Մատչելիության հղումներ

«Մենք իշխանություն չենք ուզում, մենք իշխանափոխություն ենք ուզում»․ Մամիջանյան


Հանրապետական կուսակցությունն այս պահին ընթացող բոլոր փողոցային ակցիաներին մասնակցում է, ինչպես նաև նոր ակցիաներ է պլանավորում ու նախագծում, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Շտապողականություն չեն դրսևորում, որովհետև, Մամիջանյանի ձևակերպմամբ, այլևս երբեք ժողովուրդը չպետք է դուրս գա փողոց և իր հույսերը չարդարացած տուն գնա։

Մամիջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ինչո՞ւ դուք փողոցում չեք։

Մամիջանյան․ - Այս պահին ընթացող բոլոր փողոցային ակցիաներին Հանրապետականն ակտիվորեն մասնակցում է, մենք ինքներս այս պահին նախագծում և պլանավորում ենք, որովհետև մեր համոզմամբ, այլևս երբեք ժողովուրդը չպետք է դուրս գա փողոց և իր հույսերը չարդարացած տուն գնա, այ դրանից խուսափելու համար, մենք շտապողականություն չենք դրսևորում։

«Ազատություն»․ - Դուք, մենք ասելով, նկատի ունեք նաև «Հայաստա՞ն» դաշինքին։

Մամիջանյան․ - Ես, մենք ասելով, նկատի ունեմ այն խմբակցությունը, որի պատասխանատվությունը կրում է Հանրապետականը։

«Ազատություն»․ - Որովհետև Իշխան Սաղաթելյանն ասել է, որ կլինի պայքարի նոր փուլ, դուք այդ հրապարակում կլինե՞ք։

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել, ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ իշխանությանը հեռացնելու նոր պայքար են սկսում։

Մամիջանյան․ - Ես կասկած չունեմ պարոն Սաղաթելյանի ասածների վրա, և ես չունեմ նախապատվություններ հայրենիքի համար պայքարի զինակիցների հարցում, պատրաստ եմ ցանկացած զինակցի կողքին կանգնել խրամատում։

«Ազատություն»․ - Բայց միասնական գործողություններ չեն մշակվում։

Մամիջանյան․ - Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ նաև Ձեր նշած քաղաքական ուժի հետ։ Հանրապետականը չունի այդ իշխանատենչության մոտեցումը, մենք իշխանություն չենք ուզում, մենք իշխանափոխություն ենք ուզում։ Երևան քաղաքում կան շատուշատ հրապարակներ, շատուշատ փողոցներ, ինչքան ցանցային լինի այդ պայքարն, ավելի լավ։ Մենք, եթե օգուտ չտանք մնացյալ պայքարողներին, վնաս հաստատ չենք տալու։

«Ազատություն»․ - Դուք Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներին ծանո՞թ եք։

Մամիջանյան․ - Իհարկե։

«Ազատություն»․ - 1 տոկոս է Հանրապետականի և «Պատիվ ունեմ» խմբակցության վարկանիշը։

Մամիջանյան․ - Գիտեք, կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 92 տոկոս էր, բայց ես գիտեմ, որ երբ ես Երևանում քայլում եմ, իսկ ես դա անում եմ բավական հաճախ, միջինում ամեն երկրորդ կամ երրորդ քաղաքացին մոտենում է ու ամենամեղմ ձևակերպումը, հարցնում է՝ «ե՞րբ եք սրանց ռադ անելու», մնացած կոշտերը եթեր չեմ բերում։ Դե հիմա թող ինձ պատմեն, թե ով, ինչքան վարկանիշ ունի։

«Ազատություն»․ - Դուք մասնակցելո՞ւ եք քաղաքապետի ընտրություններին։

Մամիջանյան․ - Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ հարցով քննարկում դեռևս նույնիսկ չունի, շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու բոլորս միասին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG