Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, թե ուկրաինական ԱԹՍ-ներն են փորձել հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրին


Կրեմլը պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը այս գիշեր հարձակվել են Մոսկվայում Պուտինի նստավայրի վրա։ Ըստ Ռուսաստանի իշխանությունների, սա «ահաբեկչական հարձակում է»։

Արցած գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել Կրեմլը։ Երկուսն էլ, Կրեմլի պնդմամբ, խոցվել են։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, անօդաչու թռչող սարքի հարձակման պահին Պուտինը Կրեմլում չի եղել։ Այսօր էլ Պուտինը Կրմելում չի եղել, աշխատել է մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում։

Նախագահի գրաֆիկը, Պեսկովի պնդմամբ, չի փոխվել։ Կրեմլի տարածած հայտարարությունում նշված է. - «Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել այնտեղ, որտեղ և երբ հարմար կգտնի»։

Կատարվածը Կրեմլը անվանել «ահաբեկչություն և Պուտինի դեմ մահափորձ»։

Չնայած այս հարձակմանը, Պուտինը մասնակցելու է մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին, - ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Հետաքրքիր է, որ հարձակումը գիշերն է տեղի ունեցել, սակայն Կրեմլը այդ մասին հայտնել է միայն ցերեկը, ինչից հետո հարձակումը ֆիքսած տեսանյութերը սկսել են ակտիվ տարածվել համացանցում։

Կրեմլի հայտարարությունից մի քանի րոպե առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայիսի 3-ից Մոսկվայում արգելվում է անօդաչու թռչող սարքեր գործարկել։

Պաշտոնական Կիևը հերքում է, թե ուկրաինական ուժերն են կազմակերպել հարձակումը Կրեմլի վրա

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, թե Կիևը տեղեկություն չունի Կրեմլի վրա «գիշերային հարձակումների մասին». - «Ինչպես նախագահ Զելենսկին է բազմիցս ասել, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքները ազատագրելուն, այլ ոչ թե հարձակվում է ուրիշների վրա»։

Պաշտոնական Կիևը երբեք չի ստանձնում Ռուսաստանի տարածքում տեղի ունեցած հարձակումները պատասխանատվությունը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն նույնպես ասել է, որ Ուկրաինան «անշուշտ կապ չունի Կրեմլի վրա անօդաչու սարքերի հարձակումների հետ». - «Մենք չենք հարձակվում Կրեմլի վրա, քանի որ առաջին հերթին դա ռազմական խնդիր չի լուծում։ Բացարձակապես։ եվ դա չափազանց անբարենպաստ է մեր հարձակողական միջոցառումների նախապատրաստման տեսանկյունից։ Եվ դա իհարկե չի փոխում իրավիճակը ռազմիճակատում»։

Պոդոլյակը չի բացառել, որ Կրմելի վրա հարձակումը կարող էին կազմակերպել հակաիշխանական ուժերը Ռուսաստանի ներսում։

Նա նաև մեղադրել է Կրեմլին «մոտ օրերս լայնածավալ ահաբեկչական սադրանք» նախապատրաստելու մեջ։ Նրա խոսքով, Ռուսաստանը վախենում է ուկրաինական առաջիկա հարձակումից և «ամեն կերպ փորձում է շեղել ուշադրությունը, ստեղծել աղետալի լուրեր»։

Մինչդեռ Ռուսաստանում Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը որոշ հարցեր է առաջացրել։ Ռուսաստանի «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Telegram-ի իր ալիքում գրել է. - «Այն փաստը, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են հենց Կրեմլի վերևում, լավ է: Բայց ինչպե՞ս են նրանք հայտնվել այստեղ: Որտե՞ղ է հակաօդային պաշտպանությունը»։

Լարված է իրավիճակը նաև Ռուսաստանի այլ շրջաններում

Լարված է իրավիճակը նաև Ռուսաստանի այլ շրջաններում, ամեն օր պայթյուններ, հրդեհներ։

Անցած գիշերը Կրասնոդարի երկրամասում նավթամթերքով տանկեր է բռնկվել, իշխանությունները չեն նշում հրդեհի պատճառը։
Բրյանսկի մարզում էլ երկաթուղում երկրորդ պայթյունն է եղել, ևս մեկ բեռնատար գնացք դուրս է եկել ռելսերից, հայտնել են շրջանային իշխանությունները։ Այսօր առավոտյան, ռուսական Telegram ալիքների փոխանցմամբ, անօդաչու թռչող սարքը հարվածել է Բրյանսկի շրջանի ռազմական օդանավակայանին։ Ենթադրաբար, խոսքը Սեշայի օդանավակայանի մասին է, որտեղ տեղակայված է Ռուսաստանի ՊՆ 224-րդ թռիչքային ջոկատը։

Հաճախակի դարձած այս հարձակումների ֆոնին ռուսական քաղաքների իշխանությունները հրաժարվում են մայսիսի 9-ին անցկացվող Հաղթանակի օրվան նվիրված շքերթներից։ Անվտանգության նկատառումներից ելնելով տոնական շքերթները չեղարկվել էր Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի և Պսկովի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում։

XS
SM
MD
LG