Մատչելիության հղումներ

Կա հստակ որոշում փակ պահելու, չօգտագործելու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը․ Արցախի ԱԺ նախագահ


Կա հստակ որոշում փակ պահելու, չօգտագործելու Ակնա(Աղդամ) - Ստեփանակերտ ճանապարհն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նա վստահեցրեց՝ այս տեսակետները ոչ թե իշխող էին, այլ միաձայն էին։

«Ակնա-Ստեփանակերտ ճանապահին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ-պոստը, նաև կա մեր ՆԳՆ համապատասխան պարեկային հսկողության կետը, անշուշտ կան համապատասխան ցուցումներ, ես կարող եմ մեր հանրությանը և ընդհանրապես ի լուր աշխարհի տեղեկացնել, որ այո՛, կա հստակ որոշում այդ ճանապարհը փակ պահելու, չօգտագործելու, և մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա և այս պարագայում տարբեր մեկնաբանություններ տա։ Այն քննարկումներին, որին ես եմ մասնակցել և որտեղ հնարավորություն եմ ունեցել այս տեսակետները ներկայացնելու, բարեբախտաբար այս տեսակետները ոչ թե իշխող էին, այլ միաձայն էին», - ասաց Իշխանյանը։

ԱԺ նախագահի գնահատմամբ, Ադրբեջանը հերթական քաղաքական սադրիչ քայլն է անում՝ փորձելով աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են՝ Արցախի ժողովրդի կարիքներն ապահովելու համար։

Երկու օր առաջ Արցախի նախագահը Ստեփանակերտում հավաքված ցուցարարներին վստահեցնում էր, որ միայն Լաչինի միջանցքով են պատրաստ հումանիտար բեռներ ստանալ։ Բաքվից, սակայն, երեկ վաղ առավոտյան հայտարարեցին, թե Ադրբեջանը Կարմիր Մահիկի միջնորդությամբ երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով:

Ստեփանակերտից արձագանքեցին՝ Բաքուն արցախյան կողմի հետ որևէ նման պայմանավորվածություն ձեռք չի բերել, ապա հայտարարեցին՝ եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, ապա պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Ադրբեջանական բեռն օրվա երկրորդ կեսին արդեն Աղդամում էր։ Կարմիր Մահիկից հայտնեցին, թե սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին՝ «պայմաններ ստեղծելու բեռների առաքման համար»: Ապա Աղդամ հասած ադրբեջանցիները ռուսական խաղաղապահների արգելափակոցի առջև վրաններ տեղադրեցին։

Արցախցիները մերժում են Բաքվից մթերք ստանալու առաջարկը։ Նրանք երեկվանից Ասկերանում՝ Աղդամի ճանապարհի մոտ են, որտեղ կանգ են առել ադրբեջանական Կարմիր մահիկի երկու բեռնատարները։ Արցախցիները գիշերը ևս վրաններ տեղադրեցին Աղդամի ճանապարհի մոտ։

XS
SM
MD
LG