Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու. Հայկ Մամիջանյան


Ադրբեջանի կազմում Արցախը որևէ պետական ինստիտուտ չի ունենալու, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք խաղաղության հեռանկար առաջարկվող նախագծով՝ Արցախն Ադրբեջանի կազմում, բայց հայերի անվտանգության մեխանիզմներ, որոնք քննարկվում են, ըստ վարչապետի:

Մամիջանյան. - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, մեխանիզմների մասին խոսելով, ինչ-որ համաներման մասին էր խոսում: Մի անվտանգության երաշխիք կա Արցախի հայերի, Արցախի քաղաքացիների համար, դա ինքնորոշման իրավունքի իրացումն է, մնացած բոլորը ֆիկցիա է: Հիշեցնեմ, որ երբ մի քանի ամիս առաջ Փաշինյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ ասում էր, որ մենք զարմացած էինք, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Բաքուն որոշեց տանի, այսպես կոչված, ինտեգրացիայի տրամաբանության մեջ, հերթական սուտն է, որովհետև նոյեմբերի 9-ից հետո Ալիևը բազմիցս հայտարարել է, որ միակ ձևը, որ ինքը պատրաստվում է բանակցել Արցախի հետ, հենց այդ տրամաբանությունն է, այնպես որ ոչ մի հումանիտար կամ նմանօրինակ բանակցությունների մասին խոսք գնալ անգամ չի կարող: Հաջորդը՝ բոլոր այն մարդիկ, ովքեր գովերգում-պաշտպանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունը կամ Արցախի քաղաքացիների, Արցախի հայերի ինչ-որ շատ եթերային, դեռևս չբացատրված միջազգային երաշխիքների միջոցով անվտանգության ապահովումն Ադրբեջանում, նախ, Ադրբեջանն առհասարակ իր քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունն ապահովել չի կարող, ուր մնաց հայերի: Երկրորդ՝ բոլոր այն երեսփոխանները Ազգային ժողովում, ինչու չէ նաև մյուս պաշտոնյաները, ովքեր հրապարակային կողմ են արտահայտվում դրան, ես ակնկալում եմ, որ եթե վատագույն սցենարը գնա և Փաշինյանի բանակցածով ամեն ինչ առաջնորդվի, ապա իրենք հիմիկվանից պիտի հայտարարեն, որ գնալու են Ադրբեջանի կազմում ապրեն: Ես այլ քաղաքականության ձև չգիտեմ:

«Ազատություն». - Ալիևը գուցե իր ներքին լսարանի համար է այդ ամենն ասում, որովհետև վարչապետն այսօր անուղղակի հակադարձեց խորհրդարանում, ասաց, որ եվրոպացիներից պարզաբանումներ են պահանջելու, ինքը ուրեմն բրյուսելյան պայմանավորվածություններից հրաժարվում է:

Մամիջանյան. - Այն, ինչ որ այսօր խորհրդարանում հնչեցրել է Փաշինյանը նույնիսկ մոտ չի կարող լինել համարժեքությամբ Ալևի ասածներին, թուլություն ցույց տալու պարագայում կամ ամեն ինչը պատրաստ եմ տալ մենակ թե... սեփական ճակատագիրը, ցավոք սրտի, այս պարագայում նաև ժողովրդի ճակատագիրը հանձնել մյուսների որոշմանը միշտ վատ ավարտ է ունենում, որովհետև Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվելու, Հայաստանի մարզերից երևի միայն Լոռիի նկատմամբ իրենք կեղծ տարածքային պահանջներ չեն ներկայացնելու:

«Ազատություն». - Կարծում եք Բրյուսելում քննարկվե՞լ է այս հարցը՝ պետական ինստիտուտների հետագա ճակատագիրը Արցախի, որովհետև Շառլ Միշելն ասում էր, որ արցախահայերի իրավունքներ քննարկվել են:

Մամիջանյան. - Բանակցվում է Արցախն Ադրբեջանի կազմում, դա չի ենթադրում որևէ պետական ինստիտուտների առկայություն, որևէ ինքնավարության մակարդակ, եթե հետևեք Ադրբեջանի իրավական փոփոխությունները վերջին 5, նույնիսկ 10 տարիների, ապա դա տեսանելի է: Ցանկացած դառը դեղահաբ փորձում են ինչ-որ քաղցր նյութով պատել, դա խաբկանք է, չի լինելու ոչինչ ինքնավարության մասին:

«Ազատություն». - Նկատի ունեք՝ միջազգային մեխանիզմը խաբկա՞նք է:

Մամիջանյան. - Ես չգիտեմ՝ միջազգային մեխանիզմներ ասելով իրենք ինչ են ասում, կես տարի է դա ասում են, բայց որևէ մեկը դա չի կոնկրետացրել՝ ի՞նչ միջազգային մեխանիզմ, կարող է պարզվի, որ միջազգային մեխանիզմն, օրինակ, ՄԱԿ-ի կոնվենցիաներն են մարդու իրավունքների, դե գնա մորթվող արցախցիներին պաշտպանիր ՄԱԿ-ի կոնվենցաիներով: Առհասարակ կոնվենցաիները և միջազգային իրավունքները մի հատ մեծ թերություն ունեն, իրենք չեն կրակում, դրանցով պաշտպանվելը շատ դժվար է: Դա Փաշինյանի քարոզչամեքենայի սիրած թեման է՝ ասելով, որ ընդդիմությունը պատերազմ է ուզում, հանկարծ ընդդիմությանը չընտրեք, մենք ուզում ենք խաղաղության, որը հարատև է, խաղաղության, որն արժանապատիվ է, մենք մեր, ինչ էր ասո՞ւմ, կադաստրի վկայական և այլն, հարևան կամ թշնամի պետությունից չենք մուրում, մենք դրա իրագործումն ապահովում ենք:

«Ազատություն». - Համոզվեցի՞ք, որ միջանցք տալ Երևանը չի պատրաստվում:

Մամիջանյան. - Կար ժամանակ, երբ ինձ ասում էին՝ անկլավների հարցը լուծված է, անկլավների մասին մենք չենք խոսելու, բայց արի ու տես, որ հիմա մենք ունենք անկլավների բացվող հարց, որտե՞ղ մենք ունենանք երաշխիքներ, որ Ադրբեջանի ախորժակն ավելի չի բացվելու և այսպես կոչված միջանցքային տրամաբանության մասին նորանոր բացահայտումներ են մեզ սպասվում:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG