Մատչելիության հղումներ

«Կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման պայմանավորվածություններ չեն եղել»․ Բաքվի արձագանքը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի է համարել հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ նշելով, թե Գրիգորյանը «հերթական անգամ փորձել է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը՝ մոլորեցնելով թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայաստանյան հանրությանը»:

Ըստ Բաքվի՝ Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից:

Արմեն Գրիգորյանը հարցազրույցում, մասնավորապես նշել է, թե Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն։ «Մենք չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը, բայց առաջընթաց ունենք», - ասել է ԱԽ քարտուղարը։

Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանը պատասխանել է․ - «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պրահայում (2022թ. հոկտեմբերի 6-ին ) և Սոչիում (2022թ. հոկտեմբերի 31 -ին) հանդիպումներին հաջորդած պայմանավորվածությունների համաձայն՝ «նախատեսվում է իրականացնել սահմանի սահմանազատում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»։

«Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ըստ միջազգային պրակտիկայի, շարունակել է նախարարությունը, «ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ վերլուծությունների և իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրման հիմքով»:

«Այս պրակտիկայի կիրառումը հնարավոր է նաև Հայաստանի դեպքում։ Կոնկրետ այս դեպքում ավելի օգտակար կլիներ, որ հայկական կողմը 1975 թվականի քարտեզը պնդելու փոխարեն սկսեր սահմանազատման աշխատանքները»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ առաջարկելով «չմոռանալ, որ Հայաստանն էր, որ երկար ժամանակ չէր արձագանքում ոչ մի առաջարկի», որոնք արվում էին Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:

«Հայաստանը շարունակում է ձգձգել ութ գյուղերի վերադարձը»

Չնայած գրավոր ու բանավոր պայմանավորվածություններին՝ Հայաստանը ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերն ադրբեջանական տարածքներից ինչպես նաև տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել ութ գյուղերի վերադարձը Ադրբեջանին, այսօր նաև հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ։

Բաքուն ՄԱԿ-ում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան նշել է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել։ «Ազատությանը» տված հարցազրույցում, թե, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, Փաշինյանը պատասխանել էր «եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք»:

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասաց գործադիրի ղեկավարը:

2021 թվականի խորհրդարանական ընտրապայքարում Փաշինյանը հակված էր առկա իրավիճակը պահպանելուն՝ հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները մնան նույն կարգավիճակում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG