Մատչելիության հղումներ

Կիևը հակահարձակման մի քանի տարբերակ ունի և, կախված հանգամանքներից, կընտրի դրանցից մեկը


Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլով
Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլով

Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովի խոսքով, նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ չի հաստատել առաջիկա հակահարձակման վերջնական պլանը։

«Մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վերջնական որոշում կկայացնի ժամկետների և ուղղությունների վերաբերյալ: Եվ երբ ինչ-որ մեկը սկսում է խոսել ինչ-որ բանի մասին, նույնիսկ Արևմուտքի հարգված կառույցներից, հավատացեք ինձ, այսօր ոչ ոք հստակ չգիտի հակահառձակման մեր բոլոր ծրագրերը, քանի որ վերջնական պլանը դեռ հաստատված չէ», - ասել է Դանիլովը։

Ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում նա հավելել է, որ Կիևը հակահարձակման մի քանի տարբերակ ունի և, կախված հանգամանքներից, կընտրի դրանցից մեկը։

Ամեն դեպքում, եթե Կիևը հաջողութան չհասնի առաջիկայում սպասվող հակահարձակման մեջ, ապա կլինի ևս մեկը, Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան. - «Եթե մենք հաջողենք այս հակահարձակմանը և ազատագրենք մեր տարածքները, ապա կասեք՝ այո, դա վերջինն էր։ Իսկ եթե ոչ՝ մենք պետք է պատրաստվենք հաջորդ հակահարձակմանը»։

Պաշտոնական Կիևը պարբերաբար կրկնում է՝ այսպես թե այնպես, այս պատերազմը պետք է ավարտվի Ուկրաինայի հաղթանակով։

Իրավիճակը ռազմի դաշտում փոխվել է

Մինչ ուկրաինական կողմը պատրաստվում է հակահարձակման, իրավիճակը ռազմի դաշտում փոխվել է։ Ուկրաինացի զինվորականները և ռուս ռազմական բլոգերները խոսում են Բախմուտում ուկրաինական ստորաբաժանումների առաջխաղացման մասին։

«Ազով» խմբի հրամանատար Անդրեյ Բիլեցկին ասում է, թե գրոհների արդյունքում ուկրաինական ուժերին հաջողվել է ճակատի հատվածներից մեկում հետ մղել ռուսական ստորաբաժանումները. - «Ջախջախվել են ռուսական 72-րդ բրիգադի ստորաբաժանումները, փաստացի ամբողջովին ոչնչացվել են 6-րդ և 8-րդ վաշտերը։ Ոչնչացվել է ռազմական տեխնիկայի զգալի քանակ, կան մեծ թվով գերիներ։ Մեծ կորուստներ ունի նաև «Վագների» երորորդ ջոկատը»։

Ուկրաինացի զինվորականների պնդմամբ, Բախմուտում նրանց հաջողվել է առաջ գնալ մոտ երեք կիլոմետր։

Այս գիշեր և առավոտյան հարվածի տակ էին նաև Ռուսաստանի որոշ շրջաններ

Երկու անօդաչու թռչող սարք Վորոնեժի մարզում մայիսի10-ի գիշերը հարվածել են Պոգոնովո ավանի զորամասին, հայտնում է Astra Թելեգրամ ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Տասից ավելի զինծառայողներ վիրավորվել են։

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հաստատել է, որ մայիսի 10-ի առավոտյան երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել տարածաշրջանի ռազմական օբյեկտի վրա։ Նա չի հստակեցրել, թե արդյոք կան տուժածներ։

Ուկրաինային սահամանակից Բելգորոդի մարզի նահանգապետն էլ հայտարարել է Շեբեկինո գյուղի հրետակոծության մասին։ Մեկ մարդ զոհվել է

Մինչ այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները օրեր առաջ խոցել են ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։ Ռուսական այս նոր հրթիռը անխոցելի էր համարվում։

«Կարող եմ հաստատել, որ նրանք խոցել են ռուսական հրթիռը՝ օգտագործելով Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Ինչպես գիտեք, այդ համակարգը հակաօդային պաշտպանության ավելի լայն հնարավորությունների մի մասն է, որը Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը տրամադրել են Ուկրաինային», - ասել է Ռայդերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Միացյալ Նահանգները շարունակում է աննախադեպ ռազմական օգնությունը Ուկրաինային

Վաշինգտոնը հայտարարել է Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ «Այն կներառի, ի թիվս այլ բաների, հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք և հրետանային արկեր», - ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG