Մատչելիության հղումներ

Արցախի պետական աշխատողները համարվում են ազատված պաշտոններից՝ մի շարք բացառություններով


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ

Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողները համարվում են ազատված զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ ղեկավար և բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և դատավորների:

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ բացառություն են կազմում Արցախի նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, դատավորները, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Գլխավոր դատախազը, պետական նախարարը, նախարարները, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը, ՆԳՆ Ոստիկանության պետը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, համայնքների ղեկավարները, պետության կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) և հիմնադրամների ղեկավարները, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության:

«Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են», - նաև փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:

XS
SM
MD
LG