Մատչելիության հղումներ

Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց միջադեպի 10 մասնակից է ձերբակալվել


Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանները 10 քաղաքացու են ձերբակալել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանք կասկածվում են «խուլիգանության, բռնության գործադրման, գողություն կատարելու» համար։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ում քաշքշել էին, մեքենան վնասել, տուժող է ճանաչվել։ Նախաքննական մարմինը, սակայն, չի հայտնում, թե ովքեր են ձերբակալված քաղաքացիները։

Արցախի ներկայացուցչության շենքի առջև երեկվա բողոքի ակցիային մասնակցած արցախցիներից մեկը «Ազատությանը» հայտնեց՝ ինքը չի տեսել, թե հավաքվածներից ում են ձերբակալել։ Ասաց, որ քաղաքացիներից շատերի պահվածքը հասկանալի էր. ադրբեջանական հարձակման ու վառելքի պահեստի ողբերգական պայթյունից շաբաթներ անց հարազատներին կորցրած արցախցիներին իշխանության ներկայացուցիչներն անգամ ցավակցություն չեն հայտնել։

Քաղաքացուն նաև զայրացրել էր՝ որտեղի՞ց իշխանության ներկայացուցչի մեքենայում խոշոր չափի գումար, որի անհետացման մասին այսօր իրավապահներին են հաղորդել։ Արցախցիները հենց նաև նման հարցերի համար էին հավաքվել իրենց ներկայացուցչության շենքի առջև, պահանջում էին, որ Արցախի իշխանավորները տեղում պատասխանեն՝ ինչպե՞ս է ստացվել, որ նրանք ունեցվածք են կուտակել, թանկարժեք մեքենաներ ունեն, անգամ տներ Հայաստանում, իսկ դրսում մնացած ժողովուրդը անելանելի վիճակում է հայտնվել։

Արցախի ներդրումային հիմնադրամի մասին էին ցուցարարները բարձրաձայնում, պնդում, որ այդ կառույցը փողեր է տվել շատ կոնկրետ անձանց։ Երեկ ցուցարարները անգամ ներկայացուցչության շենք ներխուժեցին։ Արցախի նախագահը երկու անգամ նրանց ճնշմամբ բակ իջավ, սակայն ոչ մի բառ չասաց հիմնադրամի գործունեության կամ հավաքվածների գլխավոր՝ մեծահարուստների գույքն ստուգելու պահանջի վերաբերյալ։

«Այն, ինչն օրինական պահանջ է ձեր կողմից, ես ձեր կողմը կանգնած եմ, այն, ինչը անօրինական է, ես չեմ կարող այդ ամեն ինչում ներգրավվեմ», - ասել էր նա։

Քաղաքացիները տեղում Սամվել Շահրամանյանից պահանջում էին պարզաբանել նաև, թե ինչու գնաց հանրապետությունը լուծարելու հայտնի հրամանագրի ստորագրմանը։ Ի պատասխան Շահրամանյանը միայն պնդեց, թե ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Հայտարարեց, այդ քայլին է գնացել՝ փրկելու համար զինվորականներին ու խաղաղ բնակչությանը։ Մինչ այս ցույցը Շահրամանյանը մի քանի հրամանագիր էր ստորագրել։ Դրանցից մեկով Արցախի նախագահը հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատել էր պետական, համայնքային հիմնարկների, կազմակերպությունների, հիմնադրամների աշխատողներին՝ բացառությամբ իրեն, իր աշխատակազմի ղեկավարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, պատգամավորներին ու պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին։ Նույն հրամանագրով սահմանել էր՝ «2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են»:

Բայց թե հիմա արցախցիները, օրինակ, իրենց բնակության վայրի հաստատման վերաբերյալ տեղեկանք կամ այլ պաշտոնական փաստաթղթեր որտեղից են ստանալու, ով է այդ հարցով զբաղվելու, այնքան էլ պարզ չէ. երեկ հաղորդվեց, որ Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է աշխատանքը։ Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի երկու հարկերում տեղավորվել էին լուծարված Արցախի գերատեսչությունները։ Արցախցիները բնակության վայրի, փաստաթղթերի ու այլ բազմաթիվ այլ հարցերով հենց այստեղ էին գալիս։

Այսօր արդեն շենքի դռանը հայտարարություն է փակցված, որն արցախցիներին ուղղորդում է դիմել Հայաստանի կառավարություն։ «Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ», - ասված է հայտարարության տեքստում։

Այս հեռախոսահամարը ոչ աշխատանքային օրերին չի գործում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առայժմ չի հստակեցրել՝ արդյոք հենց իրենք են զբաղվելու նաև արցախցիների փաստաթղթային հարցերով։

XS
SM
MD
LG