Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Իր մասնակցությամբ միջադեպից 4 օր անց Ազգային ժողովի նախագահը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից։ Բանն այն է, որ տղամարդը, ում վրա ենթադրաբար թքել է Ալեն Սիմոնյանը (նա դա ուղիղ չի հերքել) փաստաբանի պնդմամբ, Հայաստանի քաղաքացի չէ, Կանադայի և Հունաստանի քաղաքացիություն ունի։

Մինչ Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարքը կոշտ քննադատության է արժանանում, հնչում են պաշտոնանկության կոչեր, ինքը՝ Սիմոնյանը, տեղի ունեցածը կենցաղային թեմա է համարում։

«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա», - նշել է ԱԺ նախագահը:

Սիմոնյանը ներողության այս առիթը օգտագործել է նաև ընդդիմությանը դիմելու համար. - «Ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ: Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ»:

ԱԺ-ի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը փոխանցեց՝ Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ։

Դաշնակցական Կարեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պնդել էր՝ «դավաճան» անվանելու համար Ազգային ժողովի նախագահին թիկնապահները սկզբում իր ձեռքերն են բռնել, ապա Ալեն Սիմոնյանը մոտեցել ու թքել է դեմքին։ Սիմոնյանը հերքել է միայն այն, որ թիկնապահները նրա ձեռքերը բռնել են:

Օրեր շարունակ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ միջադեպին չկա։

Ի՞նչ ընթացք է ստացել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած հաղորդումը

Ի՞նչ ընթացք է ստացել գլխավոր դատախազին ներկայացրած «Իրազեկ քաղաքացիների միավորման» հանցագործության մասին հաղորդումը. դատախազությունից միայն ասացին՝ հաղորդումը ստացել են, ընթացքի մասին ավելի ուշ կտեղեկացնեն։

Ո՛չ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ո՛չ դաշնակցական Կարեն Մկրտչյանը հանցագործության մասին հաղորդում իրավապահներին չեն տվել։ Նրանք էլ ինքնուրույն չեն նախաձեռնել վարույթ, այսինքն՝ քրեական գործ։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ ուսումնասիրել են կողմերի հայտարարություններն ու հասկացել՝ Քրեական օրենսգրքով արգելված արարքներ են եղել։ Կազմակերպությունը պահանջում է երկու հոդվածով գործ հարուցել։

«Քաղաքացուն ակնհայտ առերևույթ ապօրինի բերման են ենթարկել. կամ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման, կամ էլ ազատությունից ապօրինի զրկելու տակ սա ամեն դեպքում ընկնում է: Նոր օրենսգրքով խուլիգանության մաս է կազմում նաև անձին ստորացնելու միջոցով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը: Եվ մեր գնահատմամբ՝ անվտանգության աշխատակիցների միջոցով անձին անշարժացնելն ու նրա դեմքին թքելը ոչ այլ ինչ է, քան բարոյական նորմերի բացահայտ արհամարհական վերաբերմունքի ցուցաբերում, որն արտահայտվել է անձին ստորացնելու միջոցով: Եթե անձի նկարագրածը ճիշտ է, ապա սա խուլիգանության տակ ընկնում է», - նշեց Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքով հանցագործության մասին հաղորդումն արդեն իսկ հիմք է քրեական վարույթ նախաձեռնելու համար, այնուհանդերձ, վստահ չէր, թե գործը կհարուցվի, դրանից հետո էլ կլինի օբյեկտիվ քննություն:

«Օրինակ՝ 2021 թվականին, երբ որ լրագրողների նկատմամբ բռնության եղավ Ազգային ժողովում, մենք տեսանք, որ ըստ էության նախաքննության մարմինն ակնհայտորեն կոծկում էր գործը, ոչ թե օբյեկտիվ քննության էր վարում: Երբ անցյալ տարի ՊՊԾ պետը ոտքով հարվածեց լրատվամիջոցներից մեկի օպերատորին, մենք ևս տեսանք, որ քրեական գործը գնաց կոծկման և ոչ թե օբյեկտիվ քննության: Սա, իհարկե, հիմք է տալիս ենթադրելու, որ շատ հնարավոր է, որ օբյեկտիվ քննություն չլինի այս դեպքով ևս», - ընդգծեց նա:

ԱԺ նախագահի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ Սիմոնյանը չի դիմել իրավապահներին և չի պատրաստվում, բայց թե ինչո՞ւ, դեպքից հետո նա վրդովված էր, վիրավորված, խոսնակը չմեկնաբանեց։

Իսկ Կարեն Մկրտչյանն ինչո՞ւ չի դիմել. նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասում է՝ երկմտում էր, չէր հավատում, որ արդարադատություն կլինի: Ոստիկանությունում, պնդում էր փաստաբանը, շատ լավ գիտեին՝ ինչ է տեղի ունեցել, բայց բացատրություն չեն վերցրել, գործին ընթացք չեն տվել, զուտ անձի նույնականացում են արել։

«Ծածկադմփոց է արվում և այն հանգամանքը, որ ինքը դեռևս հապաղում է հաղորդում տալ հանցագործության վերաբերյալ, հենց խնդիրը դրանում էր, որ նա առաջին հերթին շոկի մեջ է՝ էս ի՞նչ է կատարվում մեր երկրում, որ կարող է Ազգային ժողովի խոսնակը թքել քաղաքացու վրա ընդամենը քաղաքական դիրքորոշում հայտնելու համար: Եվ չի վստահում իրավապահ համակարգին, որովհետև տեսել է՝ իր հետ ոնց են վերաբերվում», - նշեց փաստաբանը:

ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց չի քննարկվում. Սարգիս Խանդանյան

Չնայած Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության պահանջներին, 4 օր անց չկա նաև իշխող ուժի քաղաքական գնահատականը։ Վարչապետը լուռ է, իսկ նրա գլխավորությամբ երկու օր առաջ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում, ըստ իշխանականների, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չի էլ քննարկվել, իսկ նրա վարքը քննելու՝ ՀԿ-ների կոչն իշխանությունն անարձագանք է թողել՝ ո՛չ մերժել են, ո՛չ ականջալուր եղել։

Կոչին կհետևե՞ն, թե՞ ոչ, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ձեռնպահ մնաց մեկնաբանությունից։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով ասաց՝ ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո՛չ խորհրդարանական խմբակցությունում չի քննարկվում ԱԺ նախագահի պաշտոնանկության հարց։

«Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությանը կա», - նշեց Խանդանյանը:

ՄԻՊ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, մինչդեռ, կարծում է՝ առաջինը հենց խորհրդարանը պետք է արձագանքեր տեղի ունեցածին:

«Այդ գնահատականը պետք է ունենա որոշակի պատժիչ բաղադրիչ, որպեսզի չկրկնվի: Ես կարծում եմ՝ լռում են, որպեսզի հասկանան՝ կարո՞ղ են մոռացության տալ, թե՞, այնուամենայնիվ, դեռ պետք է ճնշումների տրվեն և որևէ քայլ անեն: Լռությունը սպասողական վիճակն է», - ասաց Թովմասյանը:

XS
SM
MD
LG