Մատչելիության հղումներ

ՀԿ-ները ՔՊ-ից պահանջում են Ալեն Սիմոնյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում


Իշխող խմբակցությունը չի քննարկում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց, ԱԺ-ի նախագահի մասնակցությամբ միջադեպն անգամ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար մարմնի՝ վարչության երեկվա նիստում չի քննարկվել, վստահեցնում էր վարչության անդամներից Վահագն Ալեքսանյանը։

Ալեն Սիմոնյանը օրեր շարունակ ուղիղ չի հերքել գլխավոր մեղադրանքը, որ իրեն դավաճան անվանելու համար թքել է դաշնակցական սփյուռքահայ տղամարդու դեմքին։

Ընտրված իշխանություններին վիրավորելու իրավունք, այս օրերին հակադարձում էր Սիմոնյանը, ոչ մեկը չունի։

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության երեկվա նիստը վարել է վարչապետ Փաշինյանը։ Նիստից հետո տարածված հաղորդագրությունում չկար խոսք, թե մեծ աղմուկ բարձրացրած հարցն օրակարգային էր։

News.am-ը հաղորդեց, որ Ալեն Սիմոնյանը երեկ գրասենյակից հեռացել է Նիկոլ Փաշինյանից շուտ՝ չսպասելով նիստի ավարտին։

«Եթե նայեք մեր օրակարգը, կհասկանաք, որ նիստը հրավիրված էր կուսակցական հարցերի քննարկման համար որպես այդպիսին, բայց եթե նույնիսկ քաղաքական թեմաներ քննարկվեին, ապա առաջինը կլիներ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի վրա խուլիգանական հարձակումը Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի կողմից և դրան հաջորդած, ընդհուպ մինչև մահվան սպառնալիքով տարատեսակ սադրանքները ընդդիմադիր գործիչների կողմից, և ինչու ոչ նաև նրանց հետևանքները, որոնցից մեկի մասին Դուք եք նշում», - ասաց Ալեքսանյանը։

Իշխող խմբակցության պատգամավորներից Վիգեն Խաչատրյանը տեղեկացրեց՝ Սիմոնյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա։ Խորհրդարանի խոսնակի մասնակցությամբ միջադեպը որակելով «ազգային խայտառակություն»՝ երեկ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր իշխող ուժին կոչ արել ԱԺ նախագահին պաշտոնանկ անել։

Այսօր էլ մի շարք հասարակական կազմակերպություններ, դատապարտելով ԱԺ նախագահի պահվածքը, իշխող մեծամասնությունից պահանջեցին Սիմոնյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում, նաև դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։

Հայտարարությունը ստորագրած «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ փոխանակ պաշտպանելու իրենց գործընկերոջը, իշխանականները պետք է արձագանքելու քաջություն ունենան։

«Իրենք հաճախ են սիրում կրկնել, որ իրենք ընտրվել են, ժողովուրդն իրենց վստահություն է տվել, վստահաբար ժողովուրդն իրենց վստահության քվեն չի տվել մարդկանց երեսին թքելու համար», - նշեց նա։

Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ։ Սա նշանակում է, որ ամեն ինչ իշխանության ձեռքում է՝ այն կստեղծվի, եթե քվորում լինի, ու դրան կողմ քվեարկի նիստին մասնակցող պատգամավորների մեծամասնությունը:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը չբացառեց, որ հ/կ-ների պահանջը կդառնա քննարկման առարկա, այնուհանդերձ, իշխող ուժը նրանցից էլ ակնկալիք ունի. - «Մի ուրիշ հասարակական կազմակերպություն էլ, որն, ի դեպ, առաջադրել էր ՄԻՊ թեկնածու, Ազգային ժողովի դարպասների դիմաց երեկ, իրենց բառերով ասած, «նիկոլականների» մարմինները ծառերից գլխիվայր կախելու կոչ էր անում։ Կարծում եմ, որ իրականում մենք գործ ունենք շատ մեծ հիբրիդային տեռորի հետ։ Շատ մեծ հույս ունեմ, որ հասարակական կազմակերպությունները և հանրային քաղաքական գործիչները, ովքեր չեն վճարվում այդ հանրային գործունեության համար տարբեր քաղաքական ուժերի կողմից, իրականում կարձանագրեն փաստացի իրողությունը, որը կա»։

«Թրանսփարենսիի» գործադիր տնօրենը Վահագն Ալեքսանյանի այս հայտարարությունը պատասխանատվությունից խուսափել է որակում. - «Ղեկավարող քաղաքական ուժը բոլոր դեպքերում պետք է ուշադիր լինի ցանկացած քաղաքացիական արձագանքների նկատմամբ, և ես հասկանում եմ, որ Ալեն Սիմոնյանի կատարած արարքը բավական տգեղ է նաև նրանց աչքերով, և չկարողանալ արդարացնել, բացատրել, նրանք փորձում են պարզապես շեղել ուշադրությունը և ուրիշ դեպքեր մեջբերելով՝ փորձել խուսափել այդ պատասխանատվությունից»։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն էլ հնարավոր է բարձրացնեն էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարց, ասաց մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմից» Թագուհի Թովմասյանը։

«Հիմա եթե մենք նախաձեռնենք այդ պրոցեսը, այսպես թե այնպես ձախողելու է, եթե իշխանությունը չուզի։ Դրա համար մենք այդ նպատակահարմարությունը քննարկում ենք», - նշեց նա։

Հասարակական կազմակերպությունները, որ խուլիգանության հանցակազմ են տեսնում, կարծում են՝ իրավապահներն էլ պետք է զբաղվեն տեղի ունեցածով։ Չնայած դեպքից երեք օր է անցել՝ դատախազությունից տեղեկացրին՝ նախաձեռնված վարույթ չկա։

Թեև ոչ իրավապահները, ոչ իշխանությունը չի շտապում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքով զբաղվել, բայց ՔՊ-ում էլ կան մարդիկ, մասնավորապես, պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որ կարծում է՝ կուսակցության ղեկավար մարմինը պետք է միջադեպը քննարկի, ասի, որ պաշտոնյաները պետք է զուսպ լինեն։

Խաչատրյանը համոզված է՝ դաշնակցական տղամարդու ու ԱԺ նախագահի կիրակնօրյա միջադեպը կազմակերպված սադրանք էր՝ Սիմոնյանին հունից հանելու համար, բայց նրա արձագանքն էլ է սխալ համարում. - «Ես չեմ կարծում, որ սա պաշտոնանկության հարց է, պիտի, ինձ թվում է, գնահատական տրվի ընկերական, որ դա չպիտի արվի։ Ես կարող եմ իմ օրինակով ասել. մենք հայրենիքի փրկության մի հատ պաշտոնի մոլուցքով ապրող մարդ ունենք Հայաստանում, վերջինիս տիկինը վերջերս կողքովս անցնելուց ասաց՝ դավաճան։ Զգում եմ էլի։ Ասացի՝ շնորհակալություն տիկին, կարող էիք իձիոտ ասեիք։ Ի՞նչ ասես, հիմա պիտի համբերենք կամ հումորով պիտի վերաբերվենք»։

Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազին։ Պահանջում են խուլիգանության հոդվածով վարույթ նախաձեռնել քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու, իսկ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման հոդվածով՝ քննելու դաշնակցականին առևերևույթ ապօրինի բերման ենթարկելու հանգամանքը։

XS
SM
MD
LG