Մատչելիության հղումներ

ԱԺ քննիչ հանձնաժողովում Շահրամանյանի հետ «մանրամասն քննարկվել է»՝ ինչպես գերեվարվեցին ԼՂ նախկին նախագահները


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, արխիվ
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, արխիվ

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր փակ դռների ետևում շուրջ երեք ժամ պատասխանեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին: Ընդ որում, այդ հարցերը վերաբերել են ոչ միայն 44-օրյա պատերազմին, այլև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած իրադարձություններին, դրանց հաջորդած զարգացումներին: Հարցեր են հնչել, օրինակ, թե ինչպես ստացվեց, որ գերեվարվեցին Լեռնային Ղարաբաղի նախկին և գործող ութ պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին երեք նախագահները, ինչպես ստացվեց, որ Սամվել Շահրամանյանին հաջողվեց անարգել ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղից հասնել Հայաստան: Քննարկվել են նաև բենզինի պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որին զոհ գնացին հարյուրավոր մարդիկ:

«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որը մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն որևէ մեկը իրավասու չէր ստանալու», - ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ազատություն». - Համոզի՞չ էին պարոն Շահրամանյանի բացատրությունները Արցախը լուծարելու այդ իր հրամանագիրը ստորագրելու որոշման հետ կապված:

Անդրանիկ Քոչարյան. - Դրա հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք: Համոզիչ են, թե չէ՝ երբ որ վերջնական եզրակացության մեջ առանձին գլխով կնկարագրվի այսօրվա մեր աշխատանքը ևս, եթե հասանելի լինի ձեզ, դուք ինքներդ կորոշեք՝ համոզիչ է, թե չէ:

«Ազատություն». - Իսկ նախագահների հարցը և՞ս քննարկել եք, թե ինչ հանգամանքներում նրանք ադրբեջանցիների կողմից ձերբակալվեցին:

Անդրանիկ Քոչարյան. - Այո՛, այո՛, մանրամասն,մանրամասն, էդպիսի տեղեկատվություն միայն ունի քննիչ հանձնաժողովը՝ պաշտպանության և անվտանգության, նույնիսկ քննչական բոլոր կոմիտեները չունեն էդպիսի պատասխաններ:

«Ազատություն». - Բայց ստացե՞լ եք հարցի պատասխանը՝ ինչպես Շահրամանյանին հաջողվեց ուղղաթիռով Արցախից հասնել Հայաստան, բայց նախկին նախագահներին՝ ոչ:

Անդրանիկ Քոչարյան. - Այո՛, այո՛:

«Ազատություն». - Ինչո՞ւ չհասան նախկին նախագահները:

Անդրանիկ Քոչարյան. - Դա՝ հաջորդիվ, սպասեք վերջնական եզրակացության հրապարակմանը:

«Ազատություն». - Հանդիպման ընթացքում պարզեցի՞ք, թե ով Դավիթ Բաբայանին մեքենայով ուղեկցեց Շուշի:

Անդրանիկ Քոչարյան. - Շուշի չէ: Էդ դրվագը մանրամասն քննարկվել է, մանրամասն, մանրամասն քննարկվել է:

«Ազատություն». - Իսկ Արցախի իշխանությունը գոնե ընդունո՞ւմ է իր մեղավորությունն այդ պայթյունի զոհերի հետ կապված, այսինքն՝ հաշվի առնելով այն ոչ-վերահսկելի իրավիճակը...

Անդրանիկ Քոչարյան. - Ամենայն մանրամասնությամբ էդ դրվագը քննարկել ենք պարոն Շահրամանյանի հետ:

«Ազատություն». - Եվ այդ ամենը տեղ է գտնելու ձեր եզրակացության մեջ:

Անդրանիկ Քոչարյան. - Անպայման, բա ո՞ւր, չի կարա փախնի:

Քննիչ հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են հանձնաժողով հրավիրել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի ղեկավարին, նաև հնարավորության դեպքում կհրավիրվի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ այժմ նրա դեմ քրեական գործ է հարուցված, և դա խոչընդոտ է հանդիսանում:

Անդրանիկ Քոչարյանը փոխանցեց, որ հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«Ջալալ Հարությունյանին մենք շատ կուզեինք, որպեսզի լսենք», - ասաց հանձնաժողովի նախագահը՝ «Ազատության» հարցին էլ, թե դրանով կեզրափակվի՞ հրավիրյալների ցանկը, արձագանքելով. - «Ուզենք թե չուզենք՝ դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները ավարտվում են, դրանից հետո ոչ մեկին մենք իրավասու չենք հրավիրելու կամ փաստաթուղթ պահելու»:

Լրագրողներին Սամվել Շահրամանյանին հարցեր ուղղելու հնարավորություն չտրվեց՝ նրան հաջողվեց աննկատ քննիչ հանձնաժողով մուտք գործել, գրեթե աննկատ էլ հեռանալ:

Հանձնաժողովն իր լիազորությունները կավարտի դեկտեմբերի 3-ին, իսկ զեկույցը հանրության դատին կներկայացվի արդեն հաջորդ տարի:

Ամսվա սկզբին էր քննիչ հանձնաժողովը գրավոր նամակ ուղարկել Շահրամանյանին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել էր՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։

Ըստ Քոչարյանի՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:

Շահրամանյանն ընդունել է հանձնաժողով ներկայանալու հրավերը:

Քննիչ հանձնաժողովը, մասնավորապես, Սամվել Շահրամանյանից ուզում էր լսել «պետական դավաճանության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև մինչև պատերազմի սկսվելը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները»։

XS
SM
MD
LG