Մատչելիության հղումներ

ԵՄ-ն այս տարի Հայաստանի հյուսիսային մարզերում 40 միլիոն եվրոյի ծրագրեր կիրականացնի


 Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Եվրամիությունը նախատեսում է այս տարի Հայաստանի երեք հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում 40 միլիոն եվրոյի ծրագրեր իրականացնել: Կիրակի այս մասին Աշոցքում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այսօր մենք Հայաստանի կառավարության հետ քննարկում ենք մեր 2018-ի գործողությունների ծրագիրը և, ըստ ամենայնի, այն կենտրոնանալու է երեք ուղղություններով՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և ստեղծարար տնտեսություն: Մենք կենտրոնացնելու ենք այդ ծրագրերն այստեղ՝ Շիրակում, ինչպես նաև Հայաստանի մյուս 2 հյուսիսային մարզերում՝ Լոռիում ու Տավուշում: 2018-ի գործողությունների ամբողջ ֆինանսական փաթեթը կազմելու է մոտ 40 մլն եվրո»,- ասաց դեսպանը:

Ամենաաղքատ մարզի տնտեսության զարգացման հարցում Եվրամիությունը մի քանի ուղղություններ է նախանշում: Օրինակ՝ Ամասիայում բրդի վերամշակման արտադրություն են ցանկանում բացել՝ ստեղծելով աշխատատեղեր: Առաջիկայում կմեկնարկի փորձնական ծրագիրը․ «Շատ մոտ ապագայում Ամասիայում մեկնարկելու է այդ փորձնական ծրագիրը, որը ավելի քան կես միլիոն եվրոյի արժեք ունի»:

Աշոցքում և Ամասիայում Եվրամիությունը ցանկանում է զարգացնել տուրիզմը: Առաջինում՝ ձմեռային, մյուսում ամառային ուղղվածության: «Մեր պատկերացումն այն է, որ Աշոցքն ավելի շատ կարող է կենտրոնանալ ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ՝ դառնալով կենտրոն, իսկ Արփին ավելի շատ՝ ամառային (օրինակ՝ թռչնադիտում, հեծանվային սպորտ, հետիոտնային արշավներ)»,- ասաց Սվիտալսկին:

Եվրամիությունն Աշոցքում արդեն ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ առաջին քայլերն է արել: Կիրակի օրն այնտեղ անցկացվեց դահուկային փառատոն, որի նպատակը հենց ձմեռային տուրիզմի զարգացումն էր: Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ տեղերում ծրագրերի իրականացման համար ներուժ տեսնում է, բացի այդ, դեսպանը հույս ունի, որ ԵՄ ծրագրերի շնորհիվ հնարավոր կդառնա հեռավոր Աշոցքից ու Ամասիայից բնակչության արտահոսքի կրճատումը:

«Մենք տեսնում ենք ներուժ: Կարծում ենք, որ Եվրամիությունը հայ գործընկերների, նաև այլ գործընկերների հետ կարող է օգնել այստեղ զբաղվածության ապահովմանն ու այլ հնարավորությունների ստեղծմանը տեղացիների համար, որպեսզի իրենք իրենց երազանքների իրականացումն այստեղ տեսնեն, միգրացիան խթանելու փոխարեն մնան այստեղ և իրենց երազանքն այստեղ իրակակացնեն»,- ասաց ԵՄ դեսպանը:

Եվրամիությունը համայնքային զարգացման նպատակով Գյումրիում կշարունակի աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանը, նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար հացի արտադրամաս ու սրճարան կբացի: Դեսպանը վստահեցրեց՝ Հայաստանի մյուս մարզերն էլ կլինեն իրենց ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG