Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Արցախի տեղեկատվական շտաբ


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Խաղաղապահները միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք, ասված է հաղորդագրությունում:

«Դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով», - փոխանցում է Տեղեկատվական շտաբը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն շաբաթ օրը հայտարարեց, թե ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար:
Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս ընդգծում է, որ ադրբեջանական կողմը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և Բաքվից պահանջում է հետ քաշել զինված ուժերը ելման դիրքեր:

XS
SM
MD
LG