Մատչելիության հղումներ

Տեքստի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել ու քննարկումների կողմ չի եղել. վարչապետ


Կրակի դադարեցման ու ամբողջական զինաթափման մասին ռուս խաղաղապահների առաջարկին համաձայնելը Երևանն ի գիտություն է ընդունում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արցախյան պաշտոնական տեղեկատվական էջերից է իմացել Լեռնային Ղարաբաղի իշխանության որոշման մասին։

Նա նախ շեշտեց, որ այդ տեքստի ձևավորմանը Հայաստանը չի մասնակցել ու քննարկումների կողմ չի եղել, բայց նաև նկատառումներ ուներ՝ մասնավորապես, տեքստի այն ձևակերպման շուրջ, որ Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Ղարաբաղից։

«Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, Հայաստանի Հանրապետության հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը և գնահատականը, որ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությանը ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ, և ինձ համար, իհարկե, գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ ՀՀ-ն ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը», - ասաց նա։

Այս պահին ամենակարևոր հարցը Փաշինյանը համարեց, որ Ռուսաստանը լիարժեք ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը։ Իսկ սեփական հողում անվտանգ ապրելու պարտավորությունը, կարծում է, հրադադարի պայմաններ առաջարկած ռուս խաղաղապահներինն է։

«Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, ապրելու արժանապատիվ և անվտանգ: Եվ իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում: Չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ըստ էության, դրված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա։ Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի Ռուսաստանի Դաշնության կողմից», - ասաց նա։

Մեկ անգամ էլ Փաշինյանը երեկ էր մտել ուղիղ եթեր՝ նաև հայտարարելու, որ Հայաստանն Արցախում ընթացող ռազմական գործողություններին չի միջամտի։ Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության՝ 2020-ի պատերազմից հետո ընդունված ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց հենց վարչապետը այս ընթացքում մեկ անգամ չի ասել՝ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Արցախում խաղաղապահ առաքելություն տեղակայած Ռուսաստանն է։

XS
SM
MD
LG