Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց


44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: Խորհրդարանը ձայների 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ այսօր ընդունեց նախագիծը։

Խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է պատերազմից մոտ մեկուկես տարի անց։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտել է նիստերը։

Ցայսօր հանձնաժողովի հարցերին պատասխանել են պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, շտաբի ներկա ղեկավար Էդվարդ Ասրյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Օնիկ Գասպարյանի տեղակալ Տիրան Խաչատրյանը հրապարակայնորեն հրաժարվել է մասնակցել։ Նիստին մասնակցելու հրավերը մերժել է նաև արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանության մաս չի եղել: Օսկանյանը հիմնավորել էր, թե համոզված չէ, որ հանձնաժողովը կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստվում է իր հասցեին ուղղված մեղադրանքներին, որ եթե ժամանակին համաձայներ կանգնեցնել պատերազմը, Շուշին կմնար Լեռնային Ղարաբաղի կազմում, պատասխանել Քննիչ հանձնաժողովի շրջանակներում։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց՝ բազմաթիվ փակ մասեր կան, որտեղ Քննիչ հանձնաժողովը պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենա պատկերացումներ, որպեսզի եզրահանգումները չլինեն թերի՝ նշելով նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի անունը։

44-օրյա պատերազմից մեկ տարի անց կալանավորված Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ բացառում է իր մասնակցությունը Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ միևնույն ժամանակ նշելով՝ պատրաստ է պատասխանել հանձնաժողովի հարցերին, սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի, ու նիստը բաց լինի։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել առաջարկը։ «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի, և եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ», - ասել էր հանձնաժողովի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG