Մատչելիության հղումներ

Որևէ փաստաթուղթ, որոշում, թե ինչպես է Քյարքին դարձել ադրբեջանական, գոյություն չունի. պատմաբան


Համո Սուքիասյան, պատմաբան
Համո Սուքիասյան, պատմաբան

Ո՞ր փաստաթղթով են Տավուշի մի քանի գյուղեր ու Տիգրանաշեն-Քյարքին դարձել ադրբեջանական անկլավներ։

«Ոչ մի», - պնդում է պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը։ - «Հայաստանցի պատմաբանները, ադրբեջանցի նաև մեր գործընկերները, որ ունեն աշխատություններ՝ հոդվածներ, գրքեր հրատարակած, իրենք որևէ դեպքում անկլավների առաջացման մասին վերջնական որևէ փաստաթուղթ չեն վկայակոչում»։

Պատմաբանը թեման ուսումնասիրել է որպես «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին 1920-30 ականներին» գիտական աշխատանքի համահեղինակ։ Վերջին շրջանում, երբ անկլավների թեման բանակցային օրակարգ մտավ, դարձյալ վերսկեսեց իրավական հիմքերի փնտրտուքը. - «Եթե կա փաստաթուղթ ու հասանելի չի կողմերին, կամ պահվում է Մոսկվայում ու բաց չէ հետազոտողների համար, ես չգիտեմ»։

Համո Սուքիասյանը ներկայացնում է այն, ինչ գտել է Հայաստանի ու Վրաստանի ազգային արխիվներում» Տավուշի անկլավային գյուղերը 20-ականներին Հայաստանի սահմանում էին, 32 թվականից արդեն ադրբեջանական են՝ քարտեզի վրա մխրճված Հայաստանի տարածքում։ Այդ գյուղերում մահմեդականներ էին 19-րդ դարի 70-ականներից։ Արծվաշեն-Բաշքյանդում ապրող հայերի ու այս գյուղերում ապրող ադրբեջանցիների հարցը լուծելու ջանքեր Անդրկովկասյան հողային հանձնաժողովը գործադրում էր. - «Առաջարկվում էր վիճելի տարածքի հիմնական մասը միացնել Խորհրդային Ադրբեջանին, Բաշքենդ և շրջակայքը՝ Խորհրդային Հայաստանին»։

Այս առաջարկը սակայն, ըստ պատմաբանի, չանցավ, Հայաստանի հողագործության ժողկոմն էր դեմ։ Բայց երկու տարի անց՝ 1929-ին Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործկոմի նիտում որոշում է կայացվում՝ ադրբեջանաբնակ գյուղերը Ղազախի շրջանին, Արծվաշենը Դիլիջանի գավառին։ Թվում է, թե հենց սա է անկլավների իրավական հիմքը, բայց ըստ պատմաբանի՝ ոչ. - «Չի ստորագրվել։ Որոշում է կայացվել Թիֆլիսում, բայց հանրապետությունները չեն ստորագրել»։

Այս որոշումից մի քանի ամիս անց նույն գործկոմի նախագահությունը դիմում է երկու հանրապետություններին՝ առաջարկներ ներկայացրեք։ Ըստ պատմաբանի, դրանից հետո Տավուշի այդ անկալվների վերաբերյալ որևէ փաստաթուղթ արխիվի գզրոցներում չի հայտնաբերեվել։ Ենթադրում է, որ ելք այդպես էլ չի գտնվել. - «Փորձել են ելք գտնել՝ առաջիկայում ծագելիք խնդիրներից դուրս գալու համար։ Որովհետև ճանապարհ չլինելը լրջագույն պրոբլեմ էր դառնալու»։

Տավուշի ադրբեջանաբնակ գյուղերի վերաբերյալ այս մի քանի փաստաթղթերն ու վկայությունները կան, իսկ Տիգրանաշեն-Քյարքիի մասին ոչինչ չկա, ասում է Համո Սուքիասյանը։ Գյուղը 1939 թվականից անկլավ է դարձել քարտեզների վրա, բայց մինչև այդ Հայաստանի սահմանագծում էր, իսկ այդտեղ ապրող ադրբեջանցիները ենթարկվում էր Նախիջևանին, ոչ թե Վեդիի շրջանին. - «26-ին, երբ որ Խորհրդային Հայաստանի վիճակագիրները փորձում են այստեղ մարդահամար անցկացնել, դեկտեմբերի 17-ին, տեղի բնակիչները ընդդիմանում են, չեն ցանկանում ցուցակագրվել։ Ասում են, որ մեզ Նախիջևանից կցուցակագրեն»։

Որևէ փաստաթուղթ, որոշում, թե ինչպես է Քյարքին դարձել ադրբեջանական, գոյություն չունի, պնդում է պատմաբանը։ Մի ենթադրություն ունի. Մոսկվայի պայմանագրով Սադարակը Նախիջևանի մաս դարձավ, Քյարքին սահմանից հեռու էր, բայց գուցե ադրբեջանական դարձավ Սադարակի կազմում գտնվելու պատճառով։

Համո Սուքիասյանը կարծում է, որ անկլավների այս խառը պատմությունը սուր հարցերը ժամանակին չլուծելու հետևանք է. - «Եթե խնդիրները լուծվեին, այսօր այս կոտրած տաշտակի առաջ չէինք կանգնի մենք։ Այն ժամանակ էլ ձգձգել են։ Ես տպավորություն ունեմ, որ երկու կողմերը միշտ փորձել են ձգձգել հարցի լուծումը»։

Այսօր, ըստ նրա, նպատակահարմար լուծումն այն է, որ մնա այնպես, ինչպես կա՝ Հայաստանի սահմանի ներսում հայտնված ադրբեջանական գյուղերը հայկական դառնան, Ադրբեջանում տարածքում գտնվող Արծվաշենն Ադրբեջանին անցնի։

Պատմաբանը շեշտում է, որ Տավուշի այդ գյուղերով ու Տիգրանաշենով միջպետական ճանապարհներ են անցնում, իսկ Արծվաշենը տրանսպորտային հանգույց է Ղազախի շրջանի համար։

XS
SM
MD
LG