Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին


«Անպիտան հրթիռների» գործով գրեթե երկու տարի անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Տոնոյանը պատճառաբանել է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չի կարող տիրապետել, իր բնորոշմամբ, անհիմն և ապօրինի կալանքի պատճառով:

«Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ և լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով», - հայտարարել է պաշտպանության նախկին նախարարը։

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից հետո։ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարությունից 11 օր անց ազատվեց պաշտոնից՝ հայտարարելով․ - «Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման, և ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»։

Տոնոյանն այսօրվա իր հայտարարությունում նաև կասկածի տակ է դրել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անաչառությունը՝ վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իր և Զինված ուժերի հասցեին Քոչարյանի կողմից արված «անպատասխանատու» հայտարարությունները։

«Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին», - հայտարարել է Դավիթ Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պատրաստվում է իր հասցեին ուղղված մեղադրանքներին, որ եթե ժամանակին համաձայներ կանգնեցնել պատերազմը, Շուշին կմնար Լեռնային Ղարաբաղի կազմում, պատասխանել Քննիչ հանձնաժողովի շրջանակներում։

Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ բազմաթիվ փակ մասեր կան, որտեղ Քննիչ հանձնաժողովը պետք է համար մեկ պաշտոնյաների միջոցով ունենա պատկերացումներ, որպեսզի եզրահանգումները չլինեն թերի։ Քոչարյանը հիշեցրեց, որ Քննիչ հանձնաժողովը երկու օր շարունակ լսել է նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ներկայիս գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին, պատերազմի ընթացքում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանին։

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ հաջորդիվ կլինեն էլի հրավերներ և որ պատրաստվում են հանդիպել Պաշտպանության բանակի հրամանատարների հետ, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG