Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագրի» նիստին Ալեն Սիմոնյանին առնչվող հարց չի քննարկվել. խոսնակ


Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ քննարկվել են բացառապես պետականաշինությանն առնչվող հարցեր։

«Ազատության» դիտարկմանը՝ արդյոք քննարկվել է Ալեն Սիմոնյանի արարքը, երբ քաղաքացին ահազանգել էր, թե թքել է իր դեմքին, երբ Սիմոնյանին դավաճան է ասել, կամ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական արձագանքեց։

Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ կուսակցության վարչության նիստում խորհրդարանի ղեկավարին առնչվող հարցն է քննարկվելու։

Անցած կիրակի Երևանի կենտրոնում Սիմոնյանի և սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի միջև էր միջադեպ տեղի ունեցել։ Դաշնակցական երիտասարդը Սիմոնյանին անվանել էր դավաճան, ինչից հետո, ըստ նրա, խորհրդարանի խոսնակի թիկնապահները ոլորել էին իր ձեռքերը, իսկ ԱԺ նախագահը թքել էր իր դեմքին։

Հայաստանի առաջին նախագահն «ազգային խայտառակություն» էր որակել նախօրեին Ազգային ժողովի նախագահի շուրջ տեղի ունեցած «զազրելի միջադեպը»՝ իշխող քաղաքական ուժին առաջարկելով նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը։

Ալեն Սիմոնյանը ըստ էության չի հերքել կատարվածը, բայց այդպես էլ ուղիղ չի պատասխանել հարցին՝ ի վերջո, թքե՞լ է քաղաքացու դեմքին, թե՞ ոչ։ Ավելին, երեկ նա արդարացրել է իր թիկնապահների գործողությունները։

Այսօր էլ պնդել է՝ որևէ մեկն իրեն դավաճան անվանելու իրավունք չունի. - «Առաջին անգամ չի, որ ես արձագանքում եմ նման արարքներին, որևիցե մեկը իրավունք չունի ինչ-որ մեկին վիրավորել, էլ չեմ ասում՝ ընտրված իշխանություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG