Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները «բարձունքից ամբողջությամբ դիտարկում են Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը. որևէ շարժ հնարավոր չէ իրականացնել»


Ադրբեջանցիները 2022-ի դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը, ռուս խաղաղապահները միջանցի փակ հատվածում, 24-ը դեկտեմբերի, 2022թ․
Ադրբեջանցիները 2022-ի դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը, ռուս խաղաղապահները միջանցի փակ հատվածում, 24-ը դեկտեմբերի, 2022թ․

Շաբաթ օրը ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումից հետո ամբողջությամբ փակվել է Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն, ըստ Արցախի, օգտագործվում էր Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական հրատապ հաղորդակցության համար։

Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այդ ճանապարհով այլևս որևէ շարժ հնարավոր չէ իրականացնել։

«Ամբողջությամբ հիմա էդ ճանապարհը տեսանելի է իրենց էդ զբաղեցրած բարձունքից և այդտեղով որևէ շարժ, անվտանգության առումով, չի կարող իրականացվել։ Կարող են ռմբակոծել, կրակել, նպատակն էլ դա էր, որ էդ գրունտային ճանապարհը, որ կապում էր Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների հետ, էդ ճանապարհն ամբողջությամբ կանգնեցնել», - ասաց Հարությունյանը։

Շաբաթ օրը Ստեփանակերտը հաղորդեց, որ Շուշի-Լիսագոր հատվածում, ադրբեջանական զինուժը խախտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում:

Ռուսական կողմը ևս դա եռակողմ հայտարարության խախտում համարեց և պարզաբանեց՝ Ադրբեջանը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք գտնվող բարձունքն ու սկսել դիրքի ինժեներային կահավորում։ Ըստ Ստեփանակերտի՝ խաղաղապահներն այժմ բանակցում են ադրբեջանական կողմի հետ՝ նրանց ելման դիրքեր վերադարձնելու համար։

«Բանակցություններ են գնում ռուս խաղաղապահների բարձր ղեկավարության միջոցով, ներկա բանակցությունների միջոցով կունենանք որոշակիություն, այնուհետև հետագա գործողությունները կբխեն դրանից», - նշեց Հարությունյանը:

Շաբաթ օրվա առաջխաղացումից հետո, ադրբեջանական զինուժն այսօր առավոտյան կրկին նույն հատվածում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ փորձել է առաջ շարժվել։

Արցախի պաշտպանական բանակը, սակայն, հաղորդում է, որ կանխարգելիչ գործողությամբ, կասեցրել է ադրբեջանցիների առաջխաղացման փորձը։

«Դիրքային ամրապնդում են փորձել իրականացնել, որը կասեցվել է մեր Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից», - ներկայացրեց Արթուր Հարությունյանը:

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները շաբաթ օրը չկանխեցին ադրբեջանական զինուժի առաջխաղացումը

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները շաբաթ օրը չկանխեցին ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, ի վերոջ խաղաղապահ զորակազմը նույնպես ընդունում է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու հատել է շփման գիծը։

Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարն ասում է՝ ռուս խաղաղապահները շփման գծի ողջ երկայնքով տեղակայված չեն։ Ստեփանակերտը բազմիցս է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով ավելացնել խաղաղապահների թիվը։ Նոյեմբերի 9 -ի հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են Ռուսաստանի Դաշնության շուրջ 2000 զինծառայողներ։

«Այսինքն՝ այնտեղ մեր ստորաբաժանումներն են, բայց այնտեղ ռելևֆային պայմաններից ելնելով կան որոշակի տեղեր տեսադիտարկումից դուրս, այսինքն ռուս խաղաղապահների ներկայություն չկա այդ ամբողջ շփման գծի երկայնքում», - ասաց արցախցի պաշտոնյան:

Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներին կրկին հրավիրել է Բաքու

Բաքուն Ստեփանակարետ-Լիսագոր հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած գործողությունների մասին առայժմ չի հաղորդել, մինչդեռ շաբաթ օրվա առաջխաղացման մասին առաջինն էր տեղեկացրել՝ դարձյալ պնդելով, թե այդ տարածքով զինտեխնիկա է տեղափոխվում։ Փոխարենն այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, թե Արցախի ներկայացուցիչներին կրկին հրավիրում են Բաքու։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, որպես շարունակություն մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», - հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Ի պատասխան՝ իշխանական ուժի ներկայացուցիչն ասում է՝ Արցախի օրակարգում այսպես կոչված ինետեգրացիայի հարց չկա։ Պատրաստ են քննարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու հետ կապված հարցերը։ Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա դրանք հնարավոր կլինի քննարկել՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում, և Արցախն էլ պետք է հանդես գա որպես լիիրավ կողմ։

Արթուր Հարությունյանը պատահական չի համարում մի կողմից Արցախը շրջափակման մեջ վերցնելու և մյուս կողմից Արցախի ներկայացուցիչներին Բաքու կանչելու Ադրբեջանի քայլերը. - «Հենց ճնշումների միջոցով փորձում են առաջ բերել այդ օրակարգը, իրենց ասած, «ինտեգրացիայի» օրակարգը»:

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը առաջին անգամը չէ, որ խախտել է շփման գիծը։ Շաբաթ օրը Ստեփանակերտ- Լիսագոր գրունտային ճանապարհը վերահսկողության տակ վերցնելուց բացի, անցած մարտին ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ, ներխուժեց Փառուխ գյուղ՝ գրավելով կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Չնայած Ռուսաստանի հորդորներին՝ ադրբեջանական կողմն այդպես էլ չհեռացավ այդ տեղանքից։ Ավելի վաղ էլ ադրբեջանական զինուժը ներխուժել էր Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG