Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» կրկին հրավիրում է հանդիպման Բաքվում


Մարտի 1-ի բանակցություններին մասնակցած՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյան և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդով, արխիվ
Մարտի 1-ի բանակցություններին մասնակցած՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյան և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդով, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները կրկին առաջարկել են «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ Բաքվում հանդիպում անցկացնել՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, որպես շարունակություն մարտի 1-ին Խոջալու {Իվանյան} քաղաքում կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլին առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», - ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում է տեղի ունեցել, առաջինը՝ փետրվարին, երկրորդը՝ մարտի սկզբին։ Մարտի 13-ին Ադրբեջանի իշխանություններն արդեն Արցախի ներկայացուցիչներին հրավիրեցին Բաքու, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ՝ «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու»։ Պաշտոնական Ստեփանակերտը մերժեց այս առաջարկն ու նաև բացառեց արցախցիների «վերաինտեգրացիան» Ադրբեջանի կազմում։
Անցած շաբաթ Արցախի իշխանությունները հայտարարեցին՝ պատրաստ են հումանիտար հարցերի քննարկման համար հերթական անգամ հանդիպել ադրբեջանական կողմի հետ, միաժամանակ վերահաստատեցին՝ լիարժեք բանակցությունները հնարավոր են միջազգային ձևաչափում:

XS
SM
MD
LG