Մատչելիության հղումներ

Հայաստանը պարզապես խուսափում, փախչում է պատասխանատվությունից․ Դավիթ Բաբայան


Պարզապես խուսափել, փախչել պատասխանատվությունից․ Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն այսպես է արձագանքում Երևանից հնչող փաստարկին, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։

Բաբայանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային կողմ և հակամարտության կողմ և պարտավոր է բանակցությունները վարել։

Բաբայանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Երևանից հնչող փաստարկներից է, պարոն Բաբայան, որ ով, եթե ոչ դուք՝ արցախցիներդ պետք է խոսեք, որոշեք ձեր ճակատագիրը, բարձրացնեք այդ հարցերը Բաքվի առջև, և ահա այս երկխոսության ֆորմատը, որ պիտի ստեղծվի, հենց դրա համար է լինելու։

Բաբայան․ - Շատ ցավալի է, որ այդպես են ասում, սա ոչ այլ ինչ է, քան պարզապես խուսափելու պատասխանատվությունից, փախչելու։ Ուրմեն՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է և՛ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կողմ բանակցային, և՛ հակամարտության կողմ և պարտավոր է բանակցությունները վարել։ Այսինքն՝ ճանաչել մեզ Ադրբեջանի կազմում, էդ կարողանում են, պատրաստ են, բայց դրանով եզրափակվում են, ասում են՝ մնացածը դուք։

Ո՛չ, այդպես չի լինելու, եթե այդպես եք ուզում անեք, այդ դեպքում բոլոր իրավական մեխանիզմները պետք է պահպանվեն․ վարչապետը, պաշտոնապես ստորագրում է իր ձեռքով, որ այո՛, ինքը ճանաչում է այ էս, էս, ինչքան էլ ամոթալի և սարսափելի չլինի դա, դրանից հետո կտեսնենք, եթե որբ ենք, իհարկե, շատ ծանր կարգավիճակ է որբի կարգավիճակը, բայց նաև որոշ հնարավորություններ էլ է ստեղծում՝ փոխաբերական իմաստով։

«Ազատություն»․ - Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում, պարոն Բաբայան, մասնավորապես, խորհրդարանն էլ երեկ, դուք էլ պարբերաբար ինքնորոշման իրավունքն ենք վկայակոչում, արդյո՞ք դա իրատեսական է մի մթնոլորտում, երբ Բաքուն անգամ նվազագույն ինքնավարության համաձայն չէ, և միջազգային որևէ կենտրոն այսօր այլևս այդ ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում։

Բաբայան․ - Դե լավ ասեք՝ ի՞նչ անենք։ Դե սպանեք արցախցիներին։ Մեր լուծումը հետևյալն է՝ ատամներով պաշտպանել։

«Ազատություն»․ - Կա՞ դրա ներուժը։

Բաբայան․ - Այո՛, կա, իհարկե կա։ Առնվազն մինչև 2025 թիվը կարելի է պաշտպանել և պահպանել այն, հետո կխոսենք։

«Ազատություն»․ - Մինչև 2025 թիվը վստահ եք, որ ռուսները չեն հեռանա Արցախից։

Բաբայան․ - Չէ՛, 100 տոկոս կմնան, բայց եթե մինչև 25 թիվը այդպիսի իրավիճակ ստեղծվի, որ կամավոր Հայաստանն, ասենք, համարում է Ադրբեջանի մաս Արցախը, ի՞նչ կարող է լինել, ադրբեջանական կողմը կարող է հարձակվել, հետո ի՞նչ է լինելու, 1900 ռուսն ի՞նչ պիտի անի։

Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG