Մատչելիության հղումներ

Ստեղծվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով. «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի


Ինչ է քննելու հանձնաժողովը

Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Առաջարկը բացառապես իշխանական պատգամավորներին է։

Պատերազմից հետո տևական ժամանակ իշխանությունը ձեռնպահ էր մնում քննիչ հանձնաժողով ստեղծելուց՝ պատճառաբանելով, թե կքաղաքականացվի։ Հանձնաժողովը ստեղծվեց ռազմական գործողությունների ավարտից 15 ամիս անց միայն։

Քննիչ հանձնաժողովի կազմում լինելու են «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը՝ 7-ը իշխանական ՔՊ-ի անդամներ են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմ»-ը՝ 1։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, իսկ «Հայաստանը դեռ որոշում չունի։

Իշխանականները առաջարկում են քննել, թե ինչպես սկսվեց պատերազմը, կորուստների հարցը, պարտության պատճառները։ Ինչ է արվել պատերազմից առաջ պաշտպանության ոլորտում, արդյոք զինվորականների գործողությունները օպերատիվ ու համարժեք են եղել իրավիճակին։ Նախատեսում են նաև ուսումնասիրության առարկա դարձնել զորքերի համալրման, հետախուզական աշխատանքը, անդրադառնալ նաև բանակցային գործընթացին։ Իշխանության ընդդիմախոսները մեկ անգամ չեն հայտարարել, որ պատերազմը կարող էր ավելի շուտ դադարել, զոհերի թիվը այդքան մեծ չէր լինի։

Հանձնաժողովը կարող է պահանջել ու ստանալ պաշտպանական ոլորտին առնչվող, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր, հրավիրել պաշտոնյաների, ինչպես նաև անձանց, որոնք պատերազմի վերաբերյալ տեղեկություններ կարող են հայտնել։ Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ հանձնաժողով, իսկ մյուս հրավիրյալները կարող են և չգալ։

Ընդդիմության գլխավոր մտահոգությունն այն է, որ հանձնաժողովը ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանի թիմին պատասխանատվությունից ազատելու ու նաև նախկիններին մեղավոր կարգելու համար։

«Փորձելու է իշխանության վերին էշելոններից դուրս բերել պատասխանատվության հարցը»

Հենց Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը փոխանցեց, որ «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Կարծում է, որ կողմնակալ կլինեն՝ հաշվի առնելով նաև հանձնաժողովի ընդդիմադիր անդամների փոքրաթիվ լինելը։

«Գլխավոր մտահոգությունն այս իշխանության պարագայում այն է, իշխանությունը փորձելու է ամբողջությամբ իշխանության վերին էշելոններից դուրս բերել պատասխանատվության հարցը, փորձելու է այն բարդել Զինված ուժերի վրա, նրա առանձին օղակների վրա, բոլոր կողմերի, բացի քաղաքական վերնախավում գտնվող անձանցից», - նշեց նա:

Քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարեր ընդդիմությունը. Օհանյան

Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չունի՝ արդյոք կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ «Ազատության» հետ զրույցում խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց՝ որպեսզի բացահայտվեին պատերազմի բոլոր հանգամանքները, քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարեր ընդդիմությունը։

«Մենք պետք է հասկանանք, թե քննիչ հանձնաժողովի առջև ինչ խնդիր է դրված: Եթե խնդիրն առանձնանում է նրանով, որ միայն հետաքննեն, թե նախկինում ինչ է արված և նախկինների վրա այդ ամենը գցեն, դա մեզ համար անընդունելի է, որովհետև այս պատերազմի պատասխանատուներն այսօրվա պետական ապարատն է, և այդ պետական ապարատն ինքն իրեն, պարզ է, որ այս մեկ տարվա ընթացքում չէր քննելու և գնահատական չէր տալու: Եվ եթե փորձագետները լինեն այն մարդիկ, որոնք պետական կառավարման և ռազմական կառավարման համակարգում են եղել, և իրենք չեն կարող անկողմնակալ լինել, անելու են գործողություններ, որ շեղի իրենց գնահատական տալուց, դրանից ելնելով էլ մենք որոշում կընդունենք` մասնակցել, թե չմասնակցել», - ասաց Օհանյանը:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերը դռնփակ էին անցկացվում, իշխանությունը աղմկահարույց բացահայտումներ էր խոստանում, բայց զեկույցն այդպես էլ չհանրայնացվեց։

Ընդդիմության չմասնակցությունը իշխանական պատգամավորը սաբոտաժ է որակում

«Քաղաքացիական պայմանագրից» Արմեն Խաչատրյանը պնդում էր՝ ունեն քաղաքական կամք՝ բացահայտելու իրականությունը, անգամ եթե հարցերը վերաբերեն ամենաբարձր ղեկավարությանը։ Ընդդիմության չմասնակցությունը իշխանական պատգամավորը սաբոտաժ է որակում` կարող էին գալ, հրավիրյալների շրջանակ ներկայացնել, հարցեր տալ նրանց։

«Հանձնաժողովը հենց միտված է հուզող հարցերին պատասխան տալուն և մեր երկրի պաշտպանունակության վերաբերյալ հետագա մեր ռազմավարությունը մշակելուն», - ասաց նա:

Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև այս ընթացքում վարչապետ Փաշինյանին հանդիպող արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Իշխանությունը նրանց ներգրավելու մտքից չի հրաժարվել։ երկուշաբաթի՝ առաջին նիստին կհաստատվի աշխատակարգը, այդ ժամանակ էլ, ըստ Արմեն Խաչատրյանի, կհստակեցնեն՝ ինչ մեխանիզմով՝ որպես դիտորդ կամ այլ կարգավիճակով։

Վարչապետը պարբերաբար հանդիպում, ու ինչպես կառավարությունն է հաղորդում, խորհրդակցում է նախորդ ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած մոտ մեկ տասնյակ ուժերի առաջնորդների, նրանց թվում` Արամ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի և Տիգրան Արզաքանցյանի հետ։

«Դա քաղաքական կամք է, դրա մասին խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, և այդ խնդիրն, իհարկե, իր լուծումն ստանալու է, քաղաքական խոստում չի մնացել անպատասխան, այդ ամենը լրիվ ծավալով արվելու է», - վստահեցրեց Արմեն Խաչատրյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG