Մատչելիության հղումներ

Տոնոյանը պնդում է՝ անկլավների հարցի վերադարձն օրակարգ աղերս չունի իր պայմանավորվածությունների հետ


44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը բանտից հակադարձում է վարչապետ Փաշինյանին՝ պնդելով՝ անկլավների հարցի վերադարձն օրակարգ հակասում է իր պայմանավորվածություններին։

Անդրադառնալով Փաշինյանի անցած շաբաթվա հայտարարությանը, թե ինքը չի «համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, անկլավները», ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը պնդել է, որ նոյեմբերի 9-ի երեկոյան իր և իր ռուսաստանցի գործընկերոջ միջև տեղի ունեցած հեռախոսային քննարկումներից հետո, համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակն առանց «անկլավների» հիշատակման է ներկայացվել վարչապետին։

«Այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,- կալանավայրից գրում է Դավիթ Տոնոյանը:

Մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ հայկական կողմն արդյո՞ք առաջարկներ ներկայացրել է Ռուսաստանին կամ Ադրբեջանին, եթե եղել են խմբագրումներ, ապա ովքե՞ր են դեմ եղել հայտարարության տեքստն այդ ձևով ստորագրելուն Փաշինյանն ասել էր՝ եղել են կետեր, որ հանել են, դրանցից մեկը, ըստ վարչապետի, վերաբերել է անկլավներին, մյուսը՝ Հայաստանի տարածքով միջանցքին։

«Քննարկումներ են եղել Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, Գլխավոր շտաբն ասում էր, որ ոչինչ, անկլավներով ստորագրի, ես ասել եմ՝ չեմ ստորագրի», - ասել է վարչապետը:

2021 հունիսի 11-ին Աչաջրում Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ելույթի կեսից ավելին նվիրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին և նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ներկայացնելով եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ տեղի ունեցած զրույցները, քննարկումները, հանդիպումները՝ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ հետևություն էր արել, թե ինչու է իրավիճակն այսօր այլ կերպ ներկայացվում։

«Ոչ թե ինչ-որ մտահոգության պատճառով էր ինքը ինձ ասում՝ ստորագրի, այլ ինքը մտածում էր՝ ինչքան վատը լինի էդ թուղթը, էդքան ավելի մեծ հնարավորության կա, որ դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի կտանի մեր կառավարությանը, այդ թվում՝ ինձ», - հայտարարել է Փաշինյանը:

Մինչդեռ ռազմական գերատեսչության նախկին ղեկավարները շարունակում են սլաքներն իրենց վրայից դեպի Փաշինյանն ուղղել։ Վարչապետի վերջին ասուլիսից անմիջապես հետո լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը շեշտել էր՝ Գլխավոր շտաբն է պնդել ճիշտ հակառակը։

Կալանավայրից այսօր էլ պաշտպանության նախկին նախարարն է որոշ փակագծեր բացել. - «Նոյեմբերի 9-ի երեկոյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին և այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին: Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ»:

Տոնոյանի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ 4 ժամ տևած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել է «հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի՝ այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր»։

Անկլավների թեման վերջին շրջանում նորից ակտիվորեն քննարկվում է։ Վարչապետ Փաշինյանը վերջին ասուլիսում հայտարարեց՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև հայկական ու ադրբեջանական անկլավները, բայց, նրա խոսքով, դրանք փոխանակելու հարցում միանշանակ դիրքորոշում Երևանը չունի։

Այդ քննարկմանը բանտից միացած նախկին նախարարը, ով բանակի համար գնված անպիտան հրթիռների գործով գլխավոր մեղադրյալն է, այսօր նաև հայտարարել է, որ պատրաստ է այլ մանրամասներ պատմել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին Հայաստանի վարչապետի մասնակցության պայմանով։ Ինչպես շեշտել է, որպեսզի «հետագայում փաստերը որևէ մեկը չխեղաթյուրի և չաղավաղի»։

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովից դեռ չեն հստակեցնում՝ պատրաստ են այս պայմաններում հարցաքննել պաշտպանության նախկին նախարարին։ Վարչապետ Փաշինյանը ևս պատրաստակամություն է հայտնել բաց նիստում պատասխանել հանձնաժողովականների հարցերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG