Մատչելիության հղումներ

«Խորհրդային Միության կազմում ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ, այդ քարտեզներից ունեն նաև Հայաստանում». Անդրանիկ Քոչարյան


Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ Հայաստանը նույնպես ունի խորհրդային շրջանի այն քարտեզները, որոնց մասին օրեր առաջ խոսել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«15 հանրապետություններով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ, և այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որը վերաբերում է Սովետական Միության զինված ուժերին։ Բնականաբար, այն ինչի մասին խոսում եք, դրա քարտեզներից ունեն նաև Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ռուսաստանի նախագահն անցած շաբաթ էր անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների գծման հարցին ու նշել, որ առանց Ռուսաստանի մասնակցության այդ գործընթացը հնարավոր չէ, քանի որ Խորհրդային Միության քարտեզները պահվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։

Պուտինի այս հայտարարությունից օրեր անց՝ երեկ, վարչապետ Փաշինյանը Երևանում ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին։ Կառավարությունը հանդիպումից շատ մանրամասներ չի հաղորդել՝ նշվում է միայն, որ Փաշինյանն ու գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Այդուհանդերձ, չի նշվում, թե արդյոք հանդիպմանը բարձրացվել է սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզների հարցը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից «Ազատությանը» հորդորեցին կառավարություն դիմել, վարչապետի աշխատակազմը, սակայն, մեր հեռախոսազանգերն անպատասխան է թողնում։ Երեկ կայացած հանդիպման մասին մանրամասներ չի հայտնում նաև ռուսական կողմը։

Միևնույն ժամանակ, քարտեզների թեմային երեկ անդրադարձել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ասելով, որ դեռևս հստակ չէ, թե որ քարտեզներն են հիմք ընդունվելու սահմանների գծման համար։

«Քարտեզների միջև տարբերություն կա, և քարտեզ ասելով, երբ որ մենք ի նկատի ունենք իրավական հիմքով քարտեզ, միակ իրավական կամ ընդհանուր առմամբ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, որի մի մասն ասում է՝ 26 թվականի է, մի մասն ասում է՝ 26 թվականի, նույնիսկ այստեղ այդ հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», - ընդգծեց Գրիգորյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հնարավոր մեկնարկով սահմանների որոշման գործընթացը բանակցությունների սեղան կտեղափոխվի, ներկայիս՝ ռազմականացված տարբերակի փոխարեն, երբ ադրբեջանական զինուժը գալիս ու տարածքներ է զբաղեցնում։ Քաղաքագետի խոսքով, սակայն, Հայաստանի համար բարդ իրավիճակ է ստեղծվում։

«Հայաստանի ներկայիս վիճակի, սեփական շահերն առաջ տանելու բավարար ռեսուրսների բացակայության պայմաններում այս գործընթացը կարող է շատ երկար տևել, Ադրբեջանի պահանջներին ընդդիմանալու համար քիչ գործիքներ են լինելու», - նշեց Իսկանդարյանը։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Իստրակովը վերջին 9 ամիսներին երրորդ անգամ է Հայաստան այցելում, նա նախորդ անգամ Երևանում էր հուլիսին, երկու երկրների զինված ուժերի ղեկավարությունների միջև բանակցություններ անցկացվեցին, ինչից հետո փոխգործակցության հուշագիր ստորագրվեց։

ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ քննարկելու դեռ շատ բան կա։

«Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են և շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ քննարկելու դեռ շատ բաներ ունենք», - ընդգծեց Քոչարյանը։

Հուլիսյան հուշագրից հետո արդեն Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մի քանի անգամ Մոսկվա այցելեց, հանդիպեց Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ, որն էլ հայտնեց՝ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկի մասին՝ նշելով, որ իրենք պատրաստ են շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում։

XS
SM
MD
LG