Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին մեղադրում է Կիևին ահաբեկչության մեջ


Զախար Պրիլեպինի ավտոմեքենան
Զախար Պրիլեպինի ավտոմեքենան

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը նախօրեին Yahoonews-ին տված հարցազրույցում դիտարկմանը, թե Ռուսաստանը հայտարարել է, որ Դարիա Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, արձագանքել է. - «Մի շարունակեք այս թեման։ Ես միայն կմեկնաբանեմ, որ մենք սպանել ենք ռուսներին և կշարունակենք սպանել ռուսներին աշխարհի ցանկացած կետում՝ մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը»։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ի պատասխան այսօր ասել է, թե դա «հրեշավոր հայտարարություն» է և «ահաբեկչական գործունեությանը Ուկրաինայի մասնակցության ապացույց». - «Սա իսկապես հրեշավոր հայտարարություն է, որն ուղղակի հաստատումն է այն բանի, որ Կիևի ռեժիմը ոչ միայն հովանավորում է ահաբեկչական գործողությունները, այլ հանդիսանում է այդ գործունեության անմիջական կազմակերպիչը»։

Դմիտրի Պեսկովը հավելել է, թե Ռուսաստանի իշխանությունները «շատ ուշադիր» կհետևեն արևմտյան երկրների արձագանքին. - «Շատ դժվար է պատկերացնել, որ նման ահաբեկչական հայտարարությունները կարող են մնալ առանց դատապարտման»։

Անցած հանգստյան օրերին Նիժնի Նովգորոդի մարզի Բորսկի շրջանում պայթեցվել է գրող, քաղաքական գործիչ, Ուկրաինայի դեմ պատերազմին ակտիվորեն աջակցող Զախար Պրիլեպինի մեքենան։ Վարորդը զոհվել է, Պրիլեպինը՝ վիրավորվել։

Պաշտոնական Կիևը ո'չ Պեսկովի այսօրվա հայտարարությունը, ո'չ էլ Պրիլեպինը դեմ ենթադրյալ մահափորձը, որի մեջ Մոսկվան կրկին Կիևին է մեղարդել, դեռ չի մեկնաբանել։

Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրը նշել մայիսի 8-ին

Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հաղթանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում առաջարկել է Հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից տեղափոխել մայիսի 8-ը. - «Այսօր ես օրինագիծ եմ ներկայացնում Ուկրաինայի Գերագույն Ռադա, որով առաջարկում եմ մայիսի 8-ը նշել 1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օր: Մենք երբեք չենք մոռանա ուկրաինացի ժողովրդի ներդրումը հաղթանակի գործում: Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա այս հաղթանակում ջնջել ուկրաինացիների դերը, մեր ժողովրդի, այն սերնդի, որի հիշատակը մենք հարգում ենք գրեթե յուրաքանչյուր ընտանիքում»:

Եվրոպական երկրները Հաղթանակի օրը նշում են մայսիսի 8-ին , մայիսի 9-ին այն նշում են միայն Ռուսասtանը և որոշ հետխորհդային երկրներ։

Զելենսկին նաև ստորագրել է հրամանագիր, համաձայն որի մայիսի 9-ը Ուկրաինայում կտոնվի որպես Եվրոպայի օր։

Ու հենց մայիսի 9-ին Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լայենը կայցելի Կիև։ Նա պատրաստվում է հանդիպել նախագահ Զելենսկու հետ, հաղորդում է Բրյուսելը։ Այցը նվիրված կլինի Եվրամիության և Ուկրաինայի հարաբերությունների բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացին։ Ուղևորության մանրամասները չեն հաղորդվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Իսկ Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարները նախագահ Պուտինի հետ միասին մասնակցելու են մայիսի 9-ի ավանդական տոնական զորահանդեսին։ Մոսկվան օրեր առաջ Կրմելի վրա հարձակումից հետո, որը որակել էր «ահաբեկչություն և Պւտինի դեմ մահափորձ», չի չեղարկել զորհանդեսը։ Վաղը Հաղթանակի օրվան նվիրված ավանդական շքերթին Կարմիր հրապարակում Պուտինի կողքին կլինեն ԱՊՀ երկրների առնվազն չորս առաջնորդներ՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ղեկավարները։ Բելառուսի նախագահի մասնակցության մասին տեղեկություն դեռ չկա։

Ռուսական կողմը շարունակում է ինտենսիվորեն ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը

Այս գիշեր ռուսական հրթիռների և անօդաչուների թիրախում էին այդ նաև Կիևն ու Օդեսան։ Ուկրաինայի մայրաքաղաքում խոցված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ, ավտոմեքենաներ։ Հինգ մարդ վիրավորվել է։ Օդեսայում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։

Բախմուտի համար մարտերը շարունակվում են

Ռազմի դաշտում իրավիճակը էապես չի փոխվել, Բախմուտի համար մարտերը շարունակվում են։ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը խոստացել է տրամադրել անհրաժեշտ զենք, և վարձկանները կմնան Բախուտում ու կշարունակեն գրոհները։

Ե'վ ռուսական, և' ուկրաինական բանակները սպասում են հակահարձակումը սկսելու մասին ուկրաինական ղեկավարության որոշմանը

Ուկրաինական առաջիկա հակահարձակումը կարող է ավելի տեսանելի դարձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ 2023 թվականի վերջին՝ Չինաստանի միջնորդությամբ, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։

Արևմուտքը, որ նախկինում թերահավատորեն էր վերաբերվում Չինաստանի հնարավոր միջնորդությանը, այսօր պատրաստ է աջակցել Պեկինի մասնակցությանը Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններին, նշում է հրատարակությունը՝ հավելելով, թե առաջիկա օրերին սպասվող ուկրաինական հակահաձրակումը համենայն հավանականությամբ նպաստելու է նման բանակցությունների մեկնարկին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG