Մատչելիության հղումներ

Սոցցանցերում սպառնալիքների ու հայհոյանքների թիրախ դարձած լրագրողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն


Լրագրող Անի Գևորգյան

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը իր և երեխայի հասցեին երեկ սոցցանցերում ստացած սպառնալիքների, հայհոյանքների դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունից փոխանցեցին «Ազատությանը»։

Գևորգյանն այսօր պատմեց, որ սոցիալական ցանցերում իրեն վիրավորել ու սպառնացել են ինչպես կեղծ, այնպես էլ իրական օգտատերեր․ - «Նարեկ Շահնազարյան օգտատիրոջ մասին է խոսքը։ Տեսա էնտեղ, որ ինքը ոչ միայն մեկնաբանություններ է գրել իմ պոստերի տակ, այլև իմ լուսանկարն է տարածել, այն էլ իմ մանկահասակ, երկու տարեկան տղայի լուսանկարի հետ միասին։ Էսպես է գրել՝ էս լույս երեխայի մաման գործի ա գնացել, հարամ ըլնի սրանց սաղի կերած կաթը, սրանք լրագրող չեն, թող հետևորդներն ասեն։ Եվ դրել է իմ ֆեյսբուքյան էջի հղումը՝ գրոհի նախապատրաստելով իր կողմնակիցներին կամ իր էջի հետևորդներին։ Ու էնտեղ բազմաթիվ հայհոյախառն արտահայտություններ․․․ չեմ կարող ներկայացնել, դրանք շատ լկտի, այլանդակ բնույթի են։ Ներկայացրել է նաև սպառնալիք՝ եթե տեսնեմ, կտեսնես, թե ինչ եմ անելու։ Այս մարդիկ փորձում են ցույց տալ, որ իրենք ինձ դիտարկում են սևերի և սպիտակների հայտնի տրամաբանության ներքո, առանց հասկանալու, որ ես իմ լրագրողական պարտականությունն եմ կատարում, ես այդ պահին ընդամենը խորհրդարանում հարցեր եմ տվել»։

Գևորգյանի խոսքով, այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ խորհրդարանում լրագրողը իշխող խմբակցության պատգամավորներից փորձել էր հետաքրքրվել՝ երբ կան հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ, ինչո՞ւ էին հոտնկայս ծափահարում Հայաստանի ու Արցախի ապագայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Նշում էինք, որ արդյոք իրենց կարծիքով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով, Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ կարո՞ղ է ապահովել այդ ապագան, թե՞ ոչ։ Պատգամավորները հիմնականում խուսափում էին հարցին բուն պատասխանելուց», - ասաց լրագրողը։

Գևորգյանին ու նրա երեխային սպառնալու կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն է գրություն ուղարկել ոստիկանություն։ Դատախազությունից դեպքի հետ կապված հրապարակումները ևս ուղարկվել են իրավապահներին։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ասում է․ - «Մենք տեսնում ենք, որ իշխանության վերնախավը, քաղաքական էլիտան բավականին անհանդուրժող գնահատականներով է արտահայտվում մամուլի և մամուլի ներկայացուցիչների հանդեպ։ Պարտավոր է իշխանությունը բարձրացված հարցերին լիարժեք պատասխան տալ և ոչ թե ագրեսիվ պահվածքով, մերժող կեցվածքով բացասական կարծիք ձևավորել նման համարձակ ու բովանդակություն ապահովող լրագրողների նկատմամբ»։

Լրագրողական համայնքը ևս դատապարտում է մամուլի ներկայացուցիչների հանդեպ ոտնձգությունները։

Դոյդոյանն ընդգծում է, որ թիրախավորվում է նաև լրագրողի անչափահաս երեխան, ում անձնական տվյալները հանրայնացվել ու տարածվել են սոցիալական ցանցերում․ - «Դա ուղղակի կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ երեխայի հետագա ֆիզիկական և հոգևոր առողջ զարգացման վրա։ Որովհետև այն, ինչը հանրայնացվում է սոցիալական ցանցերում, ինտերնետում, այլևս մենք դրա տերը չենք։ Եվ ցանկացած ձևով ցանկացած մարդու կողմից դա կարող է ամենատարբեր մտադրություններով օգտագործվել։ Սա հանգեցնում է ուղղակի տվյալ երեխայի անձնական կյանքին ապօրինի միջամտությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG