Մատչելիության հղումներ

Երաշխավորված չէ, որ Շիրակի 4 խոշորացված համայնքներում ղեկավարումը կստանձնի ՔՊ-ն, չնայած ստացել է քվեների մեծ մասը


Մեկ շաբաթ առաջ անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Շիրակի մարզի 4 խոշորացված համայնքներում ամենամեծ թվով ձայները հավաքել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Այդուհանդերձ, երաշխավորված չէ, որ Փաշինյանի գլխավորած ուժը կստանձնի բոլոր համայնքների ղեկավարումը, քանի որ միայն Աշոցքում է 50 տոկոսից ավելի՝ մոտ 68 տոկոս քվե ստացել և կարող է ղեկավարել համայնքն առանց այլ ուժերի հետ համագործակցության։

Ամասիայում իշխող ուժը մոտ 38.84 տոկոս է ստացել և միայնակ իշխանություն ձևավորել չի կարող: Այս համայնքում «Քաղաքացիական պայմանագրից» ընդամենը 0.57 տոկոս պակաս քվե է հավաքել գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գլխավորած «Ամասիա Արփի» դաշինքը, հետևաբար այն կունենա 6 մանդատ, ինչպես և «Քաղաքացիական պայմանագիրը», մնացած 3 մանդատն էլ Հանրապետական կուսակցությանն են բաժին հասել:

Թեև մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Ամասիա Արփի» դաշինքը Հանրապետականի հետ կոալիցիա են կազմելու, սակայն երկու քաղաքական ուժերը հերքել են այս պնդումները: Հանրապետականի մարզային կառույցի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն «Ազատության» փոխանցեց, որ բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը, մյուս քաղաքական ուժից դաշինք կազմելու առաջարկ դեռ չեն ստացել:

«Առաջարկություն էլ չենք ստացել, որ մտածենք այդ ուղղությամբ, մենք էլ ցանկություն էլ չունենք, այդ ուղղությամբ չենք էլ մտածել», - ասաց Ղուկասյանը:

Ամենաթեժ պայքարը Արթիկում էր, որտեղ 6 քաղաքական ուժ էր մրցում: Թեև նախնական արդյունքներով առավելագույն ձայներ հավաքել է «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն այստեղ ևս միայնակ համայնքային իշխանություն ձևավորելու հնարավորություն իշխող ուժը չուներ, քանի որ հավաքել է 50-ից քիչ՝ 41.61 տոկոս: Այդուհանդերձ, խնդիրը լուծվել է քվեների շուրջ 12 տոկոսը հավաքած «Ազատական» կուսակցության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ Արթիկ խոշորացվող համայնքը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն՝ Անանիկ Ոսկանյանը:

«Ազատության» հարցին՝ այլ քաղաքական ուժերից համագործակցության առաջարկ չե՞ն ստացել, Ոսկանյանը պատասխանեց. «Այս պահին՝ չէ, հաշվի առնելով, որ արդեն 52 տոկոսի կարգի ձայն ունենք, մտածում ենք, որ մնացած քաղաքական ուժերի հետ ընթացքում աշխատանքով կհամագործակցենք, աշխատանքային համագործակցություն կլինի»:

Արթիկում ընտրություններին մասնակցած բոլոր ուժերն էլ հաղթահարել են անցողիկ շեմը և ներկայացված կլինեն ավագանիում: Նույն պատկերն է Ախուրյան խոշորացվող համայնքում, որտեղ ավագանու կազմում են լինելու ընտրություններին մասնակցած բոլոր երեք ուժերը: Թեև խոշորացվող այս համայնքում ևս իշխող ՔՊ-ն է առավելագույն ձայներ ստացել` 48.18 տոկոս, սակայն 35 բնակավայր միավորող համայնքի ղեկավարումը կանցնի ընդդիմությանը՝ դաշնակցական երկու ընկերներ համագործակցության հուշագիր են ստորագրել և ընդհանուր 51 տոկոսից ավելի քվեով կստանձնեն համայնքի ղեկավարումը:

ՏԻՄ այս ընտրություններում Ախուրյան խոշորացվող համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը ոչ թե հարազատ կուսակցությամբ առաջադրվեց այլ «Երկիր ծիրանի» ու «Համերաշխություն» կուսակցությունների «Ախուրյան» դաշինքով: Իսկ Մարմաշեն խոշորացված համայնքի դաշնակցական մյուս համայնքապետ Կարեն Արշակյանը Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների «Հաղթանակ» դաշինքով մասնակցեց ընտրություններին:

Ախուրյան համայնքի ավագանու 27 մանդատից 13-ը բաժին կհասնի ՔՊ-ին, իսկ 14-ը՝ կոալիցիա կազմած 2 ուժերին: Ախուրյանում գրանցման խնդիրների պատճառով ընտրությունների չկարողացավ մասնակցել համայնքի մաս կազմող Ազատանի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, սակայն նա ևս ներգրավվելու է ղեկավարմանը, ասում է դաշնակցականների դաշինքի անդամ Կարեն Արշակյանը։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինքը համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝ միավորվելու հետագա գործունեությունը, թե աշխատանքները կատարելու համատեղ, նաև չմոռանալով մեր երրորդ ընկերոջը՝ Իկիլիկյանին ներգրավելու կառավարման համակարգի մեջ», - ընդգծեց Արշակյանը:

Արդյոք պայմանավորվե՞լ են, թե 2 ընկերներից ով է լինելու համայնքի ղեկավար: «Չէ, մենք վերջնական համաձայնություն չունենք, չենք էլ քննարկել մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդյունքները չհրապարակի: Ես հակված չեմ», - պատասխանեց նա:

Շիրակի մարզում կա խոշորացված ևս մեկ համայնք՝ Անին, որտեղ ընտրություններ կլինեն մեկ տարի անց:

Շիրակի մարզը խոշորացման այս փուլից հետո կընդգրկի 5 խոշորացված համայնք և Գյումրի քաղաքը:

XS
SM
MD
LG