Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ. Ադրբեջանական կողմը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժի ստորաբաժանումը, ի խախտումն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, «զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում», հայտարարում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանցի խաղաղապահների հրամանատարությունը ձեռնարկում է ճգնաժամային իրավիճակի էսկալացիայի և հակամարտ կողմերի՝ փոխադարձ սադրանքների կանխմանն ուղղված միջոցներ», - ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ռազմական գերատեսչության ամենօրյա տեղեկագրում:

«Ադրբեջանական կողմին է հասցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնությունների դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման և ազգային զինված ուժերի՝ նախնական դիրքեր հետքաշման պահանջը», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց, թե ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար:

Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»:

Արցախի իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

ՌԴ ՊՆ տեղեկագրում ասված է նաև, որ անցած մեկ օրում խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում:

Պաշտոնական Բաքուն այսօր մեկ այլ հաղորդագրությամբ պնդել էր, թե Արցախում «գյուղաշխատանքների քողի տակ փորձել են խրամատներ փորել», և ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած «անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»:

XS
SM
MD
LG