Մատչելիության հղումներ

Կրեմլի առաջնորդները հաստատ իրենց մահով չեն մեռնելու. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Կրեմլի առաջնորդները դժվար թե բնական մահով մեռնեն։

«Կրեմլում, հավատացեք, վատ ավարտ են ունենալու։ Չգիտեմ ինչպես, ճիշտն ասած, բայց կուզենայի, որ դա արագ ավարտվեր։ Բայց նրանք հաստատ իրենց մահով չեն մեռնի», - ասել է նա։

Զելենսկիին պատասխանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ իրեն բնորոշ վիրավորական ձևով գրելով, թե «Կիևում թմրամոլն ինքնասպան է լինելու վախից, ինչպես Հիտլերը»։

Մայիսի 3-ին, երբ Ռուսատանի նախագահի վարչակազմը հայտարարեց Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման և Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մասին, Մեդվեդևը բացահայտ կոչ արեց ֆիզիկական վերացնել Զելենսկուն. - «Նա պետք չէ անգամ անվերապահ հանձնման ակտը ստորագրելու համար։ Հիտլերը, ինչպես գիտեք, նույնպես չի ստորագրել կապիտուլացիայի ակտը»:

Ուկրաինայում հերքում են իրենց մասնակցությունը Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, որում Մոսկվան մեղադրում էր Կիևին։ Զելենսկին այս կապակցությամբ ասել էր, թե Ուկրաինան «չի հարձակվում ո՛չ Պուտինի, ո՛չ Մոսկվայի վրա», քանի որ երկիրն ունի զենքի պակաս, և Զինված ուժերը չեն կարող «օգտագործել դրանք Ուկրաինայի տարածքից դուրս»։

Ուկրաինական ուժերը հաջող հակահարվածներ են իրականացրել Բախմուտի մերձակայքում. Աննա Մալյար

Մինչ այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե մայիսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերը փորձել են առաջ գնալ Դոնեցկի մարզում։

«Երեկ Սոլեդարի ուղղությամբ հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել շփման գծի ողջ երկայնքով՝ ավելի քան 95 կիլոմետր երկարությամբ», - ասել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ պնդելով, թե ռուսներին հաջողվել է կանգնեցնել ուկրաինացիներին։

Ուկրաինական կողմը հարձակողական գործողություններից մանրամասներ չի հայտնում։ Զելենսկին այսօր միայն ասել է, թե Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցրել են ռուսական ուժերին և նույնիսկ ետ շպրտեց նրանց որոշ ուղղություններում։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով, ուկրաինական ուժերը հաջող հակահարվածներ են իրականացրել Բախմուտի մերձակայքում՝ ռուսական զորքերին հեռացնելով քաղաքում կռվող ստորաբաժանումներին մատակարարող ճանապարհներից և 2 կմ առաջ են գնացել։

Ռուս ռազմական բլոգերներն երեկ մտավախություն էին հայտնել, որ Բախմուտում կռվող «Վագների» վարձկանները կարող են հայտնվել շրջապատման մեջ։ Եվգենի Պրիգոժինը նախօրեին ասել էր, որ «ուկրաինացիները ճեղքում են ռուսական ճակատը»: Այսօր էլ նա հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հղած նամակը, որում առաջարկել է նախարարին «գալ Բախմուտ տեղում իրավիճակը գնահատելու համար»։

Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունը մեծացրել է խուճապը Ռուսաստանի տեղեկատվական հարթակներում. ամերիկացի փորձագետներ

Երեկ երեկոյան ռուսական սոցցանցերում գրում էին, թե Ուկրաինայի զինված ուժերի հակագրոհները և ուկրաինական տեխնիկայի նկատվող տեղաշարժը ճակատի մոտ ուկրաինական սպասվող խոշոր հակահարձակման սկիզբն են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ ստիպված էր ուշ երեկոյան հաղորդագրություն տարածել, որում պնդել է, թե «ուկրաինական ուժերի կողմից ռուսական պաշտպանական գիծը ճեղքելու մասին տարածվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։

Ամերիկացի ռազմական փորձագետները գրում են, թե Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունը մեծացրել է խուճապը Ռուսաստանի տեղեկատվական հարթակներում ուկրաինական սպասվող հակահարձակման ֆոնին։

Երեկ Զելենսկին հայտարարել էր, թե ուկրաինական բանակին հավելյալ ժամանակ է պետք սպասվող մեծ հակամարտության համար, մինչև երկիրը ստանա դաշնակիցների խոստացած զենքի ամբողջ քանակը։

Դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են 575 տանկ և 28 ինքնաթիռ՝ հակահարձակման համար, այսօր հայտնել է Եվրամիությունում Լեհաստանի ներկայացուցչությունը։

Վաշինգտոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է լրացնել զենքի պակասը, եթե Ուկրաինան խնդրի։ Երեկ այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. - «Եթե պակաս լինի, մեզ կասեն, և մենք բոլոր ջանքերը կգործադրենք դա լրացնելու համար»։

Երեկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել Ուկրաինայաին ավելի հեռահար հրթիռներ տրամադրելու մասին. - «Այսօր ես կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը Storm Shadow հրթիռներ է նվիրաբերում Ուկրաինային: Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվել դրանից։ Storm Shadow-ի կիրառումը թույլ կտա Ուկրաինային հետ մղել ռուսական ուժերը, որոնք տեղակայված են Ուկրաինայի ինքնիշխան տարածքում»։

Արդեն մի քանի ամիս է Արևմուտքում և Ուկրաինայում, նաև Ռուսաստանում բոլորը խոսում են ուկրաինական սպասվող հակահարձակման մասին։ Արևմտյան մամուլը գրեթե ամեն օր գրում է, թե ուկրաինական բանակը պետք է լուրջ հաջողությունների հասնի այդ հակահարձկման ժամանակ, հակառակ դեպքում կկորցնի Արևմուտքի այսօրվա աննախադեպ աջակվությունը։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը շեշտել է այսօր, թե Կիևը միայն մի պլան ունի՝ ազատագրել իր բոլոր տարածքները։

«Միակ խնդիրը ժամանակն է։ Կիրականացվի մեկ կամ մի քանի գործողություն, կախված է բազմաթիվ հանգամանքներից: Մենք ժամանակով չենք սահմանափակվելու, պայքարելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվի», - ասել է Դանիլովը՝ միաժամանակ հավելելով, թե պատերազմը կարող է այս ձմեռ ավարտվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG