Մատչելիության հղումներ

Ռուսները չեն պատերազմում, այլ անցկացնում են հատուկ ռազմական օպերացիա. Կրեմլի խոսնակ


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

«Ինչո՞ւ են ռուսներն այդքան դանդաղ գործում։ Որովհետև ռուսները չեն պատերազմում, այլ անցկացնում են հատուկ ռազմական օպերացիա», - Բոսնիա և Հերցեգովինայի ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովը խոսքով, Ռուսաստանը արդեն հասել է իր նպատակներից մի քանիսին։ Մասնավորապես, նրա պնդմամբ, հաջողվել է լուծել Դոնբասում մարդկանց պաշտպանության խնդիրը։ Բայց անելիք դեռ շատ կա, ասում է Կրմելի խոսնակը. - «Հատուկ ռազմական օպերացիան սկսվեց որպես Ռուսաստանի շահերի պաշտպանություն Ուկրաինայի հետ հակամարտությունում, բայց հետո Արևմուտքը փաստացի դարձավ այս հակամարտության մասնակից»։

Ընդ որում, Պուտինի մամուլի քարտուղարն ասում է, թե ռուսների համար անսպասելի էր Արևմուտքի նման պահվածքը. - «Ռուսաստանի պես չափազանց մեծ պետության հետ այդպես չեն վարվում։ Ռուսաստանը չափազանց ուժեղ պետություն է Արևմուտքի ճնշման տակ իր դիրքերը զիջելու համար։ Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը կմտածի Պուտինի դեմ Միջազգային քրեական դատարանի որոշումը կիրառելու մասին: Այնուամենայնիվ, այստեղ մենք խոսում ենք աշխարհի ամենամեծ երկրներից մեկի, աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկի մասին»։

Մեզ դեռ մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակման նախապատրաստվելու համար. Զելենսկի

Ու մինչ Կրեմլի խոսնակը կրկին շեշտում է, թե Ռուսաստանը աշխարհի ամենամեծ միջուկային պետություններից մեկն է, Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ ուկրաինական բանակին հավելյալ ժամանակ է պետք հայտարարված հակահարձակմանը լավ նախապատրաստվելու համար, քանի որ բանակին անհրաժեշտ է Արևմուտքի խոստացած սպառազինությունը. - «Մեր ունեցածով կարող ենք առաջ գնալ և հաջողության հասնել, բայց շատ մարդկանց կկորցնենք: Սա, կարծում եմ, անընդունելի է։ Ուստի պետք է սպասել։ Մեզ դեռ մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք»։

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը այսօր պաշտոնապես հաստատել է, որ Լոնդոնը համաձայնել է Կիևին փոխանցել Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներ։ Արդյո՞ք այդ հեռահար հրթիռներն արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում, Ուոլեսը չի ասել։ Այս հրթիռների հեռահարությունը կազմում է երկու հարյուր հիսուն կիլոմետր և սա ամենահեռահար հրթիռներն են, որ ստանում է Կիևը դաշնակիցներից։

Արևմտյան մամուլը գրեթե ամեն օր հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ գրում է այն մասին, որ եթե ուկրաինական հակահարձակումը անհաջող լինի, և ուկաինացիներին չհաջողվի ազատագրել գրավված տարածքների գոնե մեծ մասը, արևտմյան աջակցությունը այսօրվա պես աննախադեպ ուժեղ չի լինի։

Բախմուտում մենք աստիճանաբար առաջ ենք գնում. Դանիլով

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հեռուստամարաթոնի եթերում այսօր ասել է, որ շատ երկրներ սկսել են սրել իրավիճակը՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն արագացնելու համար։ Դանիլովի խոսքով, որոշ ուժեր ուզում են Ռուսաստանի պայմաններով Ուկրաինային հնարավորինս շուտ նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ «Այս պահին հսկայական քարոզարշավ է ընթանում։ Այս մասին բազմաթիվ առաջարկներ կան տարբեր երկրներից», - ասում է Դանիլովը՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։

Այսօր Դանիլովը նաև հաստատել է ուկրաինական կողմի երեկվա հայտարարությունն առ այն, որ Բախմուտում ուկրաինական ուժերը փոքր-ինչ առաջ են գնացել. - «Գեներալ Սիրսկու երեկվա հայտարարությունը միանգամայն ճիշտ է։ Մենք աստիճանաբար առաջ ենք գնում։ Բայց նկատի ունեցեք, որ Բախմուտի տարածքը 41 քառակուսի կիլոմետր է։ Մենք մասնակի հաջողություններ ունենք, մենք չենք պատրաստվում հանձնել Բախմութը և կպահենք այնքան ժամանակ, քանի դեռ զինվորականները դա անհրաժեշտ են համարում»։

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երեկ հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը հակահարձակման են անցել Բախմուտի ուղղությամբ և որոշ շրջաններում կարողացել են վերականգնել վերահսկողությունը տարածքի մի մասի վրա։ Սիրսկին անուղղակիորեն հաստատել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի այն պնդումները, թե «ռուսական ստորաբաժանումներից մեկը փախել է՝ լքելով դիրքերը»։

Ըստ ամերիկացի վերլուծաբանների, «Վագների» վարձկանները դեռևս վերահսկում են Բախմուտի 85 տոկոսը և, չնայած մեծ կորուստներին, չեն ծրագրում ամբողջությամբ լքել քաղաքը։

Պրիգոժինը երեկ նաև հայտարարել է, թե Բախմուտում «Վագների» վարձկանները կարող են հայտնվել շրջապատման մեջ, և դրանում մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կանոնավոր ստորաբաժանումներին։

«Պուտինը պարզապես չգիտի ինչ անել և փորձում է փրկել իր դեմքը»

Արդեն տասնչորս ամսից ավելի տևող պատերազմի վերջը չի երևում։ New York Times-ի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր Թոմաս Ֆրիդմանը «Վլադիմիր Պուտինը աշխարհի ամենավտանգավոր հիմարն է» վեռնագրով հոդվածում գրում է, որ սա նորագույն ժամանակների ամենաանիմաստ պատերազմներից մեկն է։ Ամերիկացի լրագրողը եկել է այն եզրակացության, որ Պուտինը երբեք «պլան Բ» չի ունեցել, նա հույս ուներ արագ գրավել Ուկրաինան և այսօր՝ 14 ամիս անց, նա պարզապես չգիտի ինչ անել և փորձում է փրկել իր դեմքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG