Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագիր՝ միջազգային մեխանիզմո՞վ, թե՞՝ առանց


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Իշխանականները խուսափում են ուղիղ պատասխանել հարցին՝ Հայաստանը այնուամենայնիվ կստորագրի՞ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը շարունակի մերժել միջազգային տեսանելի մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ արցախցիների իրավունքների ու անվտանգության շուրջ։

Այս պահին Ադրբեջանն այդ հեռանկարը կտրականապես մերժում է՝ հայտարարելով, թե Ղարաբաղն իր տարածքն է, ղարաբաղցիներն էլ՝ իր բնակիչները։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նախապայմաններ դնելու կողմնակից չէ, չնայած, ասում էր, Հայաստանի ընկալումն այն է, որ այդ հարցը նույնպես լինի խաղաղության պայմանագրի կետերից մեկը։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյան, արխիվ
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյան, արխիվ

«Եթե դուք պայմանագիր եք քննարկում և սկսում եք, ինչ-որ, ձեր մոտեցումները վետոներով դնել, կամ առանց վետոների դնել, կամ քննարկել լրագրողների հետ, և այլն, այդ պրոցեսը չի դառնում կոնստրուկտիվ քննարկման պրոցես: Ես նույնիսկ այդ բանակցային փաստաթղթի ուղիղ քննարկողը չեմ՝ կա Արտգործնախարարություն, ինստիտուցիոնալ մեխանիզմներ կան, կա վարչապետ, կա Անվտանգության խորհուրդ, ես ոչ մեկից չեմ», - ասաց Արշակյանը: Այնուամենայնիվ, ընդգծեց նա, «հայկական մոտեցումը դա է»:

Առանց արցախցիների իրավունքների ու անվտանգության շուրջ միջազգային մեխանիզմ ձևավորելու ստորագրե՞լ, թե՞՝ ոչ. ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն ասում էր՝ որոշողը վարչապետն է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան, արխիվ

«Միջազգային հուսալի երաշխիքների առկայությունը՝ դա այն թեզն է, որը որ մենք անընդհատ պնդելու ենք, անընդհատ շոշափելու ենք, երբ որ ընթանում են բանակցություններ: Եվ կարծում եմ, որ, ասենք, մենք ինչ-որ մի պահի կկարողանանք ստանալ, ասենք, որոշակի առաջարկ», - նշեց Արսենյանը՝ հավելելով. - «Ստորագրելու հետ կապված՝ կայացած քաղաքական որոշումները՝ դա պետական այրերի կողմից այդ պահին իրավիճակի գնահատման հետևանք պետք է լինի, վերլուծության և գնահատման»:

Նախօրեին վարչապետը հստակեցրեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Հայ - ադրբեջանական բանակցությունների թիվ մեկ հարցը Արսենյանը Հայաստանի Հանրապետությունն է համարում, Արցախը, ասաց, բաղադրիչն է. - «Հայաստանի՛ Հանրապետությոան հարցն է՝ առաջին հերթին, մենք քննարկում ենք Հայաստանի՛ Հանրապետության հարցը, մեր հիմնական օրակարգի համար մեկ հարցը դա Հայաստանի հարցն է: Մենք քննարկում ենք մեր երկրի և հարևան պետության միջև կնքվող խաղաղության պայմանագիրը՝ առաջնայինը դա է: Արցախը հանդիսանում է այդ օրակարգի բաղադրիչը»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը չի բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը առանց միջազգային մեխանիզմի պայմանավորվածության։ Ալիևի բոլոր պահանջներն, ասում էր, Փաշինյանը կատարում է, որի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

«Ալիևն ի՞նչ էր ասում՝ ասում էր՝ «ոնց որ ասում էիր «Արցախը Հայաստան է և վերջ», դե հիմա վեր կաց հայտարարիր «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»: Նիկոլ Փաշինյանը դա՛ հայտարարեց, ասեց՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», - ընդգծեց Խաչատրյանը:

«Բոլոր բանակցությունները՝ լինի դա Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում թե Կըզըլ Օրդայում, ինքը զիջում է: Դրա համար, որ ասում է՝ գնում ենք առաջ, ասում ենք՝ պետք չի գնալ առաջ, եթե դիմացդ անդունդ է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG