Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրող Անի Գևորգյանի


News.am-ի նախկին լրագրող Անի Գևորգյանը պետք է հերքում տպի և 257 հազար դրամ փոխհատուցի․ դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրողի:

Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ, Գևորգյանը պետք է հայտարարություն տեղադրի news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում Ֆեյսբուքի իր անձնական էջում՝ «Հերքում» վերնագրով հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»:

Իսկ բռնագանձման ենթակա 257 հազար դրամից 150 հազար դրամը զրպարտության համար վնասի հատուցումն է, 100 հազարը՝ փաստաբանի վարձատրության գումարը, 7 հազարը՝ հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Խաչատրյանը հիշեցնում է, որ դատարան ներկայացված 11 գործերից արդեն երեքը բավարարվել են և հերքվել են զրպարտություն պարունակող տեղեկությունները, այժմ դատարանում քննվում է նրա կողմից ներկայացված 8 դատական հայց։

Դեռ 2021-ի ապրիլին Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում պատմել էր, որ իր և իր երեխայի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիքներ են հնչել ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերերի կողմից և որ այդ սպառնալիքների, հայհոյանքների դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Գևորգյանին ու նրա երեխային սպառնալու կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն էր նաև գրություն ուղարկել ոստիկանություն։ Լրագրողական համայնքը ևս դատապարտել էր մամուլի ներկայացուցիչների հանդեպ ոտնձգությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG