Մատչելիության հղումներ

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել` երկու երկրների միջև սահմանին


«Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը շարունակել բրյուսելյան Ֆորմատով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Արևմտյան հարթակները բոյկոտող Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ երեկ արեց։ Ընդ որում, չհստակեցնելով՝ բանակցային ո՞ր ձևաչափի մասին էր խոսում՝ ղեկավարների, արտգործնախարարների, թե՞ սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերի, որոնք սահմանին հանդիպելու պրակտիկա արդեն իսկ ունեն։

Հայաստանի արտգործնախարարությունն այսօր պատասխանեց՝ պատրաստ են բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Առաջարկեցին պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։

Մյուս պաշտոնյաների դեպքերում, ըստ Խանդանյանի, Երևանը պնդում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները լինեն միջնորդավորված։

«Վերջին շրջանում ընթացած բանակցությունները, որոնք տեղի են ունեցել լիդերների մակարդակով Բրյուսելում և արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում, որոշակի բանակցային տրամաբանություն են ձևավորել, և նաև հուլիսին հիմնական սկզբունքները համաձայնեցվել են: Պետք է ապահովել բանակցությունների շարունակականությունը և շարունակել հանդիպումը լիդերների մակարդակով Եվրոպական միության, մասնավորապես, նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Բայց տեսանք, որ Ադրբեջանը թե՛ Գրանադան, թե՛ Բրյուսելը մերժեց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տրամաբանությանը և ցանկանում է հասնել կարգավորմանն այս շրջանակներում», - նշեց Խանդանյանը:

Ընդդիմությունը ուղիղ բանակցելու՝ Ադրբեջանի առաջարկի մեջ վտանգներ է տեսնում, կարծում են՝ Բաքուն իր պահանջներն է թելադրելու, ասելու են՝ չանեք, ուժով կստանանք։ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի համար ակնհայտ է՝ արևմտյան հարթակներ Ալիևը չի պատրաստվում վերադառնալ, այժմ կա՛մ դեմ առ դեմ հանդիպման, կա՛մ Ռուսաստանի միջնորդությանն է հակված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում Հայաստանից ցանկալին ստանալու համար։

«Ալիևն ավելի հենված է եռակողմի վրա, որովհետև բաներ ունի դեռ ստանալու կապված Նախիջևանի հետ կապի հետ: Արևմուտքից ինչ իրեն պետք էր այլևս ստացել է: Մերոնք չեն գնում ՀԱՊԿ-ի ուղղությամբ, նա էլ չի գնում Արևմուտքի ուղղությամբ: Վերջը բերելու է երկկողմի, պահանջները Ադրբեջանը դնելու է շատ խիստ, ու սա լինելու է պարտվածի ու հաղթողի խոսակցություն, սրանից բխող մեր համար շատ տխուր հետևանքներով», - ասաց Ռուստամյանը:

Խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունն Ադրբեջանի նախագահն այսօր էլ է կրկնել՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը։

«Այդ համաձայն լինելը պետք է կոնկրետ պարամետրերով արձանագրել, գնալ և միանալ Գրանադայի հայտարարությանը, օրինակ: Քանի դեռ այդ համաձայնություն չի նյութականացվել, ապա՝ այո, այս խոսակցությունները կարող են ընկալվել որպես շանտաժ, որպես բանակցություններից խուսափում, որպես մեկուսացում և այլն», - նշեց Սարգիս Խանդանյանը:

Ի դեպ, Երևանն այսօր հայտարարեց՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները երեկ ադրբեջանական կողմին է փոխանցել՝ բանակցությունները փակուղի մտցնելու փորձերը կանխելու համար։ Ու թերևս արձագանքել են Բաքվի դժգոհություններին՝ ինչո՞ւ երկար չէին պատասխանում դեռ Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից առաջ արված ադրբեջանական առաջարկներին. պնդել են՝ «առավել արդյունավետ են համարել դրանք ներկայացնել ենթադրվող հանդիպումների ընթացքում»։

Հոկտեմբերից ի վեր հայ-ադրբեջանական երեք բանակցություն է տապալվել՝ Բաքվի բոյկոտի պատճառով։

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել` երկու երկրների միջև սահմանին
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG