Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ է բանակցությունների, առաջարկում է փոխվարչապետերի հանդիպում՝ սահմանին


Չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում, իսկ «հայկական կողմն ունի այդ կամքը»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսպես է արձագանքել Բաքվից հնչող հայտարարությանը, թե պատրաստ է ուղիղ բանակցել Երևանի հետ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին:

Ամիսներով ոչ միայն հայ-ադրբեջանական պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունենում, նաև խաղաղության պայմանագրի նախագիծը չէր փոխանակվում։ Բաքուն օրերս դժգոհել էր, թե Հայաստանին ներկայացրել են «խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է Երևանը չի արձագանքում»։

Ընդգծելով, որ նոյեմբերի 21-ին Երևանը Բաքվին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Բաքվին հիշեցնում է․ - «Մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման»։

Արտգործնախարարությունը նաև շեշտում է՝ ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեև այդ հնգակողմ և եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին, իսկ Երևանը առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։

«Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Երևանը վերահաստատում է՝ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը և հարգումը, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը, պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG