Մատչելիության հղումներ

«Կլիմային ինչքա՞ն ենթարկվենք»․ 43-ամյա շիրակցին մարտահրավեր է նետել Ամասիայի ցրտին ու ջերմոց հիմնել


Հովսեփ Միրզոյանը մարտահրավեր է նետել Ամասիայի ցուրտ կլիմային ու տան բակում ջերմոց հիմնել, որտեղ հիմա լոլիկի տնկիներն են ծաղկում։

Հայաստանի ամենացուրտ բնակավայրում գյուղմթերք մշակելու շատ քիչ ժամանակ կա՝ այստեղ ձմեռը շուտ է գալիս և ուշ գնում։ Գարնան վերջին ամիսն է, բայց դեռ ձյան տեղումներ են լինում։

«Պետք ա փորձենք մի քիչ էլ կլիմային մենք մեզ հարմարացնենք։ Կլիմային ինչքա՞ն ենթարկվենք, մենք էլ ունենք նախասիրություններ, ես էդպես մտածի ավելի շատ։ Իմ նախասիրությունները պիտի առաջ տամ՝ կլիմայի հետ բարեխոսելով է, ինչ է, հարմարվելով՝ անեմ էն, ինչ-որ կուզեմ անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովսեփ Միրզոյանը։

43-ամյա Միրզոյանը մեծ ջերմոց կառուցելու գաղափար միշտ է ունեցել։ Մի քանի անգամ դիմել է անտոկոս գյուղացիական վարկ ստանալու համար, բայց բանկերը մերժել են՝ բավարար եկամուտ չունենալու պատճառաբանությամբ։

«Բայց ես դիմել եմ որպեսզի եկամուտի աղբյուր ստեղծեմ չէ՞ ու ես չհասկացա մերժումը», - ասաց Միրզոյանը։

Միրզոյանները 4 երեխա են մեծացնում, ընդ որում 6-ամյա աղջիկները եռյակ են։

Բազմազավակ հայրն աշխատում է Ամասիայի պանրի գործարանում, նաև նպաստ են ստանում։ Հենց նպաստառու լինելու հանգամանքն էլ օգնել է, որ պետական ծրագրում ընդգրկվի ու սեփական բիզնեսը հիմնի։

«Պետական սոցիալական աջակցության ծրագիրն է, որը 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ինչ-որ ծրագիր է՝ ինչ-որ ուզում ես։ Ավելացնելու ունես՝ ավելացրու, եթե ոչ․․․ ես սա եմ նախընտրել։ Ներկայացրեցի, բացատրեցի, իրենք էլ նույն հարցերը տվեցին՝ ցուրտը, ես էլ ներկայացրեցի, որ հնարավոր է էդ գործն առաջ տանել», - պատմեց Ամասիայի բնակիչը։

80 քառակուսի է ջերմոցը, առայժմ Միրզոյանը դժվարանում է ասել՝ եկամուտ կապահովի, թե ոչ, «ամեն դեպքում նպաստի հույսով չեմ ուզում ապրել»։

«Եթե Աստծո հաջողությամբ էս ամեն ինչը լավ սկիզբ, ոնց սկսել եմ, լավ ավարտ էլ ունենա, կարելի է մեծացնել, անկախանալ լիարժեք նոր հիմնվել հենց էս բիզնեսի վրա», - ասաց Միրզոյանը։

Ջերմոցը ապրիլից է գործում։ Հիմա ջեռուցման այլընտրանքային տարբերակներ է մտածում, որ ձմռանն էլ բանջարեղեն աճեցնի։ Երիտասարդ գյուղատնտեսին հատկապես հետաքրքրում են գունավոր՝ սև, դեղին լոլիկները։ Տնկիներ է ձեռք բերել ու անցել փորձարկման։

«Տեսա էդ գունավոր լոլիկները ու հետաքրքեց՝ աճեցնել, ստանալ, համը զգալ։ Առաջնահերթ՝ արդյո՞ք կա էդ գույնի պոմիդոր, հարցը հենց էս էր։ Ստանաս դու՝ անձամբ, չլսես։ Խնդրեցի, մարդ կար, բերեցին, փորձեցի մի 25 քառակուսի մետրում, ստացվեց։ Ես օրգանիկով եմ ստացել, չգիտեմ սերմն ինչ ճանապարհով են ստացել, ամեն դեպքում 5-րդ տարին է ես սերմը չեմ գնել ոչ մի տեղից, առաջին տարին հավաքել եմ, թողել եմ հասունացել է, սերմն եմ վերցրել ու շատացրել եմ, արդեն 300 հատ անձամբ ես եմ դրել, ստացել», - ասաց գյուղատնտեսը։

Միրզոյանը հիմա արդեն գունավոր պոմիդորների սեփական տնկիներն ունի, ստացած օրգանական մթերքի ոչ մեծ քանակը հնարավոր է հենց գյուղում էլ իրացնի, իսկ երբ ջերմոցը մեծացնի, ասում է, ավելի մեծ շուկաների մասին կմտածի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG