայեք Ռուսաստանի արտաքին քաղաքական դոկտրինին, ապա նա միշտ հստակ նշել է, որ հետխորհրդային երկրները առաջնահերթ ազդեցության գոտի են, և որ նա դեմ է այս տարածքում երրորդ երկրների կամ արտաքին խաղացողների առկայությանը։ Կարելի է հիշել, որ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի ամերիկացիները լքեն Կենտրոնական Ասիան այն բանից հետո, երբ նրանք այնտեղ հայտնվեցին Աֆղանստանի պատերազմի արդյունքում։ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ ամերիկյան բազաները այնտեղ դադարեն գործել։ Եվ հիմա Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը մի կողմից հրավիրում է ԵՄ առաքելությանը տարածաշրջան, իսկ Ռուսաստանը շատ հստակ ասել է, որ դեմ է այս տարածաշրջանում եվրոպական առաքելության ներկայությանը։ Իսկ Հայաստանն ասում է, որ ուզում է անվտանգության այլ հարաբերություններ կառուցել արևմտյան երկրների հետ, այն երկրների հետ, որոնք համաձայն են օգնել Հայաստանին։ Այստեղ սա կրկին հակասության մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության շահերի հետ։ Այստեղ կարծես թե զարմանալի կամ անսպասելի ոչինչ չկա։

«Ռուսաստանը Հարավային Կովկասում գլխավոր խաղացողը չէ»

Հրայր Թամրազյան․ - Հիմա խոսենք բանակցային գործընթացի մասին։ Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքի օգնությամբ թույլ չտա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը։ Ռուսաստանը մտավախություն ունի, որ եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ, դա կարող է խաթարել նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Մոսկվան ցանկանում է ամեն գնով մնալ Հարավային Կովկասի գլխավոր ուժը և չի ցանկանում Արևմուտքին Կովկաս թողնել, չի ցանկանում, որ Արևմուտքը խառնվի այս տարածաշրջանի գործերին։ Բայց արդյո՞ք սա հնարավոր է։

Օլեգ Իգնատով. - Սա շատ բարդ հարց է, և դրա պատասխանը կարող է շատ երկար լինել: Կփորձեմ համառոտ ձևակերպել։ Նախ, Ռուսաստանը...

Հրայր Թամրազյան․ - Կներեք, բայց սա ամենակարևոր հարցն է։ Հիմա Հայաստանում շատերն են ուզում կոնկրետ այս հարցի շուրջ վերլուծություն լսել։ Եթե հնարավոր է, ավելի մանրամասն պատասխանեք։

Օլեգ Իգնատով. - Ես կփորձեմ բացատրել, թե ինչպես եմ ես տեսնում իրավիճակը և ինչպես են տեսնում իրավիճակը Մոսկվայից։ Նախ, Ռուսաստանը Հարավային Կովկասում գլխավոր խաղացողը չէ։ Հարավային Կովկասում կա Թուրքիա, իսկ հիմա նաև՝ Ադրբեջան։ Այո՛, շատ դժվար է ասել, որ նա տարածաշրջանային առաջատար խաղացողներից չէ։ Նա այդպիսին դարձավ։ Այո՛, սա ուժեղ պետություն է։ Կա ուժեղ Թուրքիա, և Ռուսաստանը պետք է հաշվի առնի այդ երկրների շահերը տարածաշրջանում։ Ի վերջո, կա Իրան, որը նույնպես իր հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ։ Ինձ թվում է, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ Ռուսաստանը առաջատար խաղացող է կամ եղել Հարավային Կովկասում։ Ավելին, Մոսկվայում և ռուս դիվանագետների ու պաշտոնյաների հետ իմ ունեցած զրույցներից կարող եմ եզրակացնել, որ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում միշտ գերագնահատվել է։ Այո՛, Ռուսաստանը ռազմական ներկայություն ուներ և ունի Վրաստանում։ Նկատի ունեմ Վրաստանի օրինական տարածքում՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում։ Իսկ Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմական ներկայությունն ավելի մեծ է, քան Հայաստանում։ Այո՛, Ռուսաստանը Հայաստանում ռազմական ներկայություն ունի և ունեցել է։ Այո՛, Ռուսաստանը Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Ռուսաստանը Հայաստանի հետ երկկողմանի հարաբերություններ ունի, Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմական ներկայություն, համագործակցություն անվտանգության ոլորտում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Վրաստանին՝ Թբիլիսիին, ապա Ռուսաստանը միշտ էլ շատ բարդ հարաբերություններ է ունեցել այդ երկրների հետ։ Ինչպես տեսնում ենք այս հակամարտությունից, հակամարտության ընթացքում Ռուսաստանի վարքագծից, Ռուսաստանի ազդեցությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի վրա բավականին սահմանափակ է։ Ավելին, Ռուսաստանը պետք է հաշվի առնի նրանց շահերն այս տարածաշրջանում։ Ռուսաստանը պետք է ընդունի նրանց շահերը տարածաշրջանում և որպես փաստ ընդունի, որ այդ երկրներն ուժեղ խաղացողներ են, ունեն իրենց շահերը, որ նրանք ազդում են տարածաշրջանի վրա։ Եվ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Այն պետք է հարմարվի Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի շահերին։ Եվ այս իրավիճակում դժվար է ասել, որ Ռուսաստանն առաջատար խաղացող է։ Նա տարածաշրջանի խաղացողներից մեկն է։ Եվ ինձ թվում է, դասը, որը Ռուսաստանը քաղեց Ղարաբաղում տեղի ունեցածից, այն է, որ ռուսական ազդեցությունը սահմանափակ է, և որ Ռուսաստանը պետք է հարմարվի տարածաշրջանի մյուս խաղացողների շահերին, լսի նրանց և ընդունի նրանց, որովհետև դրանից ավելին Ռուսաստանը պարզապես չի կարող անել:

Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացին, այո՛, Ռուսաստանը բազմիցս ասել է, որ կցանկանար, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը ստորագրվեր Ռուսաստանում՝ Մոսկվայում, Սոչիում, Ռուսաստանի տարածքում։ Կարծում եմ, երբ 2020 թվականին Ռուսաստանը միջնորդ էր հանդես գալիս այս եռակողմ համաձայնագրում, Հայաստանի և Ադրբեջանի միջև իր մասնակցությամբ պայմանագրում, նա նաև պատկերացնում էր կամ ենթադրում, որ ի վերջո այդպես է լինելու, որ Ռուսաստանը լինելու է հիմնական միջնորդը այս տարածաշրջանում, որ համաձայնագրի արդյունքում Ռուսաստանը ռազմական ներկայություն է ստանում Ադրբեջանի տարածքում, այն տարածքում, որ նա համարում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք, և որ երկկողմ հարաբերությունների կարգավորման, տնտեսական կապերի ապաշրջափակման արդյունքում, Ռուսաստանը կլինի տարածաշրջանում նոր ստատուս քվոյի երաշխավորը, երբ սահմանները քիչ թե շատ բաց լինեն, երբ գործարկվեն տրանսպորտային կապերը, վերականգնվեն տնտեսական կապերն ու դիվանագիտական շփումները, և Ռուսաստանը կմնա այդպիսի երաշխավոր։ Բայց մենք տեսնում ենք, որ ռուսական այս ռազմավարությունը չաշխատեց։ Ռուսաստանը չկարողացավ դիմակայել կամ չկարողացավ փաստարկներ գտնել Ադրբեջանին զսպելու համար։ Չստացվեց: Այսինքն՝ այն, ինչ ծրագրել էր Ռուսաստանը 2020 թվականին, ակնհայտորեն չաշխատեց։ Եվ հիմա ինձ թվում է, որ Մոսկվան այն վիճակում է, որտեղ պետք է վերագնահատի իր ռազմավարությունը։ Նա պետք է ընդունի իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա:

Իսկ ի՞նչն է ամենաշատը բխում Մոսկվայի շահերից․ իհարկե, Մոսկվայի շահերից է բխում, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ռուսաստանը չի ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ պատերազմ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանը Ադրբեջանից։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կան անվտանգության երկկողմ համաձայնագրեր։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև էլ կան նման պայմանագրեր։ Այսինքն՝ Ռուսաստանը հայտնվում է ամենաանհարմար իրավիճակում, եթե երկու երկրների միջև լիարժեք հակամարտություն առաջանա։ Այս իրավիճակն անընդունելի և ամենաանցանկալին է Ռուսաստանի համար։ Եվ հետևաբար, Ռուսաստանը հիմա ի՞նչ է ուզում անել, ի՞նչ է ասում։ Նա ասում է նույնը, ինչ ասում է Արևմուտքը. մեզ պետք է խաղաղության պայմանագիր, մեզ երաշխիքներ են պետք, որ պատերազմ այլևս չի լինի, պետք է բացել տրանսպորտային ուղիները, որպեսզի երկու երկրները կարողանան վերականգնել տնտեսական հարաբերությունները, որպեսզի նրանք կարողանան մերձենալ, առևտուր անել միմյանց հետ, որպեսզի երկու երկրներում էլ շահագրգռվածություն լինի խաղաղության հանդեպ, որպեսզի հայտնվեն խաղացողներ, ովքեր շահագրգռված կլինեն նոր ստատուս քվոյով։ Իսկ Ռուսաստանը, անշուշտ, ցանկանում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Ղարաբաղին, ապա դա բարդ հարց է։ Հավանաբար, եթե հայերը չվերադառնան Ղարաբաղ, ապա ռուս խաղաղապահները, ամենայն հավանականությամբ, կլքեն կամ ստիպված կլինեն լքել այս այս տարածաշրջանը։ Սա այլ իրավիճակ է։ Եվ, իհարկե, Ռուսաստանը դա չէր ուզում 2020 թվականին։ Եվ այլևս նշանակություն չունի, թե որտեղ կկնքվի այս խաղաղության պայմանագիրը։ Իհարկե, եթե այն կնքվի Մոսկվայում, դա իդեալական իրավիճակ կլինի Ռուսաստանի համար։ Եթե այս պայմանագիրը կնքվի Թբիլիսիում, Մոսկվան դա կընդունի որպես փաստ։ Եթե այս պայմանագիրը կնքվի հայ-ադրբեջանական սահմանին, Մոսկվան դա կընդունի որպես փաստ։ Եթե այն կնքվի Բրյուսելում կամ Վաշինգտոնում, Մոսկվան նույնպես ստիպված կլինի դա ընդունել որպես փաստ և պարզապես ընդունել նոր իրականությունը։ Այլևս նշանակություն չունի, թե որտեղ: Եթե նկատեցիք, հայտարարությունները, թե ցանկալի է Ռուսաստանի տարածքում հաշտության պայմանագիր կնքել, կամ այս մասին տարբեր ազդակներ, հնչում էին Ղարաբաղում վերջին էսկալացիայից առաջ։ Սա եղել է։ Բայց դրանից հետո նրանք դադարեցին։ Ի՞նչ են ասում Մոսկվայում։ Ասում են՝ հիմնականը, որ մենք պաշտպանում ենք, այն է, որ տարածաշրջանում երրորդ ուժեր չլինեն։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց մասնակցությամբ լուծեն այն խնդիրները, որոնք առկա են իրենց միջև։ Այսինքն՝ այս տարածաշրջանում որպես մասնակից՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Նրանք չեն ցանկանում, որ Արևմուտքը տարածաշրջանում լինի։ Սա այդպես է։ Նրանք չեն ցանկանում ամերիկյան ներկայությունը, նրանք չեն ցանկանում եվրոպական ներկայությունը։ Նրանք ցանկանում են, որ բոլոր որոշումները կայացվեն փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։ Բայց եթե նայեք, թե ինչ են ասում Թուրքիան, Ադրբեջանը և, ի դեպ, Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեցող Իրանը, ապա կտեսնեք, որ բոլորը նույն բանն են ասում։ Նրանք պաշտպանում են այս դիրքորոշումը։ Այսինքն՝ հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան մոտավորապես նույն բանն են ասում։ Դե, Վրաստանն իրեն հեռու է պահում, քանի որ չի մասնակցում Ռուսաստանի առաջարկած ձևաչափերին։ Բայց հիմնական խաղացողները նույն դիրքորոշում ունեն։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG