Մատչելիության հղումներ

Գործազրկության ցուցանիշով առաջին հորիզոնականում է Շիրակը, մարզում էլ՝ Գյումրին


Տեքստիլ ֆաբրիկա Գյումրիում, արխիվ
Տեքստիլ ֆաբրիկա Գյումրիում, արխիվ

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ Շիրակի մարզը գործազրկության ցուցանիշով առաջին հորիզոնականում է: Շուրջ 15 հազար աշխատանք փնտրողներից 13 հազարից ավելին հաշվառված է Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում, նրանցից մոտ 10 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ:

Մարզի զբաղվածության տարածքային կառույցների ղեկավարներն ասում են՝ կան աշխատատեղեր, որոնք տարիներով չեն համալրվում: Օրինակ՝ Ամասիայի զբաղվածության կենտրոնում ուսուցչի ու բժիշկի կարիք կա, սակայն հաստիքները տարիներ շարունակ այդպես էլ թափուր են մնում: Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն տնօրեն Հակոբ Առաքելյանը պարզաբանում է․ - «Գյուղ ունենք, որ Ամասիայի շրջկենտրոնից 37 կիլոմետր հեռավորության վրա է, ուսուցչի թափուր աշխատատեղ ունի՝ 30 հազար աշխատավարձով: Խնդրեմ, մենք ո՞ր գործազուրկին կարանք առաջարկենք, որ ինքը տեղափոխվի»:

«Էս պահի դրությամբ մենք ունենք 19 թափուր աշխատատեղ, որոնցից 5-ը, նշեցի, ուսուցիչներն են, 2-ը բժիշկներ են, որոնք արդեն երկարատև, հիմնական, կրկնվող թափուր աշխատատեղեր են, իսկ մնացածը «Սաստեքս» կարի ֆաբրիկա ունենք, որտեղ 11 բանվորի կարիք ունի, բայց նորից՝ աշխատավարձի ցածր լինելու պատճառով հրապուրիչ չէ», - փոխանցեց Առաքելյանը:

Ամասիայում Եվրամիության ֆինանսավորմամբ առաջիկայում կբացվի բրդի վերամշակման արտադրամաս, նոր աշխատատեղեր կբացվեն: «Բրդի գործարան է ստեղծվում Ամասիայում՝ մոտ 25 աշխատատեղով: Նախորդ տարվանից սկսած արդեն մենք հաշվառել ենք էն գործազուրկներին, որոնք ցանկություն ունեն էս պահի դրությամբ աշխատել էդ բրդի գործարանում», - ասաց Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն տնօրենը:

Աշոցքում աշխատանքի միակ վայրը դպրոցն է, ևս երկու պետական կառույց է գործում: Զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Հովհաննես Երվանդյանը դժգոհեց, որ իրենք աշխատանք փնտրող գործազուրկին առաջարկելու գրեթե ոչինչ չունեն․ - «Էդ պետական հիմնարկներից Աշոցքի տարածաշրջանում գործատուներ չունենք: Ունենք 17, 18 գյուղերում միայն մեկ փոքր խանութներ, որոնք անհատ ձեռներեց են, և հնարավոր չէ նրանց հետ համագործակցել, որպեսզի աշխատանքի տեղավորում լինի, կամ ինչ-որ մի, կարողանանք համագործակցել»:

Մարալիկի զբաղվածության կենտրոն դիմել է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը՝ բանվորի աշխատանք են առաջարկում, միայն թե պահանջում են, որ աշխատողը նաև չինարեն իմանա:

Արթիկում, որը արդյունաբերական մի քանի ձեռնարկություն է ունեցել, նաև հայտնի է քարհանքներով, հիմա աշխատանք գտնելը դժվար է: Տարածքային կենտրոնի տնօրենը Գոհար Վարագյանը նկատեց, որ ճիշտ է՝ պետական ծրագրեր իրականացվում են, բայց դրանց արդյունավետությունը ցածր է, քանի որ հիմնական աշխատատեղեր չեն բացվում:

«Մեր աշխատանքը, բնականաբար, ամենամեծ չափով կախված է, Շիրակի մարզում, աշխատատեղերի ստեղծմամբ: Այսինքն՝ եթե չկա աշխատատեղ, ինչքան ծրագիր էլ ներկայացնենք, ինչքան էլ մենք փոխադարձաբար աշխատանքներ, ջանքեր թափենք, միևնույն է, այն արդյունքը չենք ունենա, մինչև չլինեն աշխատատեղեր», - ընդգծեց Վարագյանը:

Գյումրիում, որտեղ ամենաբարձրն է գործազրկության մակարդակը, աշխատաշուկայի պահանջներն էլ են տարբեր: Տարիքային սահմանափակումը ամենախնդրահարույց պահանջն է, որ առաջ է քաշում գործատուն: Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանն ասաց, որ այս տարվա 4 ամիսների ընթացքում 432 աշխատանք փնտրողի տեղավորել են գործի:

«Մենք 291 թափուր աշխատատեղի հայտ ունենք մեր մոտ: Բարձր տեխնոլոգիաների, բարձր մասնագիտական որակավորում պահանջող՝ հատկապես բժիշկներն են, հատկապես՝ ծրագրավորողներ, վեբ ծրագրավորողներ, նաև՝ Java ծրագրի իմացությամբ մասնագետներ, ունենք նաև մենեջերներ: Իսկ միջին մասնագիտական՝ արդեն շատ ու շատ թափուր աշխատատեղեր ունենք», - փոխանցեց Ադամյանը:

Այս տարի նաև «Վարձատրվող հասարարական աշխատանք» ծրագիրն է վերսկասվելու, մի քանի հարյուր մարդու համար ժամանակավոր աշխատատեղ կլինի՝ 5 հազար դրամ օրավարձով: Պետական 13 ծրագիր է իրականացվում, որ գործազուրկն ավելի հեշտ կարողանա աշխատանք գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG