Մատչելիության հղումներ

Ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ Բաքվից. Երևանը դեռ չի արձագանքում


Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակը փոխանցելուց ժամեր անց պաշտոնական Բաքուն Երևանին առաջարկեց երկկողմ ուղիղ բանակցություններ, այդ թվում՝ սահմանին։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց՝ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար։ Կարծում ենք՝ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան։ Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձ ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին», - հայտարարեց վերջին շրջանում արևմտյան բանակցային հարթակները բոյկոտող Բաքուն՝ հայկական կողմին հորդորելով «խուսափել նոր անհարկի ձգձգումներից»։

Երևանը դեռ չի արձագանքում Բաքվի առաջարկին

Երևանից դեռ ուղիղ չեն պատասխանում՝ արդյոք պատրաստ են Բաքվի հետ դեմ առ բանակցությունների՝ առանց միջազգային միջնորդների, ու արդյոք ընդունելի՞ է սահմանին հանդիպման առաջարկը։ Հայաստանի ԱԳՆ հարց ենք ուղղել, դեռ պատասխան չունենք։

Մերժելով Ֆրանսիայի, հիմա արդեն՝ ԱՄՆ-ի միջնորդությունը, Բաքուն օրեր շարունակ ուղիղ բանակցություններից է խոսում։

«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում», - ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Երևանին կոչ անելով հայացքն ուղղել տարածաշրջան։

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի իրենց տարբերակներն են փոխանակում, բայց պատերազմից հետո ղեկավարներն ու արտգործնախարարները բանակցել են Բրյուսելի, Մոսկվայի, Վաշինգտոնի տրամադրած հարթակներում։ Սահմանին բանակցելու պրակտիկա միայն սահմանազատման հանձնաժողովը համանախագահող փոխվարչապետներն ունեցել։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր հայտարարեց՝ հայ-ադրբեջանական բանակցություններից Հայաստանը երբեք չի խուսափել, բայց կարևորեց հարթակը:

«Եթե հարթակներ կան, որոնց արդյունավետությունը վստահություն չի ներշնչում, Հայաստանը չի մասնակցում այդ հարթակներում բանակցություններին, եթե ներշնչում է վստահություն, ապա մասնակցում է: Խնդրում եմ չմասնավորեցնել որևէ բան, Հայաստանը որևէ արդյունավետ հարթակից խուսափելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ դա մեզ օգտակար է», - նշեց Արշակյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» Խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ հարթակների հարցը կարևորվում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության խոսակցությունների համատեքստում:

«Կոնկրետ բուն, առարկայական գործընթացի փոխարեն մենք Հայաստան-Ադրբեջան կամ Արցախի հետ կապված այս գործընթացը տարել ենք լրիվ աշխարհաքաղաքական բախումների թեժ հատված ու այս իրավիճակում սա ամբողջությամբ վնասում է այն իրական գործընթացներին, որոնք կարող էին տեղի ունենալ և ռեգիոնին որոշակի կայունություն և անվտանգություն բերել», - ասաց Աբրահամյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի սկզբին չմեկնեց իսպանական Գրանադա՝ պատճառաբանելով, թե միջնորդներից Ֆրանսիան կողմնակալ է, հիմա էլ Բաքուն, ըստ էության, նույն՝ պրոհայկական լինելու մեղադրանքով հրաժարվում է բանակցությունների վաշինգտոնյան հարթակից, որտեղ արտգործնախարարներն են բանակցում։ Հրապարակային հայտարարում են, թե պատրաստ են շարունակել բանակցությունները բրյուսելյան ձևաչափով։ Սակայն արդեն մեկ հանդիպում Ալիևն այդ հարթակում չեղարկել է, իսկ նոր ջանքերը դեռ արդյունք չեն տվել։

ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնում նպաստելու Երևանի և Բաքվի միջև բանակցություններին

Չնայած Բաքվի մերժումներին, Միացյալ Նահանգները երեկ կրկին պատրաստակամություն հայտնեց նպաստելու Երևանի և Բաքվի միջև բանակցություններին։

«Վաշինգտոնը շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», - ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ կարևորելով նաև կողմերի դեռ առ դեմ բանակցությունները։

Օրվա երկրորդ կեսին պաշտոնական Երևանը տեղեկացրեց՝ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ տարբերակը։

Ամիսներով ոչ միայն պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունենում, նաև խաղաղության պայմանագրի նախագիծը չէր փոխանակվում։ Բաքուն նախօրեին դժգոհել էր, որ Երևանը երկու ամսից ավելի է՝ հապաղում է պատասխանել։ Բայց ոչ Բաքվի առաջարկները բացահայտվեցին, որ դեռ Արցախի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումից առաջ էին ուղարկել, ոչ էլ Երևանի պատասխանը։ ԱԳՆ-ից կրկնել էին՝ «Հայաստանը հավատարիմ է նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի ստորագրմանը»։

Վարչապետ Փաշինյանը 3 սկզբունք է առանձնացնում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում՝ հիմնվելով Խորհրդային միության վերջին քարտեզների վրա և տարածաշրջանային ապաշրջափակում՝ հարգելով երկրների ինքնիշխանությունը։

Ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ Բաքվից. Երևանը դեռ չի արձագանքում
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG