Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է ուղիղ պատասխանել հարցին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և արդյո՞ք Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը։

Ամիսներ շարունակ Արցախի ինքնորոշման իրավունքը չպնդող վարչապետ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել արտգործնախարարություն՝ ճշտելու՝ «վարչապետի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և Հայաստանը արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։ Եթե, այո, այդ դեպքում, ինչպե՞ս է պաշտոնական Երևանը պատկերացնում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մեկ անգամ չէ հայտարարվել, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է»։

Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել են. - «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ վերջին օրերի սահմանային լարվածությանն Ադրբեջանը գնում է, որ պարտադրի Հայաստանին անվերապահորեն ընդունել իր բոլոր պահանջները։

Ի՞նչ զիջումների է պատրաստ Երևանը։

Արցախի ինքնորոշման իրավունքին արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունների չորս օրերին հրապարակային անդրադարձ այդպես էլ չեղավ։ Երևանը շեշտադրում էր Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքի հետքաշման, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում անելու, ինչպես նաև՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման հարցերը։

Բանակցությունների ավարտին հայտարարվեց՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնացել են տարամետ»:

Առանցքային տարաձայնությունների շարքում վարչապետը նաև Ղարաբաղի հարցն է շեշտադրել։

«Ղարաբաղի հարցում զիջումների գնալու տեղ Երևանն այլևս չունի»

Քաղաքագետը կարծում է Ղարաբաղի հարցում զիջումների գնալու տեղ Երևանն այլևս չունի:

«Լեռնային Ղարաբաղի հարցում, կարծում եմ, Երևանն արդեն այնքան զիջումներ է կատարել, որ ակնկալել, որ այս մինիմալ ինչ-որ նախապայմաններից էլ կհրաժարվի խելամիտ չէ, բայց Բաքվի համար սա կարմիր գիծ է: Բաքուն նշում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է և որևէ միջազգային ներգրավվածություն չի կարող լինել: Այդ առումով ես դժվար եմ պատկերացնում ինչ-որ լուծումներ այս հարցում: Հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել այն, որ Ադրբեջանը կփորձի ռազմական գործիքակազմի կիրառման միջոցով ստիպել Երևանին հրաժարվել այդ դիրքորոշումից, և մեծ հաշվով, Սոթքում տեղի ունեցող ամենայն հավանականությամբ հենց այդ նպատակով է նախաձեռնել», - ընդգծեց Գրիգորյանը:

Քաղաքագետը զիջում է համարում ադրբեջանական պահանջներին համաձայնելը՝ պայմանով, որ նրանք էլ հայկական գյուղերը վերադարձնեն։ Բաքուն նախօրեին էր Հայաստանից պահանջել՝ վերադարձնել «օկուպացված 8 գյուղերը» կամ ինչպես Բաքուն է դրանք անվանում՝ անկլավները։ Դրանցից մեկը Սյունիք տանող մայրուղու վրա է, մյուսների միջով անցնում է հայ-վրացական միջպետական ճանապարհը։

2021 թվականի խորհրդարանական ընտրապայքարում Փաշինյանը հակված էր առկա իրավիճակը պահպանելուն՝ հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները մնան նույն կարգավիճակում։

«Ադրբեջանն անկլավների նկատմամբ ցանկանում է վերահսկողություն ստանալ առաջին հերթին Հայաստանի նկատմամաբ հավելյալ լծակներ ունենալու համար: Գիտենք, որ այդ գյուղերի մի մասը գտնվում են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի երկայնքով, իսկ մյուսը գտնվում է Հյուսիս-հարավ ճանապարհի մոտ և այստեղ լրջագույն խնդիրներ են առաջանալու: Եթե Երևանը գնա նմանատիպ զիջումների, առնվազն ստիպված ենք լինելու, օրինակ, նույն ճանապարհների հարցում գնալ այլընտրանքային լուծումների», - ասաց Գրիգորյանը:

«Մենք պատրաստ ենք ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ: բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա», - «Ազատության» հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետի այս հայտարարությունն էլ ինչ-որ չափով զիջում կարելի է համարել։ 2021-ին Հայաստանի տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո իշխանության տեսակետը հետևյալն էր՝ սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։

«Ինչ-որ չափով միգուցե դա կարելի է զիջում համարել, այնուամենայնիվ, արձանագրենք, որ Երևանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից: Արդյոք դա տեղի կունենա անմիջապես, թե ինչ-որ փաստաթղթի մեջ կարձանագրվի, որ դա պիտի տեղի ունենա, այս պարագայում երևի այնքան էլ էական չէ, որովհետև, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Ադրբեջանը հակված է որևէ տարբերակով իր զորքերը հանել Հայաստանի տարածքից», - նշեց նա:

Մոտ կես տարվա ընդմիջումից հետո՝ առաջնորդները Բրյուսելում կհանդիպեն երկու օրից՝ արտգործնախարարների վաշինգտոնյան ինտենսիվ բանակցություններից հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG