Մատչելիության հղումներ

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց նոր պայքար սկսելու մասին


Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ վարչապետ Փաշինյանի երեկվա պատրաստակամությունից հետո ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարեց՝ իշխանությանը հեռացնելու նոր պայքար են սկսում։

Թվարկելով հայ-ադրբեջանական առաջիկա բանակցությունները՝ Մոսկվա, Քիշնև, Բրյուսել, Գրանադա, Սաղաթելյանը կարծիք հայտնեց՝ Փաշինյանը Ալիևի հետ առաջիկա բանակցությունների մասին խոսելով հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ոչ միայն ճանապարհային քարտեզը, այլև՝ ժամանակացույցը։ Առաջնորդների հայտարարած վերջին հանդիպումը իսպանական Գրանադայում հոկտեմբերին է նախատեսված։

«Հայ ժողովուրդը, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար։ Ընդդիմությունը ևս պետք է հստակ ձևակերպի իր քայլերն ու գործողությունները և պայքարը շարունակի։ Մինչև այդ, կարծում եմ, առաջիկա օրերին Հայաստանում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, առնվազն այս պահին ցույց տալու համար, որ իր ստորագրած ցանկացած փաստաթուղթ առոչինչ է», - ասաց նա։

Դաշնակցությունը, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, ամեն ինչ անելու է նոր կապիտուլյացիան կանխող համաժողովրդական լայն համախմբում ապահովելու համար։ Նաև փողոցային պայքարից խոսեց։ Գործողությունների կոնկրետ ժամկետներ հրաժարվեց նշել։

«Իրենք լեգիտիմ չեն, իրենք չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը, հետևաբար ցանկացած գործողություն այս իշխանություններից ազատվելու և երկիրը փրկելու՝ կլինի անհնազանդություն, ապստամբություն։ Այս իշխանությունն ընտրության այլ հնարավորություն չի թողնում՝ կամ պետք է հանձնվել, կամ պետք է պայքարել հայրենիքի համար։ Ես բռնի գործողությունների կոչ չեմ անում, ապստամբությունը անհնազանդություն է և ժողովրդի սրբազան իրավունքն այն իշխանության դեմ, որի ձեռքը ժողովուրդը գերի է ընկել», - ասաց նա։

ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ է կարծում՝ յուրաքանչյուր վայրկյանն է վնաս հասցնում հայկական երկու պետություններին։ Ասաց՝ հակափաշինյանական ակցիաներին իրենք միշտ են միացել, քննարկումներ հիմա էլ են անցկացնում, բայց չբացահայտեց որ ուժերի մասնակցությամբ և ինչ ծրագրի շուրջ. - «Հույս չունեմ, ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է»։

Խորհրդարանական ընդդիմության ձևավորած «Դիմադրության» շարժումն անցած տարի տևական փողոցային ակցիաներից հետո չկարողացավ հասնել հայտարարված գլխավոր նպատակին՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականին։ Մինչ Իշխան Սաղաթելյանն այսօր ասում էր՝ նաև պայքարի նախորդ փուլերի բացթողումներն են վերլուծելու, իշխանությունից Արթուր Հովհաննիսյանը հենց նախկին փորձերին հղում անելով հայտարարում էր՝ ընդդիմությունը սպառել է իր ռեսուրսները։

«Որևէ մեկը չի խոչընդոտելու որևէ մեկի կամքի ազատ արտահայտմանը։ Մեր խնդրանքն ու հորդորը պարզապես տվյալ շրջանակներին նա է, որ իրենց գործողություններով հանկարծ չվնասեն ՀՀ պետական շահերին և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի շահերին, որովհետև այդ դեպքում նրանց գործողությունների հակազդեցությունը բավականին խիստ է լինելու մեր կողմից օրենքի շրջանակներում», - նշեց նա։

Խորհրդարանում իշխանականները այսօր մեծամասամբ հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին։ Բացառություն էր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա և՛ Ադրբեջանի նախագահին ռազմական հանցագործ էր անվանում, ասում, որ Ալիևը վստահելի չէ, և՛ որ ամեն ինչ պետք է անել հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու համար՝ հանուն երկարատև խաղաղության։ Մինչ ընդդիմությունը մեղադրում է, որ իշխանությունը փակել է Արցախի հարցը՝ ընտրելով այն Ադրբեջանին հանձնելու ճանապարհը, իշխանական պատգամավորը պնդում է՝ ինքնորոշման համար շանսերը հիմա էլ ավելի են մեծանում։

«Այս իրավիճակով էլ ավելի մեծ է հնարավորությունը Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացման, և ավելի քիչ են ռիսկերը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքների շուրջ, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շուրջ այս պարագայում», - նշեց նա։

Հայաստանի ղեկավարին ուղղված Արցախի խորհրդարանի երեկվա կոշտ հայտարարությունները Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել, միայն սահմանափակվեց ասելով՝ չի ընդունում դրանք։

Մարդկանց խաբելով չե՞ն ստացել իշխանություն, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ չեն ասել՝ ինչ է սպասվում, այն պարագայում, երբ նախընտրական ծրագրում գրել էին, թե ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը պատկերացնում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմամբ։

Իրավիճակ է փոխվել, ասում էր Արթուր Հովհաննիսյանը, բայց իրենք դրա մասին էլ պարբերաբար մարդկանց տեղեկացնում են. - «Ուզում եմ՝ մենք էլի ֆիքսենք մար հնարավոր անելիքները, մեր անելիքը հետևյալն է՝ ապահովել 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները և Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում էլ իշխանությունները խոստանում են ժողովրդի հետ անկեղծ լինել, փաստաթուղթը ծածուկ չեն ստորագրի։

Փաշինյան-Ալիև առաջիկա բանակցություններն երկու օրից են, այս անգամ Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Հայաստանի վարչապետը երեկվա ասուլիսում քիչ հավանական համարեց, որ երկու օր անց խաղաղության պայմանագիրը ստորագրվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG