Մատչելիության հղումներ

«Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ»․ Փաշինյան (լրացվող)


Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանն, ի վերջո, վերահաստատում է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, այսօր ուղիղ եթերում, պատասխանելով խաղաղության գործընթացի վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց՝ այդ սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում և այդ համաձայնեցումն արտահայտվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին եռակողմ հանդիպումների արդյունքներով։

Փաշինյանը նաև սկզբունքները հիշեցրեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։

«Հիմա, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը և նրբությունները պարզաբանել», - ասաց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը ևս հաստատեց, որ նոյեմբերի 30-ին քարտեզների և սահմանների մասով նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների հանդիպում։

Փաշինյանն ասաց, որ այդ քննարկումներից Երևանը հետևություններ կանի՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։

«Մինչև այսօր մենք այդ վստահությունը չունենք», - ընդգծեց վարչապետը։

«Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է»

Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի, նաև հայտարարեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ խաղաղությամբ և «Խաղաղության խաչմերուկով» կհաղթահարեն այն։

«Մենք ի՞նչ ենք կարծում, Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը-Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին, Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին և Հայաստանի մնացած մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին, այո՛, միանշանակ, և դա 100 տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին», - ասաց Փաշինյանը։

Ընդգծելով, որ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ գործադիրի ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Նախիջանի կապի համար, այն նույն սկզբունքով, որ Հայաստանը կարող է օգտվել, օրինակ, Մեղրիի և Երասխի երկաթուղային կապի համար։

Փաշինյանը նշեց, որ ուզում են բացել նաև Արևելքն Արևմուտքին միացնող ավտոճանապարհները։

«Վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից սպառազինություն և տեխնիկա չմատակարարելու խնդիրը կա»

Վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից սպառազինություն և տեխնիկա չմատակարարելու խնդիրը կա, քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ չեն իրականացնում «Գույքի պարտքի դիմաց» համաձայնագրի ձևաչափը՝ հակառակ ուղղությամբ, իսկ մնացածի համար դիմում Միջազգային տնտեսական դատարան, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ քննարկումներ են ընթանում որոշելու, թե ինչ մեխանիզմով այդ խնդիրը լուծել։

«Կարող է լինել վճարված գումարների չափով, օրինակ, Ռուսաստանին Հայաստանի Հանրապետության ունեցած պարտքից նվազեցումը, որը տարբերակներից մեկն է՝ միակ տարբերակը չէ, բայց էստեղ էլ Ռուսաստանը սպառազինությունների կարիք ունի, և մենք տրամադրված ենք աշխատանքային, և այդ քննարկումները, հույս ունեմ, կբերեն կոնկրետ արդյունքներ, - ասաց վարչապետը։

2001 թվականին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով առաջին անգամ ժամանեց Հայաստան, Պուտինն ու այդ ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկեցին Ռուսաստանին Հայաստանի ունեցած 114 միլիոն դոլարի պարտքը մարելու խնդիրը: Մասնավորապես, պարտքի դիմաց Ռուսաստանին առաջարկվեցին հայաստանյան մի շարք ձեռնարկություններ, և մեկ տարի անց Հայաստանը 100 միլիոն դոլարի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց 5 խոշոր ձեռնարկություն:

«Հանձնարարում եմ հանրային ծառայությունում աշխատանքի դիմած ԼՂ-ից տեղահանվածների քաղաքացիության հարցն ավելի արագ քննարկել»

«Հանձնարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների քաղացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ», - այսօր ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կարող են առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների նկատմամբ, ովքեր արդեն դիմել են հանրային ծառայության պաշտոններում աշխատանքի անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա՝ պարտադիր չէ։

«Ես հիմա նաև կհանձնարարեմ, որ այն քաղաքացիները, որոնք դիմել են հանրային ծառայության անցնելու համար և խոչընդոտը քաղաքացիությունն է, ես կհանձնարարեմ, որ նրանց գործերն ավելի արագ քննարկվեն», - ասաց վարչապետը։

Ըստ օրենքի՝ գործընթացը տևում է մինչև 90 օր։ ԼՂ-ից Հայաստան ժամանածները նշում են, որ սա մեծ խնդիր է աշխատանքի անցնելու հարցում։

«Ձեր ասած պողպատե մուրճը չի գործում»

«Ձեր ասած պողպատե մուրճը չի գործում», ասաց քաղաքացիներից մեկը՝ հետաքրքրվելով վարչապետից, թե երբ են քրեական գործերով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանատվություն կրելու։

Փաշինյանը պատասխանեց՝ հեղափոխությունից հետո կար հնարավորություն հրապարակում հավաքված ժողովրդով գնալ և տեղում իրականացնել ժողովրդի պատկերացրած արդարադատությունը։

«Դա գուցե կլիներ սրտի հովանք, բայց կարծում եմ, որ այդ պարագայում մենք այսօր շատ ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք և երկրում պետական ինստիտուտների ջախջախված փաստի առաջ կկանգնեինք», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ արդարությունը պետք է լինի ինստիտուցիոնալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG