Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Հայաստանի հաշվին զիջումների է գնում. Արեգ Քոչինյան


«Ազատությունը» հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում մոսկովյան բանակցությունները՝ եթե չեն քննարկվել այլ հարցեր, ըստ պաշտոնական հաղորդագրությունների։ Դա լա՞վ է, թե՞ վատ, որ Լաչինի միջանցք, Ղարաբաղի կարգավիճակ և այլ հարցեր դուրս են մնում բանակցություններից ռուսական ֆորմատում։

Քոչինյան. - Ես, ճիշտն ասած, հակված եմ հավատալ, որ այլ հարցեր չեն քննարկվել, որովհետև տասնհինգ րոպե էր տևել կարծես թե տևել եռակողմը։ Ժամանակի առումով էլ դժվար ա ինչ-որ ուրիշ բան տեղավորել... Գիտեք, ես կարծում եմ, ինչքան ավելի քիչ հարցեր բովանդակային քննարկվեն ռուսական պլատվորմում, էնքան ավելի լավ Հայաստանի համար։ Որովհետև վերջին երկու - երկուս ու կես տարիների փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն Ռուսաստանը կա'մ նախապես, կա'մ փաստերի արդյունքում գնում է զիջումների Ադրբեջանին, գնում է զիջումների Հայաստանի հաշվին, կամ Ղարաբաղի հաշվին, ու մենք կանգնում ենք փաստի առջև։ Սրա ամենադասական օրինակը գիտե՞ք ինձ համար որն է։ Դա շատ ցցուն օրինակ է. երբ, օրինակ, սեպտեմբերյան հարձակման ժամանակ ադրբեջանցիները վերցնում են դիրքերը, որոնք որ ռուսական սահմանապահները լքած են լինում երկու ժամ առաջ, և մենք ըստ էության կանգում ենք փաստի առաջ։ Փաստորեն մեզ տեղյակ էլ չեն պահում, որ իրանք էդ դիրքերը լքելու են, ադրբեջանցիները գալիս են, էդ դիրքերը վերցնում են, և մենք մանկապարտեզի երեխայի վիճակում ենք հայտնվում։ Այս նույն իրավիճակը կրկնվում ա ըստ էության նաև դիվանագիտական հարթության մեջ։ Դրա համար ինչքան ավելի քիչ թեմաներից խոսվի ռուսական հարթակում, ես կարծում եմ, ավելի լավ։

«Ազատություն». - Բայց Երևանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ կողմ է կարգավորման ռուսական տարբերակին, որ խաղաղապահները մնան...

Քոչանյան. - Էդ ռուսական առաջարկը իր մեջ ներառում է նաև 15-րդ կետը։ Երբ որ մենք էդ 15-րդ կետը հանում ենք, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը և ինչին ըստ էության չի արձագանքում Ռուսաստանը, ընտեղ ռուսական առաջարկ չկա։ Որովհետև ռուսական առաջարկը, էդ 15-րդ կետը որ հանած ա, ադրբեջանական առաջարկից մինչև էդ գոյություն ունեցող որևէ կերպ չի տարբերվում։

«Ազատություն». - Այսինքն՝ դա արդեն տապալվա՞ծ սցենար է...

Քոչինյան. - Քանի դեռ Ադրբեջանի նախագահը գալիս է և Ռուսաստանի նախագահի առջև նստում է ու ասում է՝ մենք Ձեզ հետ Ղարաբաղի թեմայով խոսալու բան չունենք, ինչպե՞ս կարող է Ռուսաստանը 15-րդ կետ ներառի էդ թղթի մեջ, որտեղ ասվում է՝ Ղարաբաղի կարգավիճակը թողնել ապագային։ Այսինքն նորից՝ եթե չկա 15-րդ կետ, չկա ուրեմն նաև ռուսական առաջարկ, որին կողմ կամ դեմ կարող է լինել Երևանը։

«Ազատություն». - Բայց դա նաև նշանակում է, որ պետք է նաև խաղաղապահները հեռանան երկու տարուց։

Քոչինյան. - Այո, ես Ձեզ հետ համաձայն եմ։ Եվ դա աղետալի հետևանքներ է իր մեջ պարունակում։ Բայց էստեղ հարցը հետևյալն է՝ ի՞նչ ասելիք կամ անելիք ունի էստեղ Երևանը։ Էդ խաղաղապահները Երևանին չեն ենթարկվում, էդ խաղաղապահները Երևանի խաղաղապահները չեն, որպեսզի Երևանը ստեղ ինչ-որ բան անի կամ չանի։ Երևանը համաձայն է էդ առաջարկին, էդ 15-րդ կետին Երևանը համաձայն է։ Սրանից ավել, ցավոք սրտի, գոյություն ունեցող պայմաններում ես չեմ տեսնում Երևանը էս հարցում՝ կոնկրետ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության և իրավունքների պաշտպանության ռուսական պլատֆորմում ինչ կարող է անել։ Այլ պլատֆորմում ես տեսնում եմ, որ աշխատանք կա, և աշխատանքը պետք է արվի։

«Ազատություն». - Երեկ որտեղ խոսեց Ալիևը, ասաց, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի՞նչ է ստանում Երևանը դրա դիմաց։

Քոչինյան. - Ամենաառաջինը՝ դրա դիմաց ստանում է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Երկրորդը, մենք Արցախի թեմային որոշակի իրականությունից կտրվածությամբ ենք վերաբերվում, երբ խոսում ենք Արցախը տալ-չտալ տրամաբանության մեջ։ Հայաստանը ճանաչում ա, ուրեմն տալիս ա, չի ճանաչում՝ ուրեմն չի տալիս... բայց տվողը և չտվողը Հայաստանը չէ։ Էն պահից սկսած, երբ որ Հայաստանը գնացել-դիմել ա երրորդ կողմ ա բերել-կանգնացրել Արցախում, և երրորդ կողմն ա ըստ էության անվտանգության երաշխիքները տալիս, այդ տվող-չտվողը արցախյան թեմատիկայում Հայաստանը չէ։

«Ազատություն». - Եթե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է դուրս կգա՞ Հայաստանի օկուպացված տարածքներից։

Քոչինյան. - Չէ, չի նշանակում իրականում։ Որովհետև դա առանձին պրոցես է՝ դելիմիտացիա և դեմարկացիա, և ըստ էության արդեն մենք պետք ա մեր խոսույթի մեջ ներառենք նաև երրորդը՝ դելիմիտարիզացիա։ Էդ պրոցեսները դեռ պետք է ընթանան, դեռևս հարց ա՝ ո՞ւմ միջնորդությամբ, կամ ում մեդիացիայով էս գործընթացները պետք է ընթանան։ Սա էլ ա շատ կարևոր հարց, ես նույնիսկ կասեի՝ ամենակարևոր հարցն ա, որովհետև եթե ստեղ ռուսական մեդիացիա ենք մենք ունենում, ես ունեմ կանխատեսում, որ դա կարող է տևել տասնամյակներ։ Դա կարող է լինել պրոցես առանց ավարտի, և կարող է լինել բացառապես քաղաքական գործընթաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG